Պատմություն դարձավ Հայաստանի խորհրդարանի ևս մի ընտրություն: Այս ընտրությունը, սակայն, նախորդներից բավականին տարբերվում էր՝ Հայաստանը սկսում է խորհրդարանական կառավարումը: Նոր խորհրդարանը լինելու է նոր կառավարման մոդելի առաջին խորհրդարանը: Սակայն այս ընտրություններում նորություն չէին ավանդական դարձած կեղծիքները:
Ինչպես նախորդ ընտրությունների ընթացքում, այս անգամ նույնպես մարդկանց ցուցակներով տեղամասեր էին բերում, ընտրողներին վերահսկում էին, որպեսզի նրանք քվեարկեն ցուցակ կազմողի, փող բաժանողի օգտին:
ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նախօրոք զգուշացրել էին իրենց ընտրողներին, որպեսզի ապրիլի 2-ին մինչև 13:00-ն մեկ մարդու պես գնան քվեարկության: Սա թերեւս երկու պատճառ ուներ. նախ որպեսզի վստահ լինեին, որ իրենց կողմից ցուցակագրված անձիք կատարել են ընտրական պարտքը: Նրանք նաև զգուշացրել էին մարդկանց, որ զանգահարելու են և ճշտեն` գնացե՞լ են քվեարկության, թե՞ ոչ: Բացի այդ, շտաբները պետք է ժամանակ ունենային` մինչեւ օրվա վերջ «բերման ենթարկել» մյուս քաղաքացիներին, որպեսզի ցանկալի թիվն ապահովեն:
Եվ, թերևս, ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքները, ցույց են տալիս, որ վերջիններս կարողացել են իրենց առջև դրված հանձնարարությունն կատարել. «բերման ենթարկվածներն» էլ իրենց գնված ձայնը տվել են: Զղջումը, թերևս, չի ուշանալու, բայց…
Նկատենք, որ ArmLur.am-ի տեսախցիկը երեկ կայացած ընտրություններում, բազմաթիվ խախտումներ էր ֆիքսել:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից քվեարկության ողջ օրվա ընթացքում ուսումնասիրված զանգվածային լրատվամիջոցների շուրջ 2000 հրապարակումների ճնշող մեծամասնությունը վերաբերվել են քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել:
Ի վերջո, այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեին, որ մենք սիրում ենք «ծախվել», «գործարքի մեջ մտնել» փողի հետ, ու պարտվել այդ փողին: