«Հայկական սփյուռքի արվեստը» խորագրով միջազգային գիտաժողով Վարշավայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ից 31-ը Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանում տեղի ունեցավ «Հայկական սփյուռքի արվեստը» խորագրով միջազգային գիտաժողով, որն անցկացվում էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի միջոցառումների շրջանակներում:

Գիտաժողովը կազմակերպվել էր Համաշխարհային արվեստների ուսումնասիրության Լեհական ինստիտուտը, Գդանսկի Ազգային թանգարանը և Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանը` Սահակյան հիմնադրամի ու Միջմշակութային և միջկրոնական երկխոսության միջազգային կենտրոնի հովանավորությամբ:

Գիտաժողովի բացման պաշտոնական արարողությանը ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի Պատմության և արվեստի ինստիտուտի տնօրեն, դոցենտ Կատարժինա Խրուդժիմսկա-Ուհերան, Լեհաստանի Համաշխարհային արվեստի ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ, Տորունի Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան համալսարանի պրոֆեսոր Յեժի Մալինովսկին և գիտաժողովի կազմակերպական հանձնախմբի ղեկավար, Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի պրոֆեսոր Վալդեմար Դելուգան:

Գիտաժողովին տարբեր երկրներում հայ ժողովրդի կողմից ստեղծված արժեքավոր մշակութային ժառանգությանը վերաբերող գիտական զեկույցներով և իրենց ուսումնասիրությունների արդյունքներով հանդես եկան հայ և օտարազգի գիտնականներ Լեհաստանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Գերմանիայի, Հունգարիայի մի շարք համալսարաններից և գիտական կենտրոններից:




Լրահոս