Անթույլատրելի է ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունները առաջինն էին կառավարման նոր մոդելի անցումից հետո, ինչպես նաև ընտրակարգի մի շարք նորմածությունների տեսակետից: Արդեն իսկ հայտնի են նախնական արդյունքները, և ցանկանում եմ մի քանի դիտարկումներ ներկայացնել:

Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերին և տարածքային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին` առավելագույնս քաղաքակիրթ ընտրապայքարի համար: Թե նախընտրական շրջանում, թե բուն ընտրությունների ընթացքում տեղ գտան որոշակի թերացումներ կամ բացթողումներ, սակայն ընդհանուր առմամբ, չհաշված մասնակի բացառությունները, կարծում եմ, հաջողվեց  դուրս չգալ առողջ մրցակցության սահմաններից:

Համենայն դեպս,  մեծամասամբ հնարավոր եղավ խուսափել սուր առճակատումներից, անձնական վարկաբեկումներից ու ծայրահեղ այլ դրսևորումներից: Շնորհակալ եմ նաև ոչ միայն ինձ ձայն տված շուրջ 45.000 ընտրողներին, այլև հատկապես Լոռու մարզի մեր բոլոր հայրենակիցներին, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին կամ անհատին տվեցին իրենց քվեն:

Նախընտրական շրջանում իմ հանդիպումների ժամանակ մեծ ջերմություն եմ զգացել հանդիպումներին մասնակցած իմ հայրենակցներից, ինչի համար ևս շնորհակալ եմ: Թե այդ ջերմությունը, թե ակնհայտ վստահությունը էլ ավելի են պարտավորեցնում:

Մյուս կողմից, իմ ցանկությունն է, որ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չանձնավորվեն: Ինչպես ընտրություններից առաջ եմ նշել, այսօր էլ կրկնում եմ. ընտրություններից հետո կյանքը վերստին առօրյա հունով շարունակվելու է, և անթույլատրելի է նախընտրական ժամանակահատվածի գործընթացներն ու, առավել ևս, ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ:

Ինչ վերաբերում է ինձ, ապա մեկ անգամ ևս ուզում եմ հավաստել, որ շարունակելու եմ աշխատել իմ հնարավորությունների սահմաններում»:




Լրահոս