Արդեն հայտնել էինք, որ խորհրդարան են անցել հետևյալ ուժերը` ՀՀԿ, Ծառուկյան և ԵԼՔ դաշինքներ և ՀՅԴ-ն: ԱԺ-կանոնակարգ օրենքով ներկայացնենք, թե երբ կգումարվի նոր ԱԺ-ի առաջին նիստը:
Հոդված-32. Առաջին նստաշրջանի հրավիրումը
Հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Հոդված 33. Առաջին նստաշրջանի անցկացումը
1. Առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը:
2. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
3. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:
4. Նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:
5. Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները եւ ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:
6. Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝
1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.
2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.
3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.
4) մշտական հանձնաժողովների ստեղծում.
5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.
6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
7. Առաջին նստաշրջանի նիստերն անցկացվում են հերթական նիստերի համար՝ Կանոնակարգի 37-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:
8. Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը եւ ժամը:
9. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:
10. Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:
Այսպիսով, այս Ազգային ժողովն իր լիազորությունները կավարտի Մայիսի 25-ին և հենց այդ օրն էլ կգումարվի վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: