Կանխատեսելի ընտրություններ. ընտրակաշառքն ընդդեմ քարոզչության. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտություններ: Եւ կարելի է ասել, որ ՀՀ ԱԺ-ն «ձեւավորվեց» համատարած ընտրակաշառքի եւ ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործման շնորհիվ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների վրա ամենաէական ազդեցությունը հենց այս գործոններն ունեցան, դրան գումարած ռեյտինգային թեկնածուների անձնական հեղինակությունը: Արդյունքում ստացվեց այնպես, որ իշխող ՀՀԿ-ն կայուն մեծամասնություն կազմեց՝ ստանալով 771 հազար 247 ձայն, նրանց բաժին հասավ ԱԺ 105 մանդատներից 55-ը:

Հիմա ՀՀԿ-ն կարող է միայնակ ձեւավորել կառավարություն, թեեւ որոշված է ՀՅԴ-ի հետ շարունակել կոալիցիոն համաձայնությունը: Իսկ, ընդհանրապես, այս խորհրդարանում տեղ ունի չորս քաղաքական ուժ` երկուսն իշխանական, երկուսը` ընդդիմադիր ճամբարից. ՀՀԿ-ից բացի՝ օրենքով սահմանված անցողիկ շեմը հաղթահարել են «Ծառուկյան» դաշինքը` 27.3 տոկոս, «Ելք» դաշինքը` 7.7 տոկոս եւ ՀՅԴ-ն` 6.5 տոկոս: Այս ընտրություններում աննախադեպ շատ էր նաեւ մասնակիցների թիվը. քվեարկել է ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների 60 տոկոսը` 1 մլն 577 հազար 323 հոգի: Սա տարօրինակ ցուցանիշ է, քանի որ 2012թ. ԱԺ ընտրություններում քվեարկել էր 1 մլն 573 հազար 53 հոգի: Պաշտոնական վիճակագրությամբ՝ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 150.000-200.000 քաղաքացի:

Արձանագրենք նաեւ, որ նոր Սահմանադրությամբ՝ Հայաստանում այլեւս խորհրդարանական կառավարման համակարգ է, առաջնային պետական մարմինն այլեւս ԱԺ-ն է: Ու, փաստորեն, այն մեծամասամբ ձեւավորվեց 10 հազար դրամ ընտրակաշառքով: Թեեւ մյուս կողմից էլ ընտրություններում պարտված մյուս 5 ուժերը պետք է իրենց հարց տան` արդյո՞ք ազնվորեն արեցին ամեն ինչ` հասարակության վստահությունը շահելու համար:

Ի դեպ, ԱԺ առաջին նիստը կկայանա ապրիլի 27-ին, ինչը նախատեսված է հին ԸՕ-ով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս