
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ:
Ուղերձում ասված է
«Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Ընտրություններն անցել են ազատ եւ ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները:
Համոզված եմ՝ այդ ընտրությունները եւ ձեւավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետեւողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ հայոց անկախ պետականության ամրապնդմանը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, հաջողություններ եւ ամենայն բարիք»: