Ընտրություններն ուղեկցվել են համատարած ընտրակաշառքով. ինչով առանձնացավ ապրիլի 2-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անգամ ԱԺ ընտրություններն առանձնացան իրենց բնույթով. եթե նախկինում ընտրությունները կեղծելիս կիրառվում էին ամենատարբեր մեթոդները, ապա այս անգամ էական դեր խաղացին ընտրակաշառքն ու ադմինիստրատիվ ռեսուրսը: Իշխանությունները նախապես որոշել էին ընտրակաշառքի առավելագույն չափը` յուրաքանչյուր քվեի դիմաց 10 հազար դրամ, եւ գումար բաժանել ցանկացող ուժերին հրահանգված էր` այն չգերազանցել:

Գումարները բաժանել էին ընտրությունների նախորդ օրը, կամ այդ օրը՝ առավոտյան, եւ հրահգված էր` մինչեւ կեսօր ներկայանալ ընտրատեղամաս: Ու ապրիլի 2-ը Հայաստանի ողջ տարածքով մեկ շատ շատերի համար դարձել էր 10 հազարական դրամ աշխատելու օր: Իսկ որպեսզի բաժանված գումարը ծառայեր իր նպատակին, ընտակաշառք ստացած անձանց նկատմամբ տոտալ վերահսկողություն էր սահմանվել. յուրաքանչյուր տեղամասի պատասխանատուն ամենայն մանրամասնությամբ հոգում էր, որպեսզի իր ընտրողները գան տեղամաս ու քվեարկեն, իսկ «կասկածելիներն» ու «անվստահելիները» ցույց տային թերթիկները: Գրեթե բոլոր տեղամասերում շատ էին կուտակումները, համատարած էին բաց քվեարկության դեպքերը: Անգամ ընտրությունների ընթացքը տեսանկարահանելը չխանգարեց իշխանություններին` նման բացահայտ ապօրինությունների դիմելու: Արդյունքում ստացվեց այնպես, որ իշխող ՀՀԿ-ն կայուն մեծամասնություն կազմեց` ստանալով ԱԺ 105 մանդատներից 55-ը:

Նշենք, որ սա միանգամայն բավարար է ՀՀԿ-ին իշխանություն ստանձնելու եւ միայնակ կառավարություն կազմելու համար: Հակառակ դեպքում ԸՕ 97 հոդվածի համաձայն՝ ՀՀԿ-ն ստիպված էր լինելու առավելագույնը երկու կուսակցության հետ կոալիցիա կազմել:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն, չնայած կայուն մեծամասնություն ունենալու հանգամանքին, շարունակելու է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Սա Հանրապետականին հնարավորություն է տալիս ձեւավորել կառավարություն: …Ապագա հինգ տարիների կառավարությունը ձեւավորելու է քաղաքական մեծամասնություն հանդիսացող Հանրապետականը… Ես հակված եմ կարծելու, որ այդ գործընթացին կներառվեն նաեւ Դաշնակցության մեր գործընկերները: Քանի որ նրանք հաղթահարել են հինգտոկոսանոց շեմը, նրանք կունենան խմբակցություն պառլամենտում, իսկ մենք նշել ենք, որ մեր համագործակցությունը ռազմավարական ու երկարաժամկետ է՝ հիմնված ծրագրերի վրա: Մենք կայուն եւ կանխատեսելի քաղաքական ուժ ենք, եւ չեմ կարծում, որ մեր երկու ուժերի համագործակցությանը որեւէ բան սպառնում է»: Ինչ վերաբերում է խորհրդարանական մյուս երկու ուժերին` «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքներին, ապա նրանք լինելու են ընդդիմություն. ի սկզբանե մերժել են ՀՀԿ-ի հետ համագործակցության ցանկացած տարբերակ:

Նկատենք, որ խորհրդարանական այս ընտրություններն առանձնացան նաեւ մասնակցության բարձր ցուցանիշով: Ըստ ԿԸՀ-ի` ընտրություններին մասնակցել էր քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 60 տոկոսը` 1 մլն 577 հազար 323 հոգի: Այս փաստը լուրջ տարակուսանք է հարուցել. 2012թ. ԱԺ ընտրություններում քվեարկել էր 1 մլն 573 հազար 53 հոգի, 2013թ. նախագահական ընտրություններում` 1 մլն 521 հազար 489 հոգի: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ վերջին տարիներին Հայաստանից շարունակվել է արտագաղթը (տարեկան հեռացել է մոտ 40 հազար մարդ), ապա ընտրողների մասնակցության նման ցուցանիշը տարակուսանք է հարուցում:

Նկատենք, որ ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսների օգտագործման եւ, ընդհանրապես, այս ընտրություններում տեղ գտած խախտումներին լայնորեն արձագանքել են միջազգային դիտորդները: Թեեւ նրանք երեկվա ասուլիսների ժամանակ խոսել են ընտրություններում դրական առաջընթացի մասին, բայց եւ շեշտել են ընտրակաշառքի եւ դրա ազդեցության մասին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներից Ինգնասիո Սանչես Ամորը հատուկ շեշտել է ընտրակաշառքի, ճնշումների մասին: «Հավաստիությանն արժանի տեղեկատվություն է ստացվել, որ բաժանվել է ընտրակաշառք, ճնշումներ են իրականացվել քաղծառայողների, ինչպես նաեւ դպրոցներում աշխատողների վրա: Շատ կուսակցությունների օգտին չքվեարկելու ահաբեկումներ են եղել»,- ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդը:

Իսկ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին էլ հայտարարել է. «Ընտրություններում կային ե՛ւ դրական, ե՛ւ բացասական տարրեր: Առկա էր քվեարկության գաղտնիության եւ ընտրակաշառքի խնդիրը: Մենք տեսնում ենք, որ այս ընտրությունները բարելավվել են քվեարկության գաղտնիության առումով: Քվեներ անելու խնդիրն, իհարկե, շատ բարձր տեղ է զբաղեցնում մեր օրակարգում»:
Մեկ ուշագրավ փաստ եւս. նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ այս անգամ ձայների հետաքրքիր պատկեր է ստացվել. ՀՀԿ-ն եթե 2012թ. ԱԺ ընտրություններում ստացել էր 664 հազար ձայն, ապա այս անգամ նրանց ստացած քվեներն էականորեն ավելացել էին` 771 հազար: ԲՀԿ-ի, որ նույնն է` «Ծառուկյան» դաշինքի քվեներն այս անգամ նվազել էին` 454 հազարից դառնալով 428 հազար: Ավելացել էին նաեւ ՀՅԴ քվեները` 86 հազարից դառնալով 103 հազար: Այսինքն` որքան մեր կյանքի որակը վատանում է, այնքան իշխող ուժերի ձայները տարօրինակ կերպով ավելանում են:

Հ. Գ. Խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերը երեկ, ըստ էության, ընդունել են արձանագրված արդյունքները: Ինչ վերաբերում է ընտրությունների բողոքարկմանը, ապա մյուս ուժերը այս հարցով դեռեւս վերջնական որոշման չեն հանգել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս