ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերությունից կատարված յուրացումների մեխանիզմը, դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք:
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 30-ամյա երիտասարդը, աշխատանքային պայմանագրի համաձայն, հանդիսացել է ՍՊ ընկերության առևտրի ներկայացուցիչ և ունեցել ընկերության հաճախորդներից պատվերներ ընդունելու և մատակարարված ապրանքների գումարը հավաքագրելու լիազորություն: Օգտվելով սույն հանգամանքից՝ 2013թ մայիսից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում 42 հաճախորդներից հավաքագրել է ավելի քան 17 մլն ՀՀ դրամ՝ վաճառված ապրանքների գումարը, և այն ընկերության հաշվեհամարին փոխանցելու փոխարեն յուրացրել է՝ օգտագործելով իր համար՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: