ԵԼՔ դաշինքը 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետեւյալը.
1. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:
2. Թե՛ նախընտրական քարոզչության ընթացքում, թե՛ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական եւ ֆինանսական ապօրինի ճնշումների, որոնց վերաբերյալ կան բազաթիվ ահազանգեր:
3. ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն եւ ընտրակաշառք բաժանողների համար ստեղծված են եղել անպատժելիության նպաստավոր պայմաններ:
4. Ընտրակաշառքների բաժանման եւ վերցման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ եւ այդ երեւույթի նկատմամբ ձեւավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:
5. ԵԼՔ դաշինքը խորհրդարանական գործունեության ընթացքում եւ ընդհանրապես՝ միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինի երեւույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետեւողական եւ սկզբունքային պայքար է մղելու այդ երեւույթների դեմ:
6. ԵԼՔ դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց եւ դիտորդներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով եւ գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը եւ ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական եւ բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:
7. ԵԼՔ դաշինքը իրեն համարում է իր օգտին քվեարկած ավելի քան 122 հազար 49 քաղաքացիների պատվիրակը եւ խոսելու է նրանց անունից: ԵԼՔ դաշինքը գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Արցախի Հանրապետության ազատության, անվտանգության ու բարեկեցության:
ԵԼՔ դաշինք
04.04.2017