Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հարուցվել է 6 քրեական գործ, որոնցից 3-ը` Երեւանում, 3-ը` մարզերում:
Եվ այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08:15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս, սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները եւ կատարել իր քվեարկությունը: Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից: Արդյունքում Ա. Կաղզվանցյանը ձերբակալվել է:
Իսկ ահա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/67 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս անգամ 34/67 ընտրատեղամասի ընտրող Ա. Կարախանյանը մասնակցել է ԱԺ ընտրություններին: Սակայն որոշ ժամանակ անց` ժամը 19:53-ին, կրկին գնացել է ընտրատեղամաս` երկրորդ անգամ քվեարկելու համար, ինչը բացահայտվել է մատնահետք ստուգող սարքի միջոցով:
Նկատենք, որ եթե մյուս դեպքերում քաղաքացիներն են մեկից ավելի փորձ ցանկացել կատարել, ապա Վայոց ձորի 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մ. Մկրտչյանի կողմից կրկնաքվեարկության փորձը տարակուսելի է:
Ինչեւէ. տեղեկացանք, որ վերոնշյալ բոլոր գործերով ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչություններում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի (հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով) եւ 153-րդ հոդվածի (կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա), հատկանիշներով:
Քնար Մանուկյան