Հիշենք և հարգենք. ինչ ունենք քառօրյա պատերազմից մեկ տարի անց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը դադարեց ապրիլյան քառօրյա պատերազմը, եւ հայկական ու ադրբեջանական կողմերը Մոսկվայում կրկին զինադադարի մասին փաստաթուղթ ստորագրեցին: Քառօրյա պատերազմը չավարտվեց կողմերից որեւէ մեկի հաղթանակով կամ պարտությամբ. երկու կողմն էլ տվեց զոհեր, վիրավորներ: Երկուսն էլ այս պատերազմից դուրս եկան տուժված, բայց եւ յուրաքանչյուրն իր կարծիքով հաղթանակած: Հատկապես հայկական կողմը, որն ապացուցեց՝ կարող է դիմագրավել հակառակորդի հարձակումներին անգամ, երբ կիրառվում է ամենավերջին զինտեխնիկան: Թեեւ կորցրինք, Սերժ Սարգսյանի ձեւակերպմամբ, 800 հա «ամայի տարածք»:

Ապրիլյան այս պատերազմը մեկ տարի առաջ ամբողջությամբ ի ցույց դրեց մեր զինված ուժերի բոլոր բացերը: Եւ այսօր՝ մեկ տարի անց, կարելի է արձանագրել, որ շտկվել է միայն առաջնագծում տիրող իրավիճակը: Առաջնագիծը զինված է նորագույն տեխնիկաներով, գիշերային դիտարկման համար անհրաժեշտ սարքերով, եւ հակառակորդի ցանկացած տեղաշարժ կարելի է նկատել ու կանխել: Բայց, ցավոք, այս մեկ տարվա ընթացքում իշխանություններն այլ դասեր չքաղեցին. չդարձան ավելի ժողովրդավար, ընտրությունները թեեւ տեղամասերում չեն կեղծվում, բայց կեղծվում են այլկերպ. ընտրակաշառքով են ձայներ գնում՝ միաժամանակ գործադրելով ճնշումներ, վարչական ռեսուրս եւ մարդկանց քվեարկության վերահսկում, իսկ տնտեսության մասին ավելորդ է խոսել. նախորդ տարին փակեցինք ընդամենը կես տոկոս աճով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս