ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ապրիլի 5-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը` բանկի էներգետիկ դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախի գլխավորությամբ։ Քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերը և բանկի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։
Անդրադառնալով KfW գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրին՝ Աշոտ Մանուկյանը նշել է, որ հայտարարված միջազգային մրցույթի արդյունքների հիման վրա այս պահին ընթանում է կապալառուների ընտրության գործընթացը։ Նախարարը հույս է հայտնել, որ նախատեսված ժամկետում հնարավոր կլինի կապալառուների ընտրության վերաբերյալ գալ վերջնական եզրակացության, ինչը թույլ կտա տարեվերջին մեկնարկել գծի կառուցման աշխատանքները։
Կողմերն անդրադարձել են նաև հողմային և արևային էներգետիկայի ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացմանը։