Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեցին գերատեսչությունների, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սիրիահայերի բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին զեկուցոումով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը:

Զեկուցողը նշեց, որ ընդհանուր առմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 1686 սիրիահայի: Բուժօգնության, ինչպես նաև՝ սիրիահայ բժիշկների աշխատանքի տեղավորման հարցերը լուծվել են ժամանակին և բացթողումներ չեն արձանագրվել:

Սիրիահայ գործարարների վերապատաստման և նրանց բիզնեսի կայացմանն ուղղված ծրագրերի մասին զեկուցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Զեկուցողը նշեց նախարարության կողմից սիրիահայ գործարարներին աջակցելու հինգ ուղղությունների մասին, այդ թվում՝ բիզնես ծրագրերի ֆինանսավորման, տեքստիլ և կաշեգործական արտադրության կենտրոն ստեղծելու, վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդի կազմում սիրիահայերի տնտեսական շահերը ներկայացնող մասնակից ընդգրկելու անհրաժեշտության վերաբերյալ:

Սիրիահայերի տնտեսական ինտեգրման թեման շարունակեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) ծրագրի ղեկավար Հանս Յոհաքիմ Զիննկաննը: Նա զեկուցեց սիրիահայերի տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացված և նախատեսված ծրագրերի, ինչպես նաև տնտեսական ինտեգրման աշխատանքային խմբի գործունեության մասին: Համապարփակ բազմակողմանի զեկուցման մեջ GIZ ծրագրի ղեկավարը նշեց, որ ստեղծվել է տվյալների շտեմարան, աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված է սիրիահայերի տնտեսական ինտեգրման հարցերով զբաղվող 22 կազմակերպության ներկայացուցիչ:

Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը ներկայացրեց Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի ծրագրի համակարգող Մանե Խաչատրյանը: Զեկուցողն անդրադարձավ սիրիահայերին ցուցաբերված կրթական, տնտեսական, հումանիտար օգնությանը, որն ընդհանուր առմամբ կազմել է 67 հազար դոլար:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններին և կառույցներին կատարած աշխատանքի համար: Նա կարևորեց սիրահայերի տնտեսական ինտեգրումը, խնդրեց բոլոր կազմակերպություններին իրենց ծրագրերում որոշակի բաղադրիչ հատկացնել սիրիահայերի բիզնեսի աջակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրիահայերի խնդիրները արագ և համակարգված լուծում ստանան, և ևրանք հաստատվեն Հայաստանում»:




Լրահոս