Ադրբեջանը սպառնում է սանձազերծել հերթական պատերազմ: ԱՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է. « միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներով ու ռազմական հանցագործություններով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան լուրջ մարտահրավեր դարձավ տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը և մեծ վնաս հասցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում ընթացող ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։
Ռազմական գործողությունների ավարտից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր էին գործադրում բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման համար պայմանների ստեղծման ուղղությամբ»:
ArmLur.am-ն այս մասով մեկնաբանության համար դիմեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Վերջինիս խոսքով՝ ինչքան ուժեղ լինի հայկական բանակը, այնքան պատերազմի հավանականությունը քիչ կլինի:
«Եթե թշնամին հասկանա, որ մենք կործանարար հարվածներ ենք նրան հասցնելու, հաշվի առնելով նրա բնավարությունը, նա չի դիմի այլ քայլերի: Նրանք 2016թ. ապրիլի 2-ին սխալ հաշվարկ էին կատարել և ստացել են այնպիսի հարված, որ մինչև այժմ չեն համարձակվում հրապարակել իրենց կորուստների ճիշտ պատկերը: Նրանք կրել են և նյութական, և բարոյական մեծ կորուստներ»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ պետք է լինենք զգոն, ամենակարևորը բանակը պետք է հագեցված լինի արդի զինտեխնիկայով, համախմբված և միասնական:
«Եթե մեր հասարակությունը ծնել է այնպիսի տականքներ, ինչպիսին է Վահան Մարտիրոսյանը և մի քանի ուրիշ շիզոֆրենիկներ, ճիշտ է նրանք քաղաքական և բարոյական տեսանկյունից լեշեր են, բայց կապ չունի , դա արդեն նշանակում է, որ նրանք աշխատում են այդ ուղղությամբ»,-ընդգծեց նա, հավելելով, որ մեր ժողովրդի մնայուն համակարգը շատ հզոր է:
Լիդա Եղիազարյան