Ովքեր մանդատներ են ստացել, ստացել են Սերժ Սարգսյանի որոշմամբ. Սոս Գիմիշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների արդյուքների և այլնի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ:

-Պարո′ն Գիմիշյան, Դուք ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

-Միջոցառում էր. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դա ընտրություն չէր: Ընտրություն հասկացողությունը վերացել է աշխարհով մեկ. փողի մրցակցություն` բիրտ ուժի, խորամանկությունների, տեխնոլոգիաների կիրառմամբ, և դրանք բոլորը վերաբերում են այդ միջոցառման անցկացմանը, ոչ թե քաղաքական, գաղափարական պայքարին:

Կար մի թեթև աշխարհաքաղաքական երանգ, բայց գաղափարական պայքար չկար: Ինձ համար ցավալին այն էր, որ որևիցե ազգային քաղաքական ուժ չկար: Հիմնականում արևմտամետ ուժեր էին, մի քանի ուժ անհասկանալի էին` ո′չ այս կողմ, ո′չ այն կողմ, և մի մարդ կար, որ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության մեջ է` վարչապետը: Ազգային ուժ այս պայքարում չկար:

Խորհրդարան չանցած ուժերի կողմից ի՞նչ քայլեր կարող ենք սպասել:

-Երբ խոսում են, թե ընտրություններից հետո հնարավոր է ինչ-որ բախումներ լինեն, ես միշտ վստահ ասում եմ, որ չեն լինի, որովհետև չկար այն մի ուժը, որին ժողովուրդը վստահեր, գնար, ճնշող մեծամասնությունը ձայն տար հետո իշխանությունը, ինչպես միշտ, կեղծեր այդ ձայները, և դրա պատճառով ժողովուրդը դուրս գար փողոց: Դրա համար հանգիստ է լինելու, հետընտրական ցնցումները միշտ չէ, որ դրական արդյունք են ունենալու:

Չեմ կարծում, որ ընտրություն ասած համակարգը, որը ներդրվել է Հայաստանում կարող է երբևիցե հաղթանակ բերել ընտրության միջոցով: Ժողովրդի ձայնը մանիպուլիացնելու տեխնոլոգիաներն ընտրության միջոցով շատ են կատարելագործվել: Որպես օրինակ` մի քանի թիվ բերեմ. առաջինը 2, 5 մլն ընտրող. Հայաստանում այդքան ընտրող չկա, այդքան ընտրող ունենալու համար 3,5 մլն բնակչություն պետք է ունենալ: 1, 5 մլն ավելի մասնակից, նույնպես համոզված եմ, որ այսօր ներկա ընտրողների թիվը չի կարող 1,3 կամ 1,4 մլն-ից գերազանցել: Հիմա ինձ կհարցնեն` բա ո՞ւր են ապացույցները: Գիտեք` այդ տեխնոլոգիաները կիրառողներն այնպես են անում, որ դու ապացույցներ չկարողանաս ունենալ: Այս ձայների մեջ իսկական ընտրողների տեսակարար կշիռը 10-20 տոկոս է:


-Այնուամենայնիվ, ձևավորել է նոր խորհրդարան, այն որակապես տարբերվելու է մյուս Ազգային ժողովից: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ խորհրդարան ձևավորվեց:

-Որակապես ոչ մի բանով չի տարբերվելու այս ԱԺ-ն նախորդից: Ակնհայտ է, որ բոլոր նրանք, ովքեր մանդատներ են ստացել, ստացել են Սերժ Սարգսյանի որոշմամբ, ինչպես նախորդ Ազգային ժողովում չի եղել իրական ընդդիմություն, չկա և այսօր:

Արփինե Թովմասյան




Լրահոս