Ապրիլի 9-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժաղովը հայտարարելու է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական տվյալները՝ բաշխելով յուրաքանչյուր ուժին հասանելիք մանդատները: Եթե բողոքարկումներ չլինեն, ապա նոր խորհրդարանը ձևավորված կհամարվի հենց այդ օրը:
Սակայն վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի գումարման օրվա հարցում վերջնական որոշում դեռ չի հաջողվում կայացնել: Բանն այն է, որ կառավարության ձևավորման հարցում այժմ դեռ գործում են 2005 թվականին ընդունված Սահմանադրության դրույթները, որոնց համաձայն` առաջին նստաշրջանը պետք է մեկնարկի ապրիլի 27-ին, և հենց այդ օրն էլ կառավարությունը պետք է վայր դնի իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում էլ կձևավորվի կառավարությունը:
Իսկ ըստ նոր ԱԺ կանոնակարգ-օրենքի` նիստը պետք է գումարվի 5-րդ գումարման խորհրդարանի գործունեության ժամկետի ավարտի օրը, այսինքն՝ մայիսի 31-ին:
«Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին», – նշված է օրենքում:
Եթե կառավարության անդամների ճակատագիրը դեռ հարցական է, ապա վարչապետի մասով ամեն ինչ, թերևս, ավելի քան պարզ է: ՀՀԿ-ն բազմիցս է հայտարարել, որ եթե խորհրդարանական ընտրություններում իրենք հաղթեն, ապա Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: Այս տեակետը դեռևս պահպանվում է: Նշենք սակայն, որ այս կառավարությունն այնքան էլ հին չէ. այն նոր էր սկսել հունի մեջ ընկնել և կրկին փոփոխվելու ժամանակն է: