Մանդատը մոռացնել է տալիս ամեն ինչ. Վահան Կարապետյանի ծեծի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանի ծեծի գործը եւս ունեցավ իր տրամաբանական վերջաբանը: Ասել է, թե պատգամավորին ծեծեցին, իսկ վերջում էլ համարեցին, որ կատարվածում հանցակազմ չկա:

Մարտի 17-ին՝ ուշ գիշերին, Աջափնյակում ծեծի էր ենթարկվել թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը): Ըստ հրապարակումների` պատգամավորին ծեծի ենթարկողը եղել էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու, պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխավորած խումբը՝ Ֆազի եւ Գարիկի գլխավորությամբ: Միջադեպը սկսել էր նրանից, որ Ա. Սահակյանի համար նախկինում աշխատած անձանցից մեկն այս ընտրություններին որոշել էր աջակցել Վ. Կարապետյանին, եւ երկու ուժերի միջեւ խոսակցությունները այն աստիճան էին թեժացել, որ բանը հասել էր ծեծի: Հրապարակումից անմիջապես հետո երկու քաղաքական ուժերի գրասենյակները ժամանակ չկորցրին եւ մեկնաբանեցին կատարվածը:

Ըստ ՀՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբի մամուլի ծառայության` տեղի ունեցածը աղերս չունի քաղաքական գործընթացների եւ գալիք ընտրությունների հետ. «Տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի եւ իր համակիրների կողմից ՀՀԿ նախընտրական շտաբներից մեկի մոտակայքում»: Իսկ ահա ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը կատարվածը հաշվեհարդար էր համարել: Այս գործը հասավ ոստիկանություն, որտեղ միջադեպի հետ կապված սկսեցին իրականացնել ստուգողական գործողություններ: Դրանց շրջանակում Վ. Կարապետյանին ոստիկանության աշխատողներն անձամբ ուղեկցեցին ոստիկանության Մաշտոցի բաժին եւ վերջինս մոտ 5 ժամ այնտեղ մնալուց հետո իրավապահներին ասաց, թե քթի շրջանում ստացած վնասվածքը առաջացել է վայր ընկնելու արդյունքում:

Այս ամենից հետո պարզ էր, թե ինչ հանգուցալուծում է սպասվում միջադեպի իրավական ընթացքին: Եվ ահա երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ քր. դատ. օր. 35 հոդ. 1-ին մասի 2-րդ կետի հիմքով որոշում է կայացվել քրգործի հարուցումը մերժելու մասին, այն է` քրգործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրգործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա: Ահա այսպես մանդատը մոռացնել է տալիս ամեն ինչ:

Քնար Մանուկյան




Լրահոս