«Հետընտրական թատրոն չեղավ, ոչ ոք իր վրա չվերցրեց հեղափոխության իմիտացիա անելու ծրագիրը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով են անցնում քաղաքական 4 ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը եւ ՀՅԴ-ն: «Ժողովուրդ»-ը սփյուռքում ապրող մեր հայրենակից արվեստագետներից հետաքրքրվել է՝ ինչպես են այնտեղի հայերը արձագանքել ընտրության արդյունքներին, ինչ մտորումներ ունեն նրանք։

Բանաստեղծ Դավիթ Ասատրյանն, օրինակ, ով բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, փաստեց, որ իր շրջապատում ընտրությունների արդյունքների վերաբերյալ կարծիքների բախում է նկատել.«Առանձնացնեմ ինձ համար երկու կարեւոր նկատառում՝ դրական եւ բացասական։ Դրական կողմն այն է, որ այս ընտրությունները չեն խոստանում հետընտրական թատրոն, այսինքն՝ ոչ մեկ իր վրա չի վերցնում հեղափոխության իմիտացիա անելու ծրագիրը, ինչն իմ կարծիքով ավելի վտանգավոր կլիներ, քան իշխանության վարած քաղաքականությունը։ Բացասական կողմն այն է, որ ժողովուրդն, իսկապես, իր ձեռքով ընտրեց տարիներ շարունակ իրեն հարստահարած ու բռնաբարած իշխանություններին։ Սա փաստ է՝ ուզենք, թե ոչ։

Իսկ որ ամենավտանգավորն է՝ մարդկանց մեջ ավելի ու ավելի ամրապնդվեց զենքի ուժով իշխանափոխության հասնելու գաղափարը։ Իհարկե, սա անկարելի է, եւ չեմ կարծում, թե բանը դրան կհասնի։ Մեր իշխանությունները վստահ են իրենց ուժերի վրա՝ չհասկանալով, որ եղած տրամադրությունները կարող են օգտագործվել դրսից»,-շեշտեց նա։

Երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանն էլ, ով եւս բնակվում է ԱՄՆ-ում, անդրադառնալով սփյուռքահայ արվեստագետների՝ Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի եւ Էրիկ Նազարյանի՝ խորհրդարանական ընտրությունների շրջանակում կատարած դիտորդական առաքելությանը, նշեց. «Մարդիկ եկան, տեսան, որ առանց տուփերը լցոնելու էլ Հայաստանում կարող է ընտրություն լինել՝ գնացուցակով»։

Նա նաեւ հավելեց, որ, առհասարակ, դուրս եկողը կորցնում է երկիրը քննադատելու իրավունքը, եթե չի զբաղվում հայրենիքի համար հանրօգուտ որեւէ գործով։ «Պարապ խոսելուց երկրին ո՛չ տաք է, ո՛չ սառը»,-եզրափակեց նա։

Աննա Բաբաջանյան




Լրահոս