«Փաստ» օրաթերթը գրում է. «Թեև մոտ ժամանակներում Անահիտ Բախշյանը չի պատրաստվում որևէ կուսակցության անդամակցել, բայց խորհրդարանական ընտրությունների ժամանակ սիրով է համաձայնել հանդես գալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ:
Բայց հիմա որոշել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի ցուցակով ներկայանալ: Տեսակետը, թե դա մի տեսակ կուսակցությունները ձեռնոցի պես փոխելու է նման, նա չի կիսում, քանի որ միակ կուսակցությունը, որին անդամակցել է, «Ժառանգությունն է» եղել:
«Ես անկախ մարդ եմ և ոչ մի կուսակցություն չեմ ներկայացնում, ունեմ իմ սկզբունքները, որը թույլ էր տալիս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ներկայացված լինել ԱԺ ընտրություններին:
Եվ «Ժառանգությունից» բացի, որևէ այլ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ, իսկ իմ գաղափարները ընդդիմադիր դաշտում են:
Եվ քանի որ «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցելու ավագանու ընտրություններին, իսկ «Ելքը» ընդդիմադիր քաղաքական դաշտում հանդես եկող ուժ է, ընդունել եմ այդ առաջարկը»,– ասաց Ա. Բախշյանը:
Ա. Բախշյանի համար «Ելքի» առաջարկն ընդունելի է եղել, քանի որ ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին քաղաքական հարցերը չեն առաջնայինը: Այդ հարթակում ավագանին ընդամենը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության հանդեպ և հսկում, որ վերջինը չշեղվի օրենքներից ու իրեն տրված լիազորություններից: «Խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժը քաղաքական ծրագիր է ներկայացնում և այդ ծրագրով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու ծրագիրը համահունչ է իմ սկզբունքներին:
Բայց Երևանի ավագանին, լինելով բազմակուսակցական մարմին, քաղաքական որոշումներ չի կայացնում և այնտեղ չի քննարկվելու, թե Հայաստանը պետք է մնա՞ ԵԱՏՄ–ի կազմում, թե՝ ոչ»,– ասաց Ա. Բախշյանը:
Նա նաև հավելեց, որ «Ելքի» քաղաքական կողմնորոշումը նույնպես մեծ հաշվով համընկնում է իր սկզբունքներին, սակայն կան որոշ հարցեր, որոնց հետ ինքը ընդհանրապես համամիտ չէ: Եվ այնքանով, որքանով «Ելքը» ընդդիմադիր քաղաքական ուժ է, հենց դա է նրա համար ամենագրավիչը, իսկ մնացած քաղաքական մանրամասները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ այնքան էլ կարևոր չեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: