Հայաստանյան ընտրական այս թոհուբոհի մեջ խիստ աննկատ մնաց համաշխարհային նշանակության կարեւորագույն իրադարձություններից մեկը: Խոսքը վերաբերում է նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի կողմից 2007թ. ընդունված Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառմանը, որով Միացյալ Թագավորությունը սկսեց ԵՄ-ն լքելու գործընթացը:
Մարտի 29-ին Մեյը բրիտանական պառլամենտում հայտարարեց, որ հաշվի առնելով քաղաքացիների ժողովրդավարական կամքը, ինչպես նաեւ խորհրդարանի հստակ կեցվածքը հանրաքվեի որոշման իրագործման հարցում` Բրյուսելում ՄԹ-ի մշտական ներկայացուցիչը ԵՄ նախագահին էր հանձնել ԵՄ-ն լքելու մասին պաշտոնական դիմումը: Պահը որակելով պատմական` վարչապետը հայտարարեց, որ ՄԹ-ը վճռական է իր մոտեցումներում եւ պատասխանատվություն է վերցնում՝ ճիշտ օգտագործելով հարմար առիթը ուժեղ Բրիտանիա ստեղծելու համար:
Վճռականության մասին գեղեցիկ խոսքերով հանդերձ` Միացյալ Թագավորությունը լուրջ խնդիրների առաջ է բախվելու, ինչը բրիտանացի գրեթե ամբողջ ակադեմիական ու վերլուծական շրջանակների կարծիքով պետության տնտեսության վրա կարող է ծանր անդրադառնալ: Այսպես՝ նախ հատուկ ուշադրության է արժանանում ԵՄ-ից «ամուսնալուծության» գինը, որ կազմում է 63 միլիարդ եվրո: Խնդիրն այն է, որ ԵՄ-ի անդամ երկրները ընդհանուր բյուջեից վճարում են ինֆրաստրուկտուրաների զարգացման, սոցիալական ծրագրերի, գիտական հետազոտությունների, աշխատավարձերի եւ այլ բնագավառների ծախսերը միասնաբար: Ներկայիս բյուջեն նախատեսված է մինչեւ 2020թ. համար, եւ ահա ԵՄ հանձնաժողովի նախագահ Յունկերի պարզաբանմամբ՝ ՄԹ-ը պարտավոր է կատարել իր հանձնառությունն այս ուղղությամբ: Թեպետ ՄԹ-ի ղեկավարությունը չի հրաժարվում իր պարտավորությունների կատարումից, սակայն պնդում է վերոնշյալ գումարի սակարկության վրա: Եվրոպայում ակնկալում են, որ ֆինանսական փոխհատուցման հարցը լինելու է օրակարգի ամենալուրջ խնդիրը:
Կարգավորման կարոտ հարցերից մեկն էլ առնչվում է միգրացիային: ԵՄ-ի գործող օրենքներով Միացյալ Թագավորության քաղաքացիներն ազատորեն կարող են ապրել միության անդամ 28 երկրներից ցանկացածում: Եվ, իհարկե, վերջիններիս քաղաքացիներն էլ կարող են առանց խնդրի հանգրվանել ՄԹ-ում: Սակայն այս գործընթացի վերջնարդյունքում 4 միլիոն քաղաքացիներ կկանգնեն լրջագույն խնդրի առաջ, քանզի մոտ 3 միլիոն եվրոպացիներ ապրում են ՄԹ-ում, իսկ 1.2 միլիոն բրիտանացիներ` ԵՄ-ի երկրներում: Ենթադրաբար հատուկ համաձայնագրով կկարգավորվի այս մարդկանց խնդիրը, սակայն բազմաթիվ բրիտանացիներ մինչ այս հասցրել էին ձեռք բերել իռլանդական անձնագրեր` պահպանելու համար եվրոպական արտոնությունները: Լրջագույն դերակատարություն ունի նաեւ առեւտրի ու մաքսերի հարցը, քանզի ԵՄ-ն թույլ էր տալիս ՄԹ-ին ազատորեն վաճառել իր ապրանքները մայրցամաքում:
Վերլուծաբանները պնդում են, որ սա մանր խնդիր չէ` հաշվի առնելով փաստը, որ թագավորության թիվ 1 տնտեսական գործընկերը ԵՄ-ն է` 44 տոկոս արտահանմամբ եւ 53 տոկոս ներկրմամբ: Մեյը հայտնել էր, որ ձգտելու է այս հարցում նպաստավոր համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Վարչապետի առաջադրանքն այնքան էլ դյուրին չէ, քանզի ԵՄ-ն այլեւս շահագրգռված չի լինելու բրիտանական ապրանքները անմաքս թույլատրելու հարցում: Հասկանալով, որ ՄԹ-ի համար առեւտրի հարցը հանգուցային է, ԵՄ պաշտոնյաները անթաքույց ներքաշվել են սակարկությունների հորձանուտը` պնդելով, որ այդ հարցը չի քննարկվի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չեն մնացած բոլոր խնդիրները: ՄԹ վարչապետի պատասխանը չի ուշացել` ավելի լավ է ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի, քան թե վատ պայմանագրով:
Այս շարքում պետք է դիտարկել նաեւ մեքենաարտադրության, ավիաընկերությունների ու ֆինանասկան ծառայությունների հարցերը, որտեղ միլիոնավոր աշխատատեղեր են բացվել մեծ մասամբ ԵՄ երկրների հետ գործակցության արդյունքում եւ ազատ հասանելիության վերացումը գուցե թե արժենա բազմաթիվ աշխատատեղերի փակում եւ միլիարդավոր եվրոներ: ՄԹ-ը այդուհետ ստիպված է լինելու ինքնուրույնաբար գործել Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների շրջանակներում, ինչը ներկրվող մեքենաների համար մեծ մաքսեր է սահմանում: Այս հարցում Մեյի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի՝ լավ պայմաններ պոկելու համար, հակառակ դեպքում բրիտանական մեքենաարտադրությունը կհայտնվի մրցակցայնության վտանգի ներքո: Իսկ ավիափոխադրումներն այսօր տեղի են ունենում «Բաց երկնքի» համաձայնագրով: Հատկանշական է, որ 2018թ. կեսին արդեն այս ոլորտի հարցերը պետք է վերջնականապես լուծված լինեն, որպեսզի ավիաընկերությունները կարողանան կանխավ սահմանել իրենց թռիչքացուցակը: Հետեւապես այս հարցում էլ ՄԹ-ը ժամանակային սահմանափակումների առաջ է կանգնել:
Վերջապես, Միացյալ Թագավորությանը ապառնում է նաեւ ներքին բաժանման խնդիրը: Կրկին գլուխ է բարձրացնում Շոտլանդիայի անկախության հարցը, քանզի նախորդ հանրաքվեի ժամանակ ՄԹ-ի կազմում մնալու որոշումը էականորեն պայմանավորված էր ԵՄ-ի կազմում մնալու հանգամանքով: Իսկ ԵՄ-ն լքելու հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակչությունը մեծամասնությամբ դեմ էր քվեարկել: Այդ իսկ պատճառով նոր հանրաքվեն անխուսափելիորեն հանգելու է Շոտլանդիայի անկախությանը:
Արդ, տնտեսական դժվարությունների, ֆինանսական կորուստների եւ երկրի սահմանային մասնատման գնով Միացյալ Թագավորությունը լքում է Եվրոպական Միությունը: Ակնհայտորեն պետության քաղաքական ընտրանին դեմ էր սույն որոշմանը, սակայն անկարող եղավ ի կատար չածել բրիտանացիների 52 տոկոսի կամքը: Ի դեպ, հանրաքվեն պարտադիր իրավազորություն չուներ, սակայն բրիտանական ընտրախավը նույնիսկ նման ազատություն ունենալով հանդերձ՝ գիտակցեց, որ պարտավոր է հաշվի նստել ժողովրդի ցանկությունների հետ, որքան էլ սխալական լինեն դրանք:
Ն. Հովսեփյան