Հայաստանում որոշ ապրանքատեսակների գները շարունակում են բարձրանալ: Ըստ մասնագետների՝ այսօրվա թանկացումները կապված են նախընտրական եւ հետընտրական գործընթացների հետ:
Նշենք, որ թանկացող ապրանքատեսակներից են բենզինն ու դիզելային վառելիքը, որոնց գինը ոչ միայն նախընտրական, այլեւ հետընտրական շրջանում է բարձրանում: ՀՀ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը արդեն վաճառվում է 380 դրամով, պրեմիում տեսակի բենզինը՝ 400 դրամով, սուպեր տեսակինը՝ 420 դրամով: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին բենզինի սպառման գինը 350 դրամից իջավ՝ դառնալով 330 դրամ: Ապա այս տարվա հունվարի 27-ից այն կրկին թանկացավ. ռեգուլյար տեսակի բենզինի գինը 330 դրամից բարձրացավ 10 դրամով, փետրվարի 10-ին՝ եւս 20 դրամով:
Արդյունքում ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինի գինը բարձրացավ 50 դրամով՝ կազմելով 380 դրամ: Ի դեպ, նկատենք, որ թանկացել է նաեւ դիզելային վառելիքը. այն 350 դրամից դարձել է 360 դրամ: Սրան զուգահեռ նշենք, որ արդեն գյուղատնտեսական տարին մեկնարկել է, իսկ գյուղացիական տնտեսություններին դիզելային վառելիքը խիստ անհրաժեշտ է՝ վարուցանք անելու նպատակով:
Բացի բենզինից՝ վերջին շրջանում թանկացել է նաեւ բանանը: Ինչպես հայտնի է՝ բանանի միակ ներկրողը Հայաստանում «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում ամեն ինչ մոնոպոլացված է, եւ մրցակցային դաշտի բացակայությունը հաճախ բերում է գների կամայական փոփոխության: Սակայն բանանի թանկացման դեպքում արդեն հասկանալի է, որ գործել է նախընտրական շրջանում նշված թեկնածուի կողմից ծախսված ֆինանսական ռեսուրսները հետ վերադարձնելու մղումը:
Առհասարակ, քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցությանն աջակցող օլիգարխները, որոնք մեծաքանակ ծախսեր են արել, այդ կորուստները այժմ փորձում են գնաճի տեսքով հետ վերադարձնել: Բացի այդ՝ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններից հետո Հայաստանում երկար ժամանակ ընտրություններ չեն լինելու (2018 թվականին նախագահին ընտրելու է խորհրդարանը), եւ եթե դրանք ինչ-որ չափով համարվում են թանկացումները զսպող գործոն, ապա այդ գործոնն առաջիկա մի քանի տարիներին չի լինի, ուստի կարող ենք նոր թանկացումների սպասել:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տնտեսագետներ Վարդան Բոստանջյանից եւ Արտակ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ինչ հետեւանքներ կթողնեն Հայաստանի տնտեսության վրա:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հավաստիացրեց, որ դրանք թեեւ փոքր, բայց, այնուամենայնիվ, դրական նշանակություն կունենան մեր երկրի հետագա զարգացման համար: «Ընտրական քարոզարշավներին մասնակցած բոլոր քաղաքական ուժերը, նաեւ իշխանական, բարձրացնում էին հրատապ, առաջնահերթ խնդիրներ, որոնք ծանրացած են մեր երկրի առաջ: Եւ խորհրդարան մտնող 4 քաղաքական ուժերը այդ խնդիրները պետք է դնեն իրենց օրակարգում»,- նկատեց Բոստանջյանը:
Իսկ «Ժողովուրդ»-ի մյուս զրուցակիցը՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանը, կանխատեսեց, որ ՀՀ-ի տնտեսությունն աճելու, զարգանալու է, ինչը պայմանավորված չէ ընտրական գործընթացներով. «Նախընտրական շրջանում աննախադեպ մեծ գումարներ ներարկվեցին տնտեսության մեջ, որը մի փոքր ավելի կարագացնի աճը, բայց որպեսզի այդ միտումը ավելի երկարաժամկետ լինի, պետք է նախ գործ ունենանք քաղաքականության փոփոխության հետ. որքանով կկարողանան խոշոր բիզնեսը բերել հարկման դաշտ, այդքանով էլ պայմանավորված կլինեն տնտեսության մեջ դրական փոփոխությունները»,- նշեց Մանուկյանը:
«Ժողովուրդ»-ը տնտեսագետների հետ զրուցեց նաեւ հետընտրական շրջանում արձանագրված եւ արձանագրվող թանկացումների մասին: Սակայն Վարդան Բոստանջյանը, լսելով հարցը, անմիջապես հայտարարեց, որ նման գործընթաց կա ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: «Այսպես կոչված ռեսուրսները, որոնք գնացել են այդ նպատակի համար, դրանք պետք է վերականգնվեն: Իսկ դա հնարավոր է հիմնականում գների բարձրացման ճանապարհով: Նման միտում կա»,- պարզաբանեց տնտեսագետը:
Արտակ Մանուկյանը եւս նորմալ համարեց ծախսված ռեսուրսները հետ վերադարձնելու միտումը. «Իհարկե, ընտրությունների նպատակով որոշակի գումարներ ծախսվել են, եւ ընդհանրապես ոչ մի բան անվճար չի լինում: Չէ՞ որ ձրի պանիրն է միայն թակարդում լինում: Իմ կարծիքով՝ պետք է լինեին գնանկման միտումներ՝ պայմանավորված գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմամբ: Հիմա, սակայն, ակնհայտ է, որ մենք գրանցելու ենք գնաճ»:
Հ.Գ. Իսկ ահա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից թանկացումների հետ կապված հայտնեցին, որ գերիշխող առեւտրի ցանցերում կատարված մոնիթորինգի արդյունքներով արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայում գները հիմնականում կայուն են: Ավելին՝ առկա է որոշակի փոփոխություն նվազման ուղղությամբ՝ մասնավորապես բուսական յուղի որոշ տեսակների, ձավարեղենի, կաթնամթերքի մասով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ