Մերձմոսկվայում ձերբակալվել է իր հայրենակիցների սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկվայի Լենինի շրջանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացին, ում կասկածում են իր հայրենակիցներին սպանելու մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:

«Քննիչները հաստատել են 35-ամյա ՀՀ  քաղաքացու ներգրավվածությունը երկու անձանց սպանության գործում, նա բազմիցս դատված է եղել: Հաստատվել է, որ հանցանքը կատարվել է վիճաբանության արդյունքում: Կասկածյալը ձերբակալվել է, որոշվում է նրա նկատմամբ խափանման միջոցի մասին հարցը»,-ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Մերձմոսկվայի Լենինի շրջանում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հրազենային վնասվածքներով 2 հայ տղամարդու դի է հայտնաբերվել: Սպանվածներից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ՌԴ քաղաքացի, Աբխազիայում ծնված Միքայել Լալայանը: Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ երկու հոդվածներով՝ «Սպանություն» և «Զենքի անօրինական շրջանառություն»:




Լրահոս