Ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Beeline–ն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքները:

Փետրվարին և մարտին մայրաքաղաքում ու չորս մարզում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը, որին մասնակցեցին ավելի քան 25.000 մարդ:  Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվեց 15 ֆիլմ` ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան իր բազմազանությամբ ու նորարարությամբ: Փառատոնային ֆիլմերը նվիրված էին մարդու իրավունքների խնդրին: Երևանում մեկ շաբաթ`յուրաքանչյուր օր չորս անգամ, ցուցադրվել են բրիտանական մրցանակակիր ֆիլմերը: Մարզերում՝ Գյումրի, Դիլիջան, Արմավիր և Մարտունի քաղաքներում,ցուցադրվել են երեք ֆիլմ և BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին, որից հետո Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել են մարդու իրավունքներին նվիրված քննարկումներ, որոնց մասնակցել են շուրջ 700 մարդ:

«Անչափ ուրախ եմ, որ այս անգամ ևս բրիտանական ֆիլմերը հասանելի են եղել հազարավոր հայերի՝ ներկայացնելով բրիտանական կինեմատոգրաֆիայի լավագույն նմուշները: Ես մասնավորապես ուրախ եմ, որ այս տարվա Բրիտանական ֆիլմերի փառատոնում զանազան տեսանկյուններից ներկայացված էին մարդու իրավունքները, որոնց պաշտպանությունը բրիտանական կառավարության գերակայություններից մեկն է: Ահա թե ինչու ենք մենք  հպարտ, որ Բրիտանական դեսպանատունը համաֆինանսավորել է միջոցառումը», – ասաց Ջուդիթ Ֆարնուորթը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում անցկացվել էին վարպետության դասընթացներ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների և Հայ-ռուսական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար: Վիզուալ էֆեկտների մասնագետ Քերոլայն Պիրեսն աշխատել է Թումոյի սաների հետ, իսկ ֆիլմարտադրության մարքեթինգի մասնագետ Սառա Մոսսեսը դասընթացներ է անցկացրել համալսարանների ուսանողների հետ: Սառա Մոսսեսի դասընթացներից հետո ուսանողները նկարահանել են 16 կարճամետրաժ ֆիլմ, որից լավագույնի հեղինակին փառատոնի կազմակերպիչներից կազմված ժյուրին պարգևատրեց մրցանակով:

«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ Beeline-ը ոչ միայն նպաստում է լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլ փորձում է երիտասարդներին  ծանոթացնել այլ երկրների մշակույթին և համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։ Ուրախալի է այն փաստը, որ այս տարի ևս ավելացել է այցելուների քանակը, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը դարձել է սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում:  Անչափ կարևորում ենք այն համգամանքը, որ ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում՝տարեցտարի ընդլայնելով ցուցադրման աշխարհագրությունը, իսկ  Beeline–ն իր հերթին փորձում է դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը»,-նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։

Փառատոնի ընթացում հայտարարվել էր «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթը, որին ներկայացվել էր 21 աշխատանք: Լուսանկարները ցուցադրվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում և այցելուները հնարավորություն ունեին քվեարկել իրենց նախընտրած լուսանկարի օգտին: Փակման արարողությանը հրավիրվել էր նաև հաղթող լուսանկարի հեղինակը:

«Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը հանրապետության մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից է, որն իր շուրջն է համախմբում բրիտանական կինոյի սիրահարներին`նրանց հնարավորություն տալով դիտել հեղինակավոր մրցանակների արժանացած և վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն:




Լրահոս