Օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռեստորաններ, սրճարաններ բացելու նախաձեռնության մասին հայտարարություն էր արել, որտեղ նշել էր. «Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու եւ սնվելու իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ ե՛ւ թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, ե՛ւ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ»:
Այս հայտարարությունից հետո հանրության կողմից տարաբնույթ գնահատականներ հնչեցին, շատերը նշեցին, որ այն հակաէսթետիկ եւ հակամշակութային ծրագիր է:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ`հասկանալու նաև նրա տեսակետը:
«Ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը տվեց հենց ինքը` Արմեն Ամրիրյանը`պարզաբանելով բազմաթիվ տեսակետների, թյուրըմռնումների հետ առաջացած իրավիճակը: Ես արտերկրում բազմաթիվ տեղեր այցելել եմ թատրոններ, նմանատիպ մշակութային շենքեր-շինություններ. այնտեղ կան սպասարկման հնարավորություններ»,- ի պատասխան մեր հարցադրմանը` ասաց նա:
Վերջինիս դիտարկմամբ` մեր երկրի թիվ մեկ մշակութային օջախում սպասարկման պատշաճ հնարավորություններ չկան. «Ոչ թե ափռ-ցփռ գինարբուքի օբյեկտ է ստեղծվում, այլ քաղաքակիրթ մի միջավայր, որտեղ կարող են արտիստները, երգիչները, պարուհիները օգտվել այդ ամենից:
Օրինակ Երևանի պետական համալսարանում, Կենտրոնական բանկում, այս ինչ առևտրային հաստատություններում կան չէ ստեղծված պայմաններ, երբ դասախոսները, ուսանողներն իրենց ազատ ժամին կարողանան օգտվել, սնվել, հանգստանալ, նույն էլ օպերայի մասին է, և կարծում եմ, որ այս աղմուկն ու աժիոտաժն անտեղի են, որովհետև առաջ է քաշվել բոլորովին այլ գաղափար, որը փորձեցին աղավաղել»:
Արփինե Թովմասյան