Ի՞նչ անճշտություններ են նկատել քաղաքական ուժերը ԿԸՀ-ի հրապարակած ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվեցին 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները: Եւ քանի որ թե՛ ընտրությունների ընթացքում եւ թե՛ արդյունքները հրապարակելուց հետո քաղաքական ուժերը հայտարարում էին, որ եղել են անճշտություններ, մասնավորապես կրկնաքվեարկություն, մահացածների փոխարեն ընտրելու դեպքեր, «Ժողովուրդ»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից փորձեց պարզել՝ արդյո՞ք ուսումնասիրել են ցուցակները եւ արդյո՞ք նկատել են անճշտություններ:

Կոմունիստական կուսակցության անդամ Բորիս Գյուրջյանը «Ժողովուրդ»- հետ զրույցում տեղեկացրեց, որ ուսումնասիրել են այդ ցուցակները, բայց քանի որ դրանք նախնական են, զերծ կմնան որեւէ կարծիք հայտնելուց.«Մեր կուսակցությունը ավանդական կուսակցություն է, չենք ուզում շտապած լինենք եւ հայտնենք մեր կարծիքը, որ հետո չսխալվենք: Կիրակի օրը կհաստատվի ԿԸՀ-ի կողմից վերջնական ցուցակը: Երբ որ կհաստատի, մենք կնայենք եւ մեր կարծիքը կարտահայտենք»,- ասաց Գյուրջյանը՝ հավելելով, որ հրապարակված ստորագրված ցուցակներում անճշտություն չեն նկատել:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւս ուսումնասիրություն կատարել է, բայց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի խոսքով՝ անճշտություն նկատելու համար պետք է ամբողջ բազային տիրապետես. «Իսկ դա, կարծում եմ, որեւէ մեկը չի տիրապետում, հնարավոր է՝ ուսումնասիրես միայն նրան, ում ճանաչում ես: Կարծում եմ, որ որեւէ կուսակցություն դա չի կարողանա անել, չի կարող ասել՝ մենք ուսումնասիրել ենք, ամեն ինչ հստակ է»,-ասաց Խաչատրյանը:
«Ելք» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանն էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ուսումնասիրությունը ընթացքի մեջ է. «Դրա վերաբերյալ դեռեւս որեւէ բան չենք կարող հայտնել մամուլին»,- նշեց Զեյլանյանը:

Իսկ ահա ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Ես հիմա հանձնարարել եմ, որ ուսումնասիրեն, ընթացքի մեջ է, առայժմ որեւէ բան չեմ կարող ասել»: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը եւս ուսումնասիրում է այդ ցուցակը, բայց վերջնական եզրակացության չի հանգել.«Ուսումնասիրում ենք, դեռ ուսումնասիրում ենք: Մենք մեր եզրակացությունը կհայտնենք»,- ասաց ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը: Նույն ընթացքի մեջ է նաեւ ՕՐՕ դաշինքը, որի անդամ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ այս պահին ուսումնասիրում են:

Իսկ «Ծառուկյան» դաշինքից եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից որեւէ կերպ հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց: Ընտրություններից հետո նրանք կարծես թե դեռ ուշքի չեն եկել:

Վահագն Հակոբյան




Լրահոս