«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար: Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երկու փոխնախագահի պաշտոններից մեկը բաժին է հասնում ընդդիմությանը:
Տվյալ դեպքում խոսքը խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող ոչ իշխանական ուժի մասին է: Այդ խմբակցությունը «Ծառուկյան» դաշինքն է: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին քառյակը՝ չհաշված Գագիկ Ծառուկյանին, պայքարում են այդ պաշտոնի համար:
Հրապարակումների համաձայն, նախապես պայմանավորվածություն է եղել, որ ԱԺ փոխնախագահը պետք է լինի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Զաքարյանը: Քաղաքական կուլիսներում, սակայն, որ իշխանությունները չեն ողջունում ինչպես նրա, այնպես էլ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
Իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանի թեկնածությունն էլ Ծառուկյանն ինքը չի ցանկանում ներկայացնել:
Երեկ մենք փորձեցինք որեւէ մեկնաբանություն ստանալ այս եւ այլ հարցերի վերաբերյալ, բայց դաշինքի անդամները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի պատասխանը չունենալու պատճառով խորը ընդհատակ են անցել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: