Մուշեղ Պետոյանն արդեն տոնում է իրեն խոստացված մարզպետի պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունները հատկապես մեծ հիասթափության առիթ դարձան ռեյտինգային ընտրակարգով առաջադրված այն թեկնածուների համար, որոնք մեծ ռեսուրսներ ներդնելով եւ բավականին պատկառելի թվով ձայներ հավաքելով՝ այդուհանդերձ, դուրս մնացին խորհրդարանից:

Շատերն այս օրերի ընթացքում հայտնել են իրենց դիրքորոշումն ու մտայնությունները. ի տարբերություն գործընկերների՝ լուռ էին դեռեւս ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Մնացական Մնացականյանը եւ Մուշեղ Պետոյանը, որոնց բախտ չվիճակվեց պահպանել իրենց մանդատը: Ինչո՞ւ չհաջողվեց հավաքել համապատասխան քվե եւ շարունակել գործել խորհրդարանում. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Մուշեղ Պետոյանի հետ, ով  ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Շիրակի մարզում:

-Պարո՛ն Պետոյան, Ձեզ հաջողվեց հավաքել 8799 ձայն, բայց չհաջողվեց մուտք գործել խորհրդարան: Հիասթափվա՞ծ չեք:

-Ոչինչ, ինչ անենք, բացարձակապես մտահոգված չեմ, ամեն ինչ շատ լավ է, կարեւորը ժողովուրդն իմ աշխատանքը գնահատել է, էս կարգի նոր ընտրությունների մեջ այսքան ձայն հավաքել Արթիկի նախկին վարչական շրջանով, ես դա շատ բարձր եմ գնահատում:

-Շիրակի մարզը միայն այդ տարածաշրջանով չի սահմանափակվում: Իսկ մյուս ընտատեղամասե՞րը:

-Դե, աշխատել եմ միայն Արթիկի նախկին վարչական շրջանում, այդ տարածքն է ինձ ճանաչում, այդ տարածքն էլ ինձ իր գնահատականը տվեց:

-Չե՞ք փոշմանել դրա համար, գուցե մյուս տարածքներում էլ քարոզարշավ անցկացնեիք եւ հաջողվեր ավելի շատ քվե ստանալ:

-Ո՛չ, դե, էս տարածքն է ինձ ճանաչում, այս տարածքի ընտրողներն են ինձ լավ ճանաչում, իրենք էլ իրենց գնահատականը ինձ տվին, ես շատ շնորհակալ եմ եւ շատ գոհ ինձ ընտրողներից եւ չընտրողներից:

-Նեղվա՞ծ չեք, որ սա էլ արդեն երկրորդ անգամ է՝ չեք կարողանում հաջողության հասնել:

-Ո՛չ, ո՛չ, ինչի մասին է խոսքը, ժողովուրդը այդքան ձայն է տվել ինձ, 40-50 թեկնածուի մեջ այդքան ձայն եմ հավաքել եւ ես էլ գերնպատակ չունեի Ազգային ժողովում լինելու, այսքանն ինձ համար արդեն շատ գոհացուցիչ է, եւ ես ինձ շատ լավ եմ զգում:

-Իսկ եթե ընտրություններին մասնակցեիք «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, հնարավոր է՝ ավելի շատ ձայն հավաքեիք:

-Չեմ կարող ասել… ո՛չ, այս պահի դրությամբ մեր տարածաշրջանի ժողովուրդն ընտրել է Մուշեղ Պետոյանին եւ ոչ թե կուսակցություն: Բացարձակապես ոչ ոք չի ընտրել բարգավաճ Մուշեղ Պետոյանին, թե՛ անկուսակցական Պետոյանին, թե՛ ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով Մուշեղ Պետոյանին, ընտրել են Մուշեղ Պետոյանին:

-Առաջիկայում հնարավո՞ր է Ձեզ որեւէ պաշտոնում տեսնենք:

-Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել, բայց ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ նախքան զրույցը՝ Պետոյանը նշում էր, որ միջոցառման է եւ չի կարող հարցերին պատասխանել, սակայն մեր համառ պնդումներից հետո նա որոշեց խոսել: Իսկ արդեն ուշ երեկոյան պարզ դարձավ, թե ինչ միջոցառման էր մասնակցում Պետոյանը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ պատգամավորը հինգհարյուրհոգանոց խնջույք էր կազմակերպել եւ տոնում էր իրեն խոստացված մարզպետի պաշտոնը:

Վահագն Հակոբյան




Լրահոս