Լոռու մարզի Դեբետ գյուղը 850 բնակիչ ունի, որոնց հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է: Գյուղի հիմնախնդիրների շարքում առաջնայիններից են անբարեկարգ ճանապարհներն ու խմելու ջրագծի բացակայությունը: Գյուղը խմելու ջրի ներքին ցանց չունի, ջուրը գյուղ է բերվում սարից, որն ըստ Դեբետի գյուղապետ Նորիկ Քոչարյանի՝ այդքան էլ լավ որակի չէ:
Խնդիրների մեջ պակաս կարեւոր չեն նաեւ մանկապարտեզի շենքային անբարեկարգ պայմանները: Որպես մանկապարտեզ ծառայող շինությունը ժամանակին կառուցվել է իբրեւ ուսուցիչների հանրակացարան. «Մանկապարտեզի նախ դռներն ու պատուհաններն են ենթակա փոխման, ամառ, ձմեռ քամին շենքի մեջ է, խաղասենյակը փոքր է, մռայլ է, վերանորոգման կարիք ունի շենքը»,-ասաց գյուղապետը:
Ներկայումս 26 երեխա է հաճախում մանկապարտեզ: Գույղապետի խոսքով՝ եթե նոր շենք կառուցվի կամ գոնե սա նորոգվի, երեխաների թիվը մի քանի անգամ կավելանա: Մանկապարտեզում անգամ մահճակալներ ու գույք չկա, ինչի արդյունքում երեխաներին չեն քնեցնում, իսկ ընդունելությունն էլ կատարվում է 4 տարեկանից բարձր երեխաների համար:
Համայնքապետի խոսքով՝ մանկապարտեզի շենքային վատ պայմանների մասին բազմիցս է բարձրաձայնվել բոլոր պետական մարմիններին ու հասարակական կազմակերպություններին, սակայն ապարդյուն:
Ի դեպ, գյուղ այցելող պատգամավորի թեկնածուների մոտ եւս բարձրաձայնվում է մանկապարտեզի հարցը, սակայն ինչպես բնակիչներն են նկատում՝ նախընտրական շրջանում բոլորը միայն խոստանում են, սակայն որեւէ թեկնածու կամ պաշտոնյա ռեալ քայլ չի կատարում՝ դեբետցի երեխաների համար բարեկարգ, լուսավոր ու կահավորված մանկապարտեզ ապահովելու համար:
Էդվարդ Արզումանյան
Լոռի