Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական զինուժը «հետախուզություն մարտով» օպերացիայի շրջանակներում գիշերով հարձակվեց հայկական զինուժի վրա՝ փորձելով ճեղքել առաջնագիծը։
ArmLur.am-ը ազատամարտիկ Ժորա Ֆարյանից հետաքրքրվեց, թե այս մեկ տարվա ընթացքում հայկական բանակում ի՞նչ իրական փոփոխություններ են տեղի ունեցել:
Ազատամարտիկի խոսքով՝ ո՛չ մի դաս, ո՛չ մի փոփոխություն տեղի չի ունեցել. «Քաղաքացիների շրջանում արդեն խոսվում է ինչ-որ նոր զինտեխնիկայի ներկրկման մասին: Դա պետք է արգելված լիներ, քանի որ ռազմական գաղտնիք է: Խայծեր են շպրտում, որով փորձում են ժողովրդին խաբել»:
Ըստ նրա՝ մենք չենք կարող ինքներս մեզ խաբել և ասել, որ ամենամարտունակ բանակն ունենք:
«Մինչև գերտերություններն իրենք իրենց հարցերը չլուծեն Անդրկովկասում, որևէ մեկը թույլ չի տա, որպեսզի պատերազմ լինի: Կռիվ կլինի ապրիլի 2-ի նման, բայց խոշոր պատերազմ, համոզված եմ, որ չի լինի: Թույլ չեն տա»,- ասաց նա:
Ժորա Ֆարյանը նշեց, որ պատերազմում նրանք զինվորներ են, իսկ մնացածը` թելադրողներ:
«Մենք հիմա ոչինչ չենք անում, բայց ասում ենք՝ Ստամբուլն արյան ծով կդարձնենք: Չենք կարող ինքներս մեզ խաբել: Եթե մշակույթը, բանակը ցածր մակարդակի են, չի կարող պատահել, որ նման պետությունում ամեն ինչ լավ լինի, մնացածը` շատ վատ: Օրինակ, Սամվել Բաբայանի ձերբակալությունը, ոչ մեկ չգիտե՞ր, որ նա սկսել է ապօրինի զենքի վաճառքով զբաղվել: Նրա զինակից ընկերներից Սեյրան Սարոյանը, նախկին նախարարը կամ այսօրվա նախարարը, նրանք բոլորը Սամվելի ընկերնե՞րն են »,- ընդգծեց նա:
Լիդա Եղիազարյան