«Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում ապրիլի 7-ից մեկնարկել է «Stand Up» հումորային նախագծի առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 հաղորդումից։ «Ժողովուրդ»-ը հաղորդման պրոդյուսեր, մի շարք հեռուստատեսային, երաժշտական, գեղարվեստական նախագծերի, «Մեր բակը» ֆիլմի 3 մասերի սցենարների հեղինակ Սարգիս Մնոյանից հետաքրքրվել է նախագծի բնույթի մասին: Քանի որ վերջինս արդեն շուրջ 25 տարի է՝ աշխատում է հեռուստաոլորտում, մենք զրուցել ենք նաեւ շուկայում առկա դրական եւ բացասական միտումների մասին, անդրադարձել հեռուստատեսության հայելային էֆեկտին:
-Սարգիս, stand up ժանրը հեռուստատեսություն տեղափոխելն աշխարհում ընդունված միտում է, սակայն Հայաստանի դեպքում, կարծես, դա այնքան էլ տարածում չունի, այո՞:
-Բնականաբար, հայ հանրության առաջին արձագանքներից մեկը լինելու է այն, թե՝ տեսեք՝ ռուսներից թխած գաղափար է: Բայց պետք է հասկանալ, որ stand up-ն արդեն 60 տարի է՝ գոյություն ունի որպես ժանր: Աշխարհահռչակ կատակերգու դերասաններից շատ շատերն իրենց ճանապարհը սկսել են հենց այդ ժանրում հանդես գալով:
Վերադառնալով մեր հաղորդմանը՝ ասեմ, որ հեռուստադիտողները էկրաններին կտեսնեն 11 stand uper-ների, որոնցից հանրությանը ծանոթ դեմքերից են դերասաններ Հովհաննես Դավթյանն ու Հայկ Պետրոսյանը: Նրանց թիվը, բնականաբար, կարող է համալրվել: Stand uper-ները հանդես են գալու 5-10 րոպեանոց հումորային բնույթի մենախոսություններով, անդրադառնալու են ամենատարբեր արդիական թեմաների՝ դիտարկելով դրանք սեփական պրիզմայով:
-Իսկ առաջիկայում հաղորդման շրջանակում անդրադառնալո՞ւ եք քաղաքական, սոցիալական թեմաների:
–Չի լինելու այնպիսի արդիական, քննարկվող թեմա, որը կշրջանցվի, պարզապես ճանապարհը, որն անցնում են stand up-ի համարները՝ մինչեւ հեռուստաեթեր հասնելը, բավական երկար ժամանակ է պահանջում: Այդ պատճառով կոնյուկտուրային արձագանքներ չեն լինի:
-Որպես սցենարիստ, հաղորդման հեղինակ, պրոդյուսեր՝ շուրջ 25 տարի աշխատել եք հեռուստաոլորտում: Այս ժամանակահատվածում ի՞նչ մտահոգիչ եւ ի՞նչ հուսադրող փոփոխություններ են գրանցվել:
-Գաղտնիք չեմ ասի, եթե նշեմ, որ հեռուստատեսությունը հասարակության հայելին է: Եթե երկրում առկա են, օրինակ, տնտեսական խնդիրներ, դրանք մեծապես արտացոլվում են հեռուստատեսության գործունեության, մասնավորապես ժամանցային հաղորդումների վրա: Ամբողջ աշխարհում է այդպես. համաշխարհային ճգնաժամը կարող է զգալիորեն ազդել հեռուստաընկերությունների աշխատանքի վրա:
Այն, ինչ կցանկանամ մեր հեռուստաոլորտում փոխված տեսնել, կախված է ֆինանսից եւ շուկայի ֆիզիկական չափերից: Հեռուստատեսային լավ արտադրանք ունենալու համար պահանջվում են մեծ գումարներ, սակայն քանի որ շուկան փոքր է, չի կարող ունենալ կոմերցիոն լայն դրսեւորումներ, թեեւ մենք ունենք լավ մասնագետներ եւ գաղափարներ:
-Դուք եղել եք Հայաստանի երգի պետական թատրոնի մեներգիչ, թողարկել եք տեսահոլովակներ, սակայն տեւական ժամանակ է՝ այդ գործով չեք զբաղվում: Հնարավո՞ր է՝ կրկին ակտիվացնեք այդ ուղղությամբ Ձեր գործունեությունը:
-Երգելը միշտ էլ եղել է ու կա իմ նախասիրությունը: Կար մի ժամանակահատված, երբ իմ հաճույքի համար տեսահոլովակ էի թողարկում, բայց այս պահին չեմ մտածում այդ մասին:
Աննա Բաբաջանյան