Նարե Գրիգորյանը` վճռական քայլի և կարգավիճակի փոփոխության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նարե Գրիգորյանը ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ բացի կատարելուց՝ նաեւ հեղինակում է երգեր, որոնք, սակայն, դեռ ռիսկ չի անում հանձնել հանրության դատին: Այժմ արդեն Նարեն տեղեկացրեց, որ որոշել է վճռական քայլի գնալ եւ հանդես գալ այդ գործերից մեկի հիման վրա նկարահանված տեսահոլովակով:

«Թեեւ շատ երգեր ունեմ գրած, բայց երբեք չեմ բարձրաձայնել այդ մասին, մտածել եմ, որ համապատասխան պահը դեռ չի հուսանացել: Բայց վերջին ստեղծագործությանս հետ կապված մտերիմներիս արձագանքը մեծ էր, ուստի որոշեցի այն հանրայնացնել: Երգը հայերեն է, այն մի քանի ժանրերի միքս է»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Մենք հարցրինք՝ արդյո՞ք Նարեն հայրիկի՝ երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի եւ հորաքրոջ՝ երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ դուետով հանդես գալու մտադրություն չունի, ընտանեկան համագործակցություն ակնկալե՞նք. «Բնականաբար, մտածել ենք այդ ուղղությամբ, երգահաններից ստացել ենք բազմաթիվ առաջարկներ, անգամ սկսել ենք իրականացնել որոշակի աշխատանքներ, որոնք, սակայն, ինչ-ինչ պատճառներով կիսատ են մնացել»,-տեղեկացրեց նա:

Նախորդ տարվա նոյեմբերին նշանադրված երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք առաջիկայում սպասվո՞ւմ է կարգավիճակի փոփոխություն՝ ամուսնություն. «Փոփոխություն, իհարկե, կլինի, որի մասին բոլորը կիմանան: Այս սպասողական ժամանակահատվածն ինձ համար բավական հետաքրքիր է, հույզերով լի եւ պատասխանատու»:

Իսկ հարցին, թե արդյո՞ք Նարեն այն երգչուհիներից է, որոնք չեն խուսափում կատարումներով հանդես գալ իրենց հարսանիքներին, վերջինս պատասխանեց. «Եթե հարմար լինի, կերգեմ: Դա կախված է իրավիճակից»:

«Մորսկոյ Ուզել» երգի միջազգային մրցույթ-փառատոնին «Գրան Պրի» մրցանակի արժանացած երգչուհին (2014թ.), վերադառնալով գործնական ծրագրերին, հավելեց, որ պատրաստվում է մասնակցել միջազգային մրցույթի, որի վերաբերյալ մանրամասներ, սակայն, դեռեւս չհայտնեց: Նա նաեւ նշեց, որ ունի հրավերներ արտերկրից: Նարեի երկրպագուներին առաջիկայում սպասվում է նաեւ համերգային ծրագիր:

Աննա Բաբաջանյան




Լրահոս