ՖՈՏՈ. Արաբո Իսպիրյանն անցել է նաեւ 6/8 -ի և գոհ է հանդիսատեսի արձագանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային, ժողովրդական երգերի կատարող Արաբո Իսպիրյանը ամռանը` հունիսին, առաջին անգամ հանդես կգա մենահամերգով: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում:

«Իհարկե, նախկինում բազմիցս ընդգրկված եմ եղել տարբեր համերգներում, բայց սպասվելիք ծրագիրն աննախադեպ է: Այն, միանշանակ, պարտավորեցնող է ինձ համար: Հանդիսատեսին սպասվում են լուսային հետաքրքիր շոուներ, նախատեսվում է սիմֆոնիկ նվագախմբի նվագակցություն: Համերգի ընթացքում կհնչեն մի շարք նոր երգեր, այդ թվում` դուետներ»,-ասաց Արաբոն:
Մենք հետաքրքրվեցինք` իր հայրիկի` երգիչ Ներսիկ Իսպիրյանի հետ դուետներ սպասվո՞ւմ են. «Իհարկե, ելույթ կունենամ նաեւ հայրիկիս հետ: Իսկ մյուս զուգերգերի մասին առայժմ մանրամասներ չեմ հայտնի, թող մնա որպես անակնկալ»,-մեկնաբանեց Արաբոն:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ապրիլի վերջին կթողարկի նոր տեսահոլովակ` հայրենասիրական երգի հիման վրա (հեղինակ` Էդգար Ալեքսանյան): Արաբոն խոստացավ ուշագրավ սցենարով տեսահոլովակ:  Հարցին, թե հեշտ է արդյոք միաժամանակ հանդես գալ ժողովրդական եւ փոփ ժանրերում, երգիչը պատասխանեց. «Ինձ համար` այո, դա, արդեն կախված է տվյալ կատարողից»:

Իսկ մեր այն դիտարկմանը, որ Արաբոն, կարծես, վերջին շրջանում սկսել է հանդիսատեսին ներկայացնել 6/8 չափի երգեր, վերջինս չհակադարձեց. «Այո՛, մի քանի երգ արդեն մատուցել եմ ժողովրդին եւ դրական արձագանքներ եմ ստացել»:
Արաբոն հավելեց նաեւ, որ ունի համերգների հրավերներ արտերկրից, այնպես որ պատրաստվում է աշնանը մեկնել շրջագայությունների:

Աննա Բաբաջանյան




Լրահոս