«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. ինչու նման որոշում կայացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանը հայտարարություն  է տարածել.

«Սիրելի երևանցիներ,

Հավատարիմ մնալով միշտ ձեր առջև անկեղծ լինելու իմ խոստմանը՝ տեղեկացնում եմ, որ իմ քաղաքական թիմի հետ քննարկումներից հետո, «Ծառուկյան» որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Վստահ եմ, որ երևանցիները կընդունեն և կհարգեն իմ կայացրած այս որոշումը:

Դուք գիտեք, որ որևէ ընտրության մասնակցությունը ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Դուք գիտեք, որ իմ կարգախոսն է՝ ասված խոսքը, տրված խոստումը անպայմանորեն պետք է իրականություն դառնա:

«Ծառուկյան» դաշինքը կազմավորվել էր ԱԺ ընտրությունների նախաշեմին, և հանրությանը ներկայացել էր գրագետ մշակված ծրագրով և առաջարկությունների փաթեթով։

Ուստի, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երևանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր:

Մենք, իհարկե, գիտենք մեր քաղաքի բոլոր խնդիրները՝ վերելակների անմխիթար վիճակ, վթարային շենքերի առկայություն, մայրաքաղաքի արվարձանների բազում խնդիրներ, մշտական պրոբլեմ դարձած աղբահանության խնդիր, անբարեկարգ ճանապարհներ:

Հարգելի երևանցիներ, այս և բազմաթիվ այլ լրջագույն պրոբլեմների լուծման համար անհրաժեշտ էր ներկայացնել փաստարկված և հիմնավորված՝ մայրաքաղաքին արժանի ծրագիր: Ցավոք, ժամանակահատվածը չափազանց կարճ էր նման ծրագիր կազմելու և հանրությանը ներկայացնելու համար:

Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին և երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի և դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների՝ մասնակցել որևէ ընտրության:

Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու և դրանք իրականացնելու:

Վստահ եմ, որ երևանցիները ըմբռնումով կմոտենան իմ այս որոշմանը:

Անկախ մեր կայացրած որոշումից, իմացեք, որ միշտ ձեր կողքին եմ եղել և ձեր կողքին եմ լինելու»:

Հարգանքով՝ Գագիկ Ծառուկյան




Լրահոս