ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԶԻՎ 2 ՄԼՆ ԸՆՏՐՈՂ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը երեկ հրապարակել է ԱԺ ընտրությունների վերջնական ցուցակները: Ավելի վաղ ոստիկանությունը հրապարակել էր նաեւ ՀՀ ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 564 հազար 734 քաղաքացի: Սակայն ակնհայտ փաստ է, որ ընտրողների այս թիվը որեւէ առնչություն չունի Հայաստանում առկա բնակչության իրական թվի հետ: Բավական է միայն նշել, որ 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 871 հազար 771 մարդ: Իսկ եթե նկատի ունենանք հանգամանքը, որ Հայաստանից տարեկան միջինը հեռանում է 40 հազար մարդ, առկա բնակչության թիվն այսօր շատ ավելի քիչ է, ընտրացուցակներում ընդգրկվածների թվից բավական պակաս: Պարզապես քանի որ արտագաղթածները չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, շարունակում են մնալ ընտրացուցակներում, ստացվում է՝ ընտրողները դե յուրե շատ են:
Ի դեպ, ընդունված է համարել, որ ընտրողները բնակչության թվի մոտ 60-65 տոկոսն են կազմում, եւ եթե այս տեսանկյունից մոտենանք խնդրին, ապա Հայաստանում բնակվող ռեալ ընտրողներն առավելագույնը 1.8-2 մլն հոգի կլինեն:

 

 

 
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան այցից հետո նախօրեին մեկնել էին նաեւ Ստեփանակերտ, հանդիպում ունեցել տեղի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ: Հատկանշական է, որ դրանից ավելի վաղ՝ հանգստյան օրերին, Ստեփանակերտում էր նաեւ Սերժ Սարգսյանը: Իրար հաջորդած այս այցերը պատահական չէին ու կապված էին ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծիք հայտնեց, որ պետք է պաշտոնապես վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը, եւ Արցախը եւս մասնակից դառնա դրան: «Եթե մենք չենք մասնակցում բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած հասարակ մտքերի փոխանակությունից, մինչեւ պայմանավորվածություններ, ապա ձեւաչափը թերի է, առանց լիարժեք ձեւաչափի վերականգնման հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը համապարփակ ձեւով»,- ասել է նա:

 

 

 
ՀՀԿ շուրջ նախընտրական սկանդալն իր մեջ ուշագրավ տարրեր է պարունակում: Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ի համար մարդկանց ցուցակագրելուց հետո փաստաթղթերը ներկայացրել է մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ եւ Երեւանի թաղապետարաններ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ օգտին ցուցակագրման այս ողջ գործընթացը կազմակերպված է եղել ոչ միայն այդ կուսակցության, այլ նաեւ պետական կոնկրետ կառույցների կողմից՝ վերջիններիս ղեկավարների մասնակցությամբ եւ հանձնարարությամբ: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ընտրությունների նախաշեմին գործի է դրել վարչական ռեսուրսները՝ այն ծառայեցնելով սեփական շահերին: Այս ամենի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, սակայն վերջինս հարցը լսելուց անմիջապես հետո հայտարարեց. «Ես հիմա նախընտրական շտաբում եմ, խորհրդակցության եմ: Ձեր հարցերը գրավոր ուղարկե՛ք շտաբին»: Իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխանցեց, որ ինքը խիստ զբաղված է եւ չի կարող պատասխանել մեր հարցերին: Դե, իհարկե:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում էլ ավելի է ուժեղացվել: Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ եւս երկու ուղղաթիռներ: Սա, թերեւս, պատահական չէ՝ հաշվի առնելով Նորքում զինված խմբի վնասազերծման դեպքը, երբ հայտնաբերել էին նաեւ օդում ինքնաթիռ խոցող զենքեր, մշակված պլաններ: Բացի այդ՝ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու պատվեր տալու կասկածանքով: Թե ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ շրջելը, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ընդամենը ստանդարտ միջոցառում է, որ իրականացնում են, եւ ամենեւին կապված չէ Բաբայանի ձերբակալության հետ: «Ես չգիտեմ՝ երկու ուղղաթիռ ով է տեսել, որտեղ է տեսել, բայց մենք նախագահի եւ, ընդհանրապես, պահպանվող անձանց անվտանգությունից ելնելով՝ իրականացնում ենք ստանդարտ, այսպես ասած, պրոտոկոլային միջոցառումներ»,- ասաց նա:

 

 

 
ՀԱՆՁՆԱՌՈՒՆ
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ Եվրոպա մեկնած Սերժ Սարգսյանը երեկ ԵԺԿ-ի համագումարի լիագումար նիստում հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով իր հանձնառությունը գալիք ընտրությունները ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելու հարցում: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի նախաստորագրումից հետո առավել գոտեպնդված եւ, ըստ ամենայնի, գործընթացն այլեւս անշրջելի համարող Սերժ Սարգսյանը նախ ասել է. «Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետեւողականության, մյուս կողմից վերջին տարիներին Եվրոպական միության՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ՝ յուրաքանչյուրից քաղելով եւ յուրաքանչյուրին տալով դրականը եւ օգտակարը, ինչը միավորում է պետություններին, այլ ոչ թե բաժանում»:
Հաջողված գործընկերության մոդելի մասին պնդումն ընդամենը մեկ տարի առաջ կարող էր տարակուսանք հարուցել ինչպես Հայաստանում, այնպես էլ, առավել եւս, Եվրոպայում: Այսօր, սակայն, Սերժ Սարգսյանը կարող է «բաց ճակատով» միջազգային ամբիոններից խոսել Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետեւողականության մասին:
Սակայն միայն ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը քիչ է, ՀՀ եվրոպական օրակարգը միայն համաձայնագրերով չէ, որ սպառվում է: Այն առաջին հերթին քաղաքացու ազատ կամարտահայտության իրավունքի ապահովման վրա է խարսխվում: Արդյո՞ք մենք դա կտեսնենք ապրիլի 2-ին, արդյո՞ք գալիք ընտրությունների անցկացման որակով Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությանը կհաջողվի հաստատել Հայաստանի՝ իրապես հետեւողականությունը եվրոպական օրակարգին:
«Ընդամենը երեք օր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սա կարեւորագույն հանգրվան է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին: Հաշվի առնելով երկրի զարգացման առանձնահատկությունները՝ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման եւ ժողովրդավարական հաստատությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Մենք հանձնառու ենք եւ անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ», – խոստացել է Սերժ Սարգսյանը:
Թե ինչպիսին կլինի Սարգսյանի հանձնառության արդյունքը, պարզ կդառնա արդեն երեք օրից: Մնում է հուսալ, որ Եվրամիությունն այս անգամ աչք չի փակի եւ հետեւողական կլինի Սերժ Սարգսյանի ստանձնած հանձնառության գնահատականը տալու հարցում:




Լրահոս