Բաքվից Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, մարտի 27-ին հանդիպելով Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Նալբանդյանի հետ, խոսել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին եւ այնուհետ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել, որ այցելելու են Արցախ՝ «համոզվելու, որ յուրաքանչյուր ոք տեղյակ է, թե հակամարտության կարգավորման ինչ հնարավորություններ կան»: Ի՞նչ քննարկեցին Արցախում համանախագահները եւ արդյո՞ք համոզվեցին, որ Արցախը տեղեկացված է, թե հակամարտության կարգավորման ինչ հնարավորություններ կան: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է:
-Պարո՛ն Բաբայան, համանախագահները ժամանել են Արցախ, իրենց խոսքով՝ համոզվելու՝ արդյոք յուրաքանչյուր ոք տեղյակ է, թե հակամարտության կարգավորման ինչ հնարավորություններ կան: Համոզվեցի՞ն:
-Գիտեք, կարծում եմ, որ ճիշտ կլիներ իրենցից դա հարցնեիք: Ես կարող եմ ասել, որ նորմալ են անցել մեր հանդիպումները: Կարծում եմ, որ միջնորդների այցը այստեղ շատ օգտակար է եղել նրանց համար:
-Արցախում համանախագահների հետ ի՞նչ է քննարկվել:
-Ամեն ինչ, այսինքն՝ այն հարցերը ավանդական, որոնք միշտ քննարկվում են, բացի դրանից՝ իրենցից երկուսը առաջին անգամ էին Արցախում, նրանք ասացին, որ հանդիպումներ են ունեցել որոշ քաղաքացիների հետ, որովհետեւ շրջել են Արցախի հարավային, հյուսիսային մասերում՝ ընդհանուր պատկերացում ունենալու համար:
-Ձեր տպավորությամբ՝ կողմերը պատրա՞ստ են կրկին հանդիպելու եւ բանակցելու:
-Դա ցույց կտա ժամանակը: Խնդիրը նրա մեջ է, որ այդ հանդիպումները շատ կարեւոր են խաղաղության եւ կայունության պահպանման տեսանկյունից եւ ընդհանրապես բանակցային գործընթացը նաեւ նման հանդիպումներից է կախված: Դրա համար հանդիպումները կշարունակվեն նաեւ ապագայում:
-Արցախը որքանո՞վ է տեղյակ այդ բանակցությունների մանրամասներից, առավել եւս, որ համանախագահներից առաջ ԼՂՀ էր այցելել նաեւ Սերժ Սարգսյանը:
-Տեղյակ եւ անտեղյակ լինելու խնդիրը չէ այստեղ, այն է, որ պետք է պաշտոնապես վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը: Եթե մենք չենք մասնակցում բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած հասարակ մտքերի փոխանակությունից, մինչեւ պայմանավորվածություններ, ապա ձեւաչափը թերի է, առանց լիարժեք ձեւաչափի վերականգնման հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը համապարփակ ձեւով: Դա համոզված եմ, որ հասկանում են համանախագահները եւ միջազգային հանրությունը, եւ ինքը՝ Ադրբեջանն էլ է դա հասկանում, պարզապես հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ նրանք, ըստ ամենայնի, կոմպենսացնում են լիարժեք ձեւաչափի գործընթացը:
-Որոշ քաղաքական ուժեր Արցախի հակամարտության կարգավորման լուծման իրենց տարբերակն են առաջարկում: Ընդհանրապես հնարավո՞ր է լուծել այդ խնդիրը:
-Նայած ինչ ենք մենք հասկանում կարգավորման տակ, այսինքն՝ ամեն ինչ էլ հնարավոր է կարգավորել, պարզապես դրա համար ժամանակ է պետք, պետք են ջանքեր, պետք է պատրաստակամություն կողմերի միջեւ: Եվ քանի որ դրանք չկան, դժվար է կարգավորել, երկարաձգվում է կարգավորումը: Բայց, իհարկե, կարգավորում էլ կա, կարգավորում էլ, այսինքն՝ այնպիսի կարգավորում պետք է լինի, որ համապարփակ բնույթ ունենա, եւ այդ կարգավորումը այնուհետեւ չծնի նոր, ավելի մեծ աղետներ, բախումներ ու պատերազմներ:
-Արցախյան հակամարտության լուծման՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած տարբերակը շատ քննադատվեց: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան, եւ, ընդհանրապես, քանի որ Արցախը նույնպես ցանկանում է բանակցային գործընթացի մասնակիցը լինել, ի՞նչ տարբերակ է առաջարկում:
-Իհարկե, այս ամենը բանակցությունների խնդիր է, բայց մենք ունենք ընդհանուր տեսլական, կարծում եմ, որ բոլորն էլ այդ տեսլականի կողմնակիցն են: Իհարկե, մենք ուզում ենք խաղաղ կարգավորում, միայն աննորմալը եւ հանցագործը, շիզոֆրենիկները կարող են ուզել պատերազմներ, արյուն, ողբերգություն եւ այլն, բայց պետք է հասկանանք՝ ինչպես հասնենք նման կարգավորման, այսինքն՝ կարգավորումը պետք է լինի համապարփակ եւ նոր աղետների հիմք չլինի: Տարածքներ՝ խաղաղության դիմաց. այս մոտեցումը անհնարին է պարզապես իրականացնել, այս մոտեցումը ծնելու է նոր աղետ, հասկանո՞ւմ եք, ամեն ինչ պետք է լինի համարժեք, եթե մենք կորցնում ենք մեր անվտանգության, այսպես ասած, մասերը, այսինքն՝ ինչ է տեղի ունենում, Ադրբեջանը մեզանից պահանջում է վերադարձ 88 թվականի սահմաններին, մեր տարածքը, որը հիմա 11,5 հազար քմ է, նրանք ուզում են, որ դառնա 4,4 հազար քմ: Ստացվում է՝ արդյունքում մենք կորցնում ենք մեր տարածքի մեծ մասը, իրենք ի՞նչ են տալիս մեզ դրա դիմաց, ոչ մի բան: Կան հարցեր, որոնք մեր անվտանգության համար կարեւորագույն են: Հիմա տեսեք, նույն Քարվաճառի շրջանը, այնտեղ սկիզբ են առնում մեր ջրային պաշարները, Արփա, Որոտան գետերը, որը սնում է Սեւանա լիճը, իսկ Սեւանը ՀՀ-ի ջրային պաշարների 80 տոկոսն է, ինչպես տանք դա իրենց: Տանք, որ իրենք այն թունավորե՞ն, մանավանդ, որ պատերազմի ժամանակ արել են դա: Այդ ամենը մոռանանք եւ ասենք՝ գիտեք, մենք գործ ունենք Լյուքսենբուրգի հետ, ոչ թե Ադրբեջանի, այդպիսի բան չի կարող լինել, ռեալ պետք է մոտենանք:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԵՂԱՑՐԵ՞Լ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին շրջանում սկսել են ավելի զգուշավոր եւ ուժեղացված հսկողությամբ պահպանել:
Երբ մարտի 22-ին ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու պատվեր տալու կասկածանքով, ակտիվորեն սկսեցին խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ Բաբայանը ցանկացել է մահափորձ կատարել Սերժ Սարգսյանի դեմ: Մինչեւ վերջնականապես կպարզվի, թե որտեղից է Հայաստան տեղափոխվել «Իգլա»-ն, ով է իրականում տեղափոխել այն եւ ինչ դրդապատաճառներով, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ օրերս Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզ է այցելել ուղղաթիռով՝ այն հսկող ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ:
Ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ շրջելը, փորձեցինք պարզել պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանից: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դա ընդամենը ստանդարտ միջոցառում է, որն իրականացնում են: Հարությունյանը հավաստիացրեց, թե որեւէ խնդիր չկա. «Ես չգիտեմ՝ երկու ուղղաթիռ ով է տեսել, որտեղ է տեսել, բայց մենք նախագահի եւ ընդհանրապես պահպանվող անձանց անվտանգությունից ելնելով՝ իրականացնում ենք ստանդարտ, այսպես ասած, պրոտոկոլային միջոցառումներ, որեւէ խնդիր չկա»:
Հարությունյանից փորձեցինք հետաքրքրվել՝ արդյոք նման ուժեղացված հսկողությունը պայմանավորված է Հայաստան մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեղափոխելու փորձի եւ դրա արդյունքում Սամվել Բաբայանի ձերբակալության հետ: Ի պատասխան՝ Հարությունյանը տեղեկացրեց. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, դա ընդհանրապես ձերբակալության հետ կապ չունի: Որեւէ մի նման միջոց նախագահի թե՛ ուղղաթիռը, թե՛ ինքնաթիռը խոցել ի վիճակի չէ, որովհետեւ երկուսն էլ համապատասխան համակարգերով ապահովված են: Եթե որեւէ մեկի մտքով անգամ անցնի ինչ-որ բան փորձել, որեւէ արդյունքի չի կարող հասնել»:
Հիշեցնենք, որ 2012 թվականին եւս մամուլում լուրեր շրջանառվեցին, որ երբ Սինգապուրից վերադարձող Սերժ Սարգսյանի նախագահական ինքնաթիռը մոտեցել է Հայաստանի օդային տարածքին, ՀՀ ԶՈԻ երկու կործանիչ եւ երկու ռազմական ուղղաթիռ են բարձրացել երկինք: Իսկ մեկական կործանիչ եւ ուղղաթիռ Սերժ Սարգսյանին ուղեկցել են մինչեւ Երեւանի կենտրոն: Դրանք տեղակայման վայրեր են վերադարձել այն ժամանակ, երբ Սարգսյանը բարեհաջող հասել է նախագահական նստավայր:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՕՐԱՊԱՀԻԿՈՎ ՈՒԺԱՅԻՆԸ
ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը բավական մեծ ունեցվածքի տեր է: ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Վիգեն Սարգսյանը Հյուսիսային պողոտայում ունի մեկ բնակարան, ինչպես նաեւ մեկ ավտոհանգրվան: Բայց տպավորիչը պաշտպանության նախարարի դրամական միջոցներն են՝ 15 մլն դրամ, 4000 եվրո, 90 հազար դոլար: Որպես եկամուտ Սարգսյանը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը՝ 13 մլն 632 հազար դրամ, իսկ նրա գործուղման օրապահիկները կազմել են 2 մլն 71 հազար դրամ: Ստացվում է՝ նա փող է հետ գցել նաեւ օրապահիկներից:
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԳՈՒՅՔԸ
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման վարչությունը վաճառքի է հանել ՀՀ նախագահականի նստավայրի գույքը: Այսպես՝ աճուրդի են հանվել 7 ավտոմեքենա, որոնք ունեն հին տարեթվի արտադրություն: Օրինակ՝ 2003 թվականի արտադրության 3 հատ 450-480 հազար դրամ արժեք ունեցող «Գազ-3110», որոնք ենթակա են նորոգման, երկու հատ 2003 թվականի արտադրության 2.2 մլն դրամով «ԲՄՎ 520 I», 3 մլն դրամով «ԲՄՎ 735» եւ 650 հազար դրամով «Աուդի A 6», 450 հազար դրամով «Գազ-31105-120» մակնիշի ավտոմեքենաները: Ի դեպ, աճուրդը կայանալու է ապրիլի 10-ին: Աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի գույքի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
ԿՀԱՍՏԱՏՎԻ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում կհաստատվեն Շիրակի պետական համալսարանի (նախկինում՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ) ռեկտորի պաշտոնում ընտրված Սահակ Մինասյանի ընտրության արդյունքները: Տեղեկացնենք, որ Շիրակի պետական համալսարանի՝ ռեկտորի թափուր տեղի մրցույթը տեղի է ունեցել մարտի 7-ին, իսկ միակ մասնակիցը Սահակ Մինասյանն է եղել: Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Նա պատրաստվում էր առաջադրվել Գյումրու քաղաքապետի ընտրություններում, սակայն գործող իշխանությունը նրան դա թույլ չտվեց: ՏԻՄ ընտրություններում Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունն առաջադրելուց հետո ՀՀԿ-ն որոշեց ինչ-որ չափով շահել նաեւ Մինասյանի սիրտը: Եւ կարճ ժամանակ անց վերջինս նշանակվեց Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար: Այժմ նա ռեկտոր է: Ի դեպ, մարզում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ս. Մինասյանը իր ղեկավարած հաստատության ամբողջ ձայները «նվիրելու է» ԲՀԿ-ին՝ հանձին ՇՊՀ նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի, որը «Ծառուկյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու է: