ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ ԴԵՂԻՆ ՔԱՐՏ ԵՆ ՑՈՒՅՑ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները համապետական ընտրություններից առաջ երբեք նման ծանր վիճակում չեն եղել, ինչպես այսօր: Միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ՝ միաժամանակ հիշեցնելով, որ իրենք այս ընթացքում ֆինանսական լուրջ օգնություն են ցուցաբերել՝ ընտրական գործընթացները պատշաճ կազմակերպելու համար:

Երեկ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել ՀՀ-ում ԵՄ, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները՝ նշելով. «Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ընտրական գործընթացների հետ կապված Հայաստանին նշանակալի ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն են ապահովել, այդ թվում՝ սարքավորումներ, որոնք կօգնեն ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ապրիլի 2-ին: Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով նշել Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցելու այս ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարության հանձնառու աշխատանքը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից դրա արդյունավետ իրականացումը խիստ սեղմ ժամկետներում: Մենք խորապես հավատացած ենք, որ այս քայլերը կնվազեցնեն քվեարկության օրը կեղծիքներ թույլ տալու հավանականությունը եւ կսահմանափակեն ընտրական գործընթացներին միտված միջամտությունները տեղամասերում: Մենք հստակ փաստում ենք, որ քվեարկությունը լինելու է փակ, եւ որ տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն: Մենք ողջունում ու պաշտպանում ենք վստահելի տեղական ու միջազգային դիտորդական նախաձեռնությունները, որոնց միջոցով Հայաստանի գրեթե բոլոր՝ 2009 տեղամասերում կապահովվի դիտորդական ներկայություն՝ նպատակ ունենալով ապահովել ընտրությունների անցկացման վերաբերյալ հավասարակշռված եւ օբյեկտիվ վերլուծություններ»:
Այսքանից հետո օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններն անդրադարձել են տեղամասերից դուրս կիրառվող ընտրակեղծարարության մեթոդներին՝ ընտրակաշառքին, ընտրողներին ահաբեկելու փորձերին, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերին՝ իրենց մտահոգությունը հայտնելով այդ ամենի կապակցությամբ. «Հարկ է նշել, որ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականը չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ: Մենք տեղյակ ենք, եւ մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերի օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումները: Մենք շարունակում ենք հորդորել ընտրություններին մասնակից բոլոր կողմերին հավատարիմ լինել Հայաստանի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն եւ կոչ ենք անում համապատասխան իրավապահ կառույցներին ու ընտրական կառույցներին անկողմնակալ ու համոզիչ կերպով իրականացնել գործող օրենքները: Հուսով ենք, որ ընտրությունների անմիջական արդյունքները ճանապարհ կհարթեն դեպի բարեկեցություն, խաղաղություն եւ առաջընթաց: Հայաստանի ժողովուրդն արժանի է դրան»,- ասված է դեսպանատների հայտարարության մեջ:
Օտարերկրյա դիվանագիտական կառույցների այս քայլը կարելի է համարել աննախադեպ. առաջին անգամն է, որ համապետական ընտրություններից առաջ դեսպանատները միասնական հայտարարություն են անում: Իսկ սրանով օտարերկրացի դիվանագետները ՀՀ իշխանություններին հստակ հասկացնում են՝ իրենք ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար մեծ գումարներ են ներդրել (մոտ 10-12 մլն եվրո) եւ սպասում են արդյունքի: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները պարտավոր են բացառել ընտրակաշառքը, բացառել ընտրողների ահաբեկումն ու վարչական ռեսուրսների հետագա կիրառումը. երեւույթներ, որոնք արդեն իսկ արձանագրվել են նախընտրական շրջանում: Այլ կերպ ասած՝ դեսպանատները «դեղին քարտ» են ցույց տվել Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով արդեն իսկ կատարված ապօրինությունների կապակցությամբ եւ զգուշացնելով «կարմիր քարտի» հավանականության մասին:
Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը երեկ ԵԺԿ համագումարի իր ելույթում ՀՀ-ում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հերթական խոստումն է տվել՝ ասելով. «Ընդամենը երեք օր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: …Հաշվի առնելով երկրի զարգացման առանձնահատկությունները՝ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման եւ ժողովրդավարական հաստատությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Մենք հանձնառու ենք եւ անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ»: Բայց, դե, մինչեւ հիմա տեղի ունեցած փաստերը վկայում են հակառակի մասին: Ու կախված ընտրությունների ընթացքից, արդեն պարզ կդառնա՝ արդյո՞ք դեղին քարտը կփոխարինվի կարմիր քարտով, թե՞ ոչ: Ամեն դեպքում, գնդակը գտնվում է իշխանությունների դաշտում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԿՔՆՆԱՐԿԵՆ
Նախօրեին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ՀՀԿ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը: Հիշեցնենք՝ դաշինքը ԿԸՀ-ին էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած ձայնագրությունները՝ դպրոցների եւ մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրենների մասնակցությամբ, որտեղ նրանք խոստովանում են, որ կուսակցության համար ձայների հավաքագրմամբ են զբաղվել: Սակայն ԿԸՀ 7 անդամները կողմ քվեարկեցին «ՕՐՕ» դաշինքի դիմումը մերժելու մասին որոշման նախագծին: ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը այդ առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Սպասելի էր, որորվհետեւ որեւէ անկախ մարմին վաղուց, ցավոք սրտի, գոյություն չունի: Եթե լիներ, բնականաբար, այս վիճակը չէր լինի, այսպիսի համակարգային հանցագործություն չէր լինի, խնդիրը այն չէ, որ դպրոցի տնօրենները ցուցակագրել են, խնդիրն այն է, որ դրանից հետո դրանք գնացել են համակարգված ձեւով մարզպետարաններ, Երեւանի դեպքում համայնքապետարաններ, քաղաքապետարան, գումարած դրան ՀՀԿ-ի ռեյտինգայինների շտաբներ, մենք գործ ունենք բոլոր կառույցներով համակարգված հանցագործության հետ»: Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ հաջորդ քայլի մասին պետք է դեռ մտածեն, իսկ ԿԸՀ-ի վճիռը բողոքարկելու համար կարող են դատարան դիմել, բայց դրա մասին եւս պետք է քննարկեն. «Ակնհայտ է, որ դատարանն էլ նույն որոշումն էր կայացնելու»,-եզրափակեց Մարտիրոսյանը:

 

 

ԷԼԻ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարությանը առաջիկայում 2 հազար 300 եվրոյի չափով գումար կհատկացնի: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով անցած տարվա հոկտեմբերի 20-ի վճռով՝ Հայաստանը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 2300 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշենք, որ դեռեւս 2010 թվականին Արա Հարությունյանը դանակի հարված էր հասցրել քաղաքացի Յ.Փ.-ին վերջինիս կողմից ատրճանակի կիրառման սպառնալիքից հետո, որը կռվի ընթացքում խլել էր: Ինչից հետո ատրճանակով Հարությունյանը ներկայացել էր ոստիկանություն, ապա ստորագրությամբ ազատ արձակվել, իսկ մի քանի ամիս անց երկու ամսով կալանավորվել էր: Այժմ ՄԻԵԴ վճռով սահմանվել է, որ Հարությունյանի իրավունքները ոտնահարվել են, ու նրա կալանավորման համար բավարար հիմքեր չեն եղել: Նշենք, որ իրավապահ օղակների եւ արդարադատության համակարգի այս բոլոր ապօրինությունները շատ թանկ են նստում հենց ՀՀ քաղաքացիների վրա. չէ՞ որ ՄԻԵԴ վճիռներով որպես փոխհատուցում սահմանված գումարները կառավարությունը հատկացնում է ՀՀ պետական բյուջեից, այսինքն՝ ՀՀ քաղաքացիներիս հարկերից, այնինչ՝ այդ գումարները կարող էին ծառայել շատ այլ կարեւոր նպատակների: Իսկ այն մարդիկ, որոնց պատճառով մեր երկրի դեմ վճիռներ են կայացվում, պետք է պատժվեն:

 

 
«ԵՐՎԵՐԵԼԱԿ»-Ը ԿՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԻ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Վերելակների մոնտաժմամբ եւ ներմուծմամբ զբաղվող «Երվերելակ» ընկերությունը կմասնավորեցվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Երվերելակ» ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը կմասնավորեցվեն մրցույթով: Նշենք, որ այդ հասարակ բաժնետոմսերի քանակը 1364 հատ է, յուրաքանչյուրի արժեքը կազմում է 4 հազար 417 դրամ: Ընկերությունը մասնավորեցման աճուրդի է ներկայացվում արդեն երրորդ անգամ: Նախորդ երկու աճուրդները չեն կայացել՝ հայտ չլինելու պատճառով: Արդյունքում անցած տարվա հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվել է ընկերության գույքի գնահատում, իսկ ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմել է 94 մլն 9 հազար 740 դրամ: Ի դեպ, «Երվերելակ»-ը ունի շենքեր-շինություններ, մասնավորապես արտադրամասի շենք, պահեստ, շինություն, որը 4-րդ կարգի վթարային է, ջրավազան, կիսակառույց շինություն եւ այլն: Իսկ ընկերության պարտավորությունները անցած տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 5 մլն 707 հազար դրամ: Մասնավորեցման արդյունքում պետական գույքի կառավարման վարչությունը նախատեսում է պետական եւ ՏԻՄ բյուջեներում եկամուտների ավելացում: Իսկ «Երվերելակ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքների բյուջեներ:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին: Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի եւ ԺՀՄԻԳ-ի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունն ու արժեւորել Հայաստանում ընտրական գործընթացներում ԺՀՄԻԳ-ի արդեն 11-րդ դիտորդական առաքելության իրականացումը։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ դիտորդական առաքելության մեջ ներգրավված են երեք տասնյակ երկարաժամկետ եւ շուրջ երեք հարյուր կարճաժամկետ դիտորդներ, որոնք իրենց առաքելությունը կիրականացնեն Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:

 

 

ԵԺԿ ՆԻՍՏԻՆ
Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Մալթայի Հանրապետություն` Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին եւ գագաթնաժողովին:
 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ: Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատեւ, ակտիվ եւ նպատակասլաց աշխատանք: Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները:




Լրահոս