ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ՝ «Ժողովուրդը» շարունակում է ներկայացնել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության հանրահռչակ դեմքերի օրենսդրական գործունեությունը, որոնց շարքում այսօր կանդրադառնանք գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի խորհրդարանական աշխատանքին: Ի սկզբանե արձանագրենք, որ սույն պատգամավորների խորհրդարանական առօրյան ավելի շատ նշանավորվում է սկանդալային հայտարարություններով, լրագրողների հետ վեճերով եւ այլն:

Մանվել Գրիգորյանի՝ խորհրդարանում հայտնվելը անմիջականորեն առնչվում է Արցախյան պատերազմի ժամանակ նրա ռազմական գործունեությանը: Նա 1992-93թթ. պատերազմական շրջանում զբաղեցրել է մի շարք գումարտակների հրամանատարների պաշտոններ, իսկ 1996-2000թթ. եղել ՀՀ ՊՆ 1-ին կորպուսի հրամանտար, 2000-2008թթ. աշխատել որպես ՀՀ պաշտպանության փոխնախարար: Հիշարժան է, որ Գրիգորյանը 1993թ. պատերազմում կռվելուն զուգահեռ ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, իսկ 1998թ. ավարտել արդեն ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: Նույն պատերազմական շրջանում Գրիգորյանը սկսել է նաեւ իր խորհրդարանական կարիերան՝ 1992թ. ընտրվելով ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո մինչ օրս ԵԿՄ վարչության նախագահն է: Հատկանշական է, որ Մ. Գրիգորյանի կարիերային հաջողությունները սկսվել են Վազգեն Սարգսյանի հետ մտերմությամբ, որի սպանությունից հետո գեներալը դարձավ ՀՀ պաշտպանության փոխնախարար, իսկ պաշտոնից զրկվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը համակրելու համար: 2008թ. ԵԿՄ՝ Գրիգորյանի գլխավորությամբ, չէր կողմնորոշվում՝ պաշտպանել Տեր-Պետրոսյանին, թե՞ Սերժ Սարգսյանին: Վերջինիս անվերապահ աջակցություն ցուցաբերելուց խուսափելու համար Ռոբերտ Քոչարյանը Գրիգորյանին հեռացրեց զբաղեցրած պաշտոնից: Ընդգծենք, որ Ս. Սարգսյանն այդ օրերին պաշտպանում էր այսօր իր հավատարիմ կողմնակից Գրիգորյանին հեռացնելու Քոչարյանի քայլը՝ պնդելով, որ գեներալը չէր ենթարկվել նախագահի հրամանին: Հետո, սակայն, Գրիգորյանը շտապեց զբաղեցնել իր տեղը Ս.Սարգսյանի կողքին՝ ԵԿՄ-ն վերածելով վերջինիս կողմնակիցների հավաքատեղիի: Այդ համերաշխության տրամաբանական հետեւանքն էլ դարձավ 2012թ. Մ. Գրիգորյանին տրված մանդատը ՀՀԿ ցուցակով: Ի դեպ, ԵԿՄ համագումարներից մեկի ժամանակ Գրիգորյանը Ս. Սարգսյանին գովելով՝ անվանեց «վերջին բոլշեւիկ»:
Էջմիածին քաղաքը համարվում է սույն պատգամավորի ֆեոդալական կալվածքը, որտեղ ամեն ինչ որոշվում է նրա ցանկությամբ: Մամուլը բազմիցս գրել է Էջմիածնում տիրող վախի մթնոլորտի մասին: Արժանանշանակ է նաեւ 2014թ. «Հետքի» հրապարակումը, որտեղ լայնորեն անդրադարձ էր կատարվել Մ. Գրիգորյանի ունեցվածքին, նրա սեփականությունը համարվող անշարժ ու շարժական գույքին եւ այլն: Տպավորիչ է նաեւ 5-րդ գումարման խորհրդարանում Գրիգորյանի ծավալած գործունեությունը: Նա ԱԺ-ում կողմ է քվեարկել 741 օրինագծերի, դեմ եւ ձեռնպահ՝ 6 եւ 0: ԱԺ նիստերից նա բացակայել է 191 անգամ, քվեարկությունից հրաժարվել՝ 25: Ըստ Parliament Monitoring-ի տվյալների՝ Գրիգորյանն այս ընթացքում ԱԺ ամբիոնին մոտեցել է 4 անգամ, հարցեր բարձրացրել 5 անգամ: Նշենք, որ Գրիգորյանն այսօր հանգրվանել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 17-րդ հորիզոնականում:

ԱԺ մյուս գեներալ պատգամավորը Սեյրան Սարոյանն է, որի ռազմական կրթությունը ավելի հարուստ է եղել: 1993թ. նա ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն ակադեմիական կուրսերը, 1996թ. Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիական դասընթացները, 2001թ. ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի դասընթացները, 2006թ. ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան՝ «Պետության ռազմական անվտանգութուն» մասնագիտությամբ: Ս. Սարգսյանը Սարոյանին ավելի շուտ է ԱԺ բերել՝ 2007թ., երբ նա ընտրվեց մեծամասնական ընտրակարգով եւ համալրեց ՀՀԿ խմբակցության շարքերը: 2008թ. Ս. Սարոյանը մեկն էր այն ազատամարտիկ պատգամավորներից, որոնք միացել էին Ազատության հրապարկում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցուցարարների բողոքին եւ համապատասխան հայտարարություն էին ստորագրել: Այն Ազատության հրապարակում ընթերցել էր ԱԺ պատգամավոր, «Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը: Սարոյանը, սակայն, անմիջապես հրաժարվել էր պաշտպանել հայտարարությունը՝ պնդելով, թե թյուրիմացաբար է ստորագրել դրա տակ: Մարտի 1-ի դեպքերից հետո Սարոյանը Մանվել Գրիգորյանի պես վերջնականապես հակվեց Ս. Սարգսյանի կողմը: Նա ԱԺ ամբիոնից նույնիսկ հրապարակավ պաշտպանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակումը, որին նախորդել էր Մանուկյանի կողմից հանրահավաքներից մեկում Ս. Սարգսյանի հասեցին հնչեցրած «հայհոյանքը»:
Այս ընտրություններում Սարոյանը ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է Արմավիրի մարզն ընդգրկող ընտրատարածքում: 2012-17թթ. նրա խորհրդարանական քվեարկությունները նույնպես չեն շեղվել ՀՀԿ-ի ավանդական գծից: Այսպես՝ Սարոյանը կողմ է քվեարկել 823 անգամ, դեմ 8 անգամ եւ ոչ մի անգամ ձեռնպահ: Նա քվեարկություններից հրաժարվել է 69 անգամ, բացակայել 65 նիստերից: Երկու գեներալ պատգամավորներն էլ մեծ հավանականությամբ կլինեն գալիք խորհրդարանում, եւ հաստատապես դեռ առիթներ կլինեն անդրադառնալու նրանց նախկին ու ապագա գործունեությանը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
«ՊՐՈՎԱԿԱՑԻԱՅՈՎ» ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԵՂԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ

Մեր զրուցակիցն է Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու Լյովա Խաչատրյանը:

-Պարո՛ն Խաչատրյան, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Ծառուկյան» դաշինքի ձայների թիվն օրեցօր մեծանում է: Հասկանալի է, որ ՀՀԿ-ն ձեռքերը ծալած չի նստելու: Ի՞նչ քայլեր եք մշակել՝ Ձեր ձայներին տեր կանգնելու համար:
-Պետք է ասեմ, որ մեզ քայլեր մշակել պետք չէ, ժողովուրդը մեզ հետ է, եւ ժողովրդի օգնությամբ ու մեր ակտիվիստների աջակցությամբ, ինչպես նաեւ մեր վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների օգնությամբ մենք մեր ձայներին տեր ենք կանգնելու: Ընտրական գործընթացին հետեւելու են բազմաթիվ միջազգային դիտորդներ եւ տեսանկարահանող սարքեր. համոզված եմ, որ մեր ձայները պահելու ենք:
-Տեղեկություններ կան, որ ՀՀԿ թեկնածուներն իրենց կողմից ցուցակագրված մարդկանց հրահանգել են ընտրության օրը քվեարկությունից հետո դուրս հանել «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը: Դուք ստացե՞լ եք այդ ահազանգը: Եվ ի՞նչ եք պատրաստվում անել:
-Այո՛, ստացել ենք նման ահազանգ: Միջազգային կառույցներն էլ տեղյակ են, եւ նման բան թույլ չենք տալու: Եթե նման դեպքերը շատ լինեն եւ որակապես ազդեն ընտրությունների արդյունքների վրա, տվյալ տեղամասի ընտրությունների արդյունքները չեղյալ են համարվելու: Կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, որովհետեւ մենք դա թույլ չենք տա:
-Պարբերաբար լուրեր են շրջում, թե Ծառուկյանն իր ձայները տալու է Սերժ Սարգսյանին: Հասկանալի է, որ ընտրական օրենսգիրքը նման հնարավորություն չի տալիս, բայց ինչո՞ւ է խոսվում այդ մասին, եւ ինչպե՞ս եք Դուք հակադարձում:
-Ձայն տվողը ժողովուրդն է եւ ժողովուրդն է որոշում, թե ում պետք է տա իր վստահության քվեն: Իսկ տրված ձայները ոչ մի տեսակ ֆիզիկական եւ տեխնիկական միջոցներով հնարավոր չէ նվիրել կամ տալ: Մենք մեր ձայներին տեր ենք լինելու, եւ ինքներս էլ մեր ծրագրերը իրականացնելու ենք: Եվ այն քաոսը տնտեսության մեջ, որ առաջացրել է իշխող մեծամասնությունը, դրանից ազատելու ենք ժողովրդին:
-Մարզում ո՞վ է Ձեր ամենաուժեղ ռեյտինգային մրցակիցը:
-Մարզում իմ ռեյտինգային մրցակիցը ժողովուրդն է, որի համակրանքն եմ փորձում հերթական անգամ շահել, եւ դա ինձ հաջողվում է:
-Ձեր հաղթանակի շանսերը ինչպե՞ս եք գնահատում:
-Ես իմ հաղթանակի շանսերը գնահատում եմ այնպես, ինչպես ինձ վերաբերվում է ժողովուրդը: 80 համայնքներում հանդիպումների ժամանակ այն ընդունելությունն ու վերաբերմունքը, որ ժողովուրդը ցուցաբերում է իմ նկատմամբ, արդեն ինձ համար իրական գնահատական է, թե ինչ արդյունք է արձանագրվելու:
-Ի վերջո, ո՞վ եւ ինչո՞ւ դանակահարեց Ձեր շտաբի երկու անդամներին, գործն ի՞նչ փուլում Է:
-Գործը քննության փուլում է, նման բաները թաքցնելն հնարավոր չի, ուղղակի տեսնելով իմ եւ «Ծառուկյան» դաշինքի բարձր ռեյտինգը՝ մարզում այս պրովակացիայով փորձում են շեղել ընտրական գործընթացներից, որը ինչ-որ չափով հաջողվում է:
-Ո՞վ կարող էր սադրել դանակահարությունը եւ ի՞նչ նպատակով: Այդտեղ Ձեր երբեմնի բարեկամ Աղվան Հովսեփյանը կամ նրա թիմն ի՞նչ առնչություն ունեն:
-Չեմ կարող նման բան ասել, քանի որ նման փաստ չունեմ, բայց որ այդ միջադեպը միանշանակ մրցակիցներից ինչ-որ մեկի կողմից կազմակերպված սադրանք էր, դա միանշանակ է:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

 
ԶՈՐԱԿԱՆՑԻՆ՝ ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԻՆ
Մարտի 24-ին խոշորացված Կողբ համայնքի գեղարվեստի դպրոցում կայացած հանդիպման ժամանակ Կողբ համայնքի մաս կազմող Զորական գյուղի բնակիչներից մեկը, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին հիշեցնելով, որ նա եղել է գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարար, հարցրեց՝ ի՞նչ կփոխվի, եթե ՀՅԴ-ն ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կազմի: Դ. Լոքյանը հայտարարեց, որ հանրապետության նախագահն է իրեն ստիպել դառնալ քաղաքաշինության նախարար, աղետի գոտում ինքը երկուսուկես տարում կառուցել է 25 հազար բնակարան, 194 դպրոց: Նա նաեւ հիշեցրեց, որ 1997թ. Նոյեմբերյանի երկրաշարժից տուժածներին պետբյուջեից 1 միլիարդ դրամ փոխհատուցելու նախաձեռնության հեղինակն ինքն է, գյուղնախարար աշխատելու ժամանակ ինքն է ներդրել մշակվող հեկտարի հաշվով 35 հազար դրամ սուբսիդիա հատկացնելու համակարգը եւ այլն: Նա ասաց, որ 2016թ. սեպտեմբերին ձեւավորվել է մի կառավարություն, որի գործունեության շատ սկզբունքներ համահունչ են դաշնակցության ծրագրային դրույթներին՝ պետության մասնակցություն տնտեսությանը, ուշադրություն սոցիալական խնդիրներին, հավասարության հարցեր: Լոքյանն ասաց, որ այսօր կառավարության մեջ լինելով՝ ՀՅԴ-ն «կարմիր գծեր» է սահմանել. Ղարաբաղի հարցում զիջումներ չարվեն, տնտեսական զարգացում լինի: Նա հայտարարեց, որ եթե տնտեսական զարգացում չլինի, ՀՅԴ-ն կառավարությունից դուրս կգա: Զորականցին ասաց, որ, ցավոք, ոչինչ չի փոխվում, իրենք իրենց մաշկի վրա չեն զգում իրականացվող ծրագրերի արդյունքները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս