ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ` ՄՆՋԱԽԱՂԻ ՄԻՋՈՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Երեւանի մնջախաղի պետական թատրոնն արդեն նոր շենք ունի (վերջին վերակազմավորումների արդյունքում Ազգային գրապալատը միացավ Հայաստանի ազգային գրադարանին, ՀՀ նախագահի հանձնարարականով` այդ տարածքը տրամադրվեց Մնջախաղի թատրոնին): «Ժողովուրդ»-ը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ զրուցել է իրենց ձեռքբերումների, պլանների, սպասվելիք ներկայացումների մասին:

-Պարո՛ն Դադասյան, այժմ, երբ Մնջախաղի թատրոնն արդեն շենք ունի, նոր հնարավորություններ են ընձեռվել, ի՞նչ քայլեր են արվում` առաջիկայում մնջախաղի հայ արվեստը հանրահռչակելու ուղղությամբ:
-Մենք փորձում ենք օգտագործել ժանրի տված բոլոր հնարավորությունները: Ինչպես գիտեք՝ ամեն տարի կազմակերպում ենք Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը, որը բավական ընկալելի է ամենատարբեր ազգերի համար: Ինքներս մասնակցում ենք մի շարք փառատոների, ընդ որում, ոչ թե մնջախաղի, այլ թատերական փառատոների, քանի որ մենք ունենք թատերային մտածողության գեղագիտություն: Վերջերս մասնակցեցինք Չելյաբինսկում անկացված «Человек театра» միջազգային փառատոնին, որտեղ միայն մենք էինք ներկայացնում մնջախաղի ժանրը: «Արդաղիոն» ներկայացումը դիտելուց հետո ռուսաստանցի, գերմանացի մի խումբ թատերագետներ վերլուծեցին այն եւ բավական տպավորված` կարծիք հայտնեցին, որ եթե փառատոնը մրցութային լիներ, մեզ կշնորհվեր «Գրան պրի» մրցանակ: Դրանից հետո միանգամից երեք տարբեր փառատոների մասնակցելու հրավերներ ունեցանք:
-Հայրապետական թեմի «Մենք» խուլերի մնջախաղի թատրոն-ստուդիան, որը համագործակցում է Մնջախաղի թատրոնի հետ, ամենաշատն ինչի՞ կարիք ունի:
-Ստուդիայի հետ բեմադրվում են նոր ներկայացումներ, օրինակ` եկեղեցական տոներին նվիրված փոքրիկ բեմադրություններ: Ի դեպ, նախորդ տարի, երբ թատերական ինստիտուտի իմ կուրսն էի հավաքում, ստուդիայից մի տաղանդավոր տղայի տարա իմ կուրս. հիմա նա լավագույններից մեկն է: Երբ նա բարձրանում է բեմ, ընկերների հետ էտյուդներ է խաղում, ոչ ոքի մտքով չի կարող անցնել, որ այդ տղան չի լսում: Մենք ուզում ենք ստուդիայի արտիստներին աշխարհում շրջելու, տարբեր փառատոների մասնակցելու հնարավորություն ընձեռենք: Դեռ միջոցներ չենք գտնում: Մեզ, օրինակ, Թբիլիսիի նմանատիպ մի ստուդիայից առաջարկել են համատեղ նախագիծ անել, բայց միջոցներ չունենք: Ամեն դեպքում, նրանք Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին հաստատ մասնակցելու են:
-Թատրոնն առաջիկա ի՞նչ ծրագրեր ունի:
-Գլոբալ իմաստով այս տարի երկու հիմնական խնդիր ունենք` առաջինը շենքի շինարարության խնդիրն է, որը կտեւի մինչեւ տարեվերջ, եւ երկրորդը` Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի կազմակերպումը: Այս անգամ այն կանցկացվի ոչ թե օգոստոսին, այլ հուլիսի վերջին: Պիկային այդ ժամանակահատվածում գրանցվում է զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի մեր երկիր: Սպասվում են նաեւ մարզային ելույթներ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում: Պատրաստում ենք երկու նոր ներկայացում, մեկը` մանկական, որի պրեմիերայով էլ նախատեսում ենք բացել թատրոնը, մյուսը` հրապարակախոսական:
-Հրապարակախոսություն մնջախաղի միջոցո՞վ:
-Այո՛, մնջախաղի միջոցով ամեն ինչ է հնարավոր անել: Թատրոնի երիտասարդներին ազատ դրսեւորելու լիակատար հնարավորություն է ընձեռվել, տեսնենք` ինչպիսին կլինի արդյունքը: Ենգիբարյանն ասում էր, որ ամենաշատը սիրում է մուլտիպլիկացիան, քանի որ այն ամենամոտն է մնջախաղին, այնտեղ, ինչպես մնջախաղում, ամեն ֆանտաստիկ բան կարող է տեղի ունենալ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 
«ՄԱՐԴԻԿ ԱՆԸՆԴՀԱՏ ԻՆՁ ԲԱԺԱՆԵԼ ՈՒ ՄԻԱՑՐԵԼ ԵՆ»

Երգչուհի Սյուզի Մելիքյանը աշխատում է նոր երգի վրա եւ շուտով այն կներկայացնի հանդիսատեսի դատին: Նա «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ կտրուկ ոճային փոփոխությունների չի դիմի, բայց կփորձի հետաքրքիր կերպով ներկայանալ. «Չեմ սիրում բավարարվել ունեցածով, կանգ առնել, միշտ ձգտում եմ ավելիին, թեեւ ունեմ հավատարիմ երկրպագուների բանակ եւ շնորհակալ եմ ամեն մեկին»,-ասաց Սյուզին:

Նա տեղեկացրեց, որ արտերկրից պարբերաբար ունենում է հրավերներ, իսկ վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է մի քանի կոորպորատիվ միջոցառումների: Հայտնի է, որ Սյուզին զբաղվում է նաեւ դիմահարդարմամբ, ուստի հարցրինք` այդ աշխատանքը նրա համար հոբբի՞ է, թե՞ արդեն մասնագիտություն. «Դա իմ երկրորդ մասնագիտությունն է, ասեմ, որ ունեմ այցելուներ շոու-բիզնեսից, որոնք իմ գործունեության հենց սկզբից հաճախել են ինձ մոտ: Այն, ինչ անում եմ, իմ անձնական բիզնեսն է, սակայն դեռ չեմ ընդլայնել դրա սահմանները»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը: Մենք հարցրինք` ճի՞շտ է արդյոք, որ Սյուզին նաեւ նկարում է. «Այո՛, եւ այդ շնորհը ես օգտագործում եմ դիմահարդարման մեջ»,-պատասխանեց նա:
Թերեւս հեռուստադիտողները կհիշեն, որ երբ հայկական հեռուստաշուկայում նոր էին հայտնվել սերիալները, Սյուզին արդեն նկարահանվում էր դրանցում: Մենք հարցրինք` արդյոք հիմա էլ նա ունի նման նախագծերից հրավերներ. «Ժամանակին սիրով նկարահանվել եմ, իհարկե, այժմ էլ ունեմ առաջարկներ, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ ընդունում դրանք, ցանկանում եմ կենտրոնանալ իմ հիմնական գործունեության վրա»,-շեշտեց նա:
Մեր զրույցի ավարտին Սյուզիի հետ զրուցեցինք նաեւ նրա անձնական կյանքի մասին. «Ես, ինչպես միշտ, անձնական կյանքս փակ եմ պահում. ժամանակին այն բաց եմ պահել, եւ ինձ անընդհատ բաժանել ու միացրել են, իսկ այդ քննարկումներն ինձ վրա վատ են անդրադառնում: Ո՞վ կուզենա, որ իր անձնականը դառնա քննարկման առարկա: Այս պահին իմ կյանքում, փառք Աստծո, ամեն բան նորմալ է»,-եզրափակեց նա:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս