Լուսանկարն արվել է Գյումրիում
Այս խանութն իր անունով հիշեցնում է խորհրդային տարիների խանութները: «Հետաքրքիր գներ» գրությունը գուցե իսկապես հետաքրքրությո՞ւն առաջացնի հաճախորդների մոտ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ովքեր կարող են գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ դառնալ: Եվ կցանկանայի իմանալ նաեւ՝ ի՞նչ ծառայություններ է մատուցում կոոպերատիվն իր անդամներին:
Նորայր Նալբանդյան (59 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի՝ կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական եւ տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ: Նշենք, որ կոոպերատիվի կողմից առաջարկվող ծառայությունները պետք է օգնեն արտադրողին արդյունավետությունն ու որակը բարելավելու համար: Բոլոր ծառայությունների ապահովման նպատակով կոոպերատիվը միշտ պետք է հաշվի առնի արտադրանքի համար նախատեսված վերջնական շուկան:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կոոպերատիվի անդամները մասնակցում են ե՛ւ որպես սեփականատեր, ե՛ւ որպես օգտատեր: Նրանք իրավունք ունեն մասնակցել կոոպերատիվի նպատակների ձեւակերպմանը, որոշումների կայացման եւ վերահսկման ու գնահատման գործընթացներին:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ հերթականությամբ են հաշվարկվում երաշխավորված ավանդները:
Գրետա Հայրապետյան (67 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում են ավանդների հիմնական գումարները (ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վճարման ավանդատուին, ավանդատուի բանկում բացված հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները եւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները), իսկ երկրորդ հերթին՝ վերը նշված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի եւ խնդրահարույց պարտավորության հաշվարկված դրական պարտավորության հիման վրա:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հիմնադրամը երաշխավորում է ՀՀ-ում գործող բանկերում (բացառությամբ իր՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերի), ինչպես նաեւ ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկի մասնաճյուղերում՝ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրված ավանդների հատուցումը: