Կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ՝ առաջինը սահմանադրական փոփոխություններից եւ երկրում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումից հետո: Այսօր այդ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է. ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 ուժերը՝ 5 կուսակցություններն ու 4 դաշինքները, այս ընթացքում ներկայացրին իրենց ծրագրերը, փորձեցին համոզել ընտրողներին: Թե նրանց որքանո՞վ հաջողվեց, ցույց կտան ընտրությունների արդյունքները:
Իսկ մինչ այդ, նկատենք, որ ԱԺ այս ընտրություններն առավել քան կարեւոր են. քանի որ միակ հնարավորությունն է լինելու առաջիկա հինգ տարիների իշխանությունը ձեւավորելու հարցում: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում այլեւս չեն անցկացվելու նախագահական ընտրություններ: Ուստի ապրիլի 2-ին քվեախցիկում ՀՀ քաղաքացին պետք է լրջորեն խորհի՝ ո՞ր ուժին է վստահելու մեր երկրի ապագան, ո՞ր ուժն է ի վիճակի իր վրա կրելու իշխանության ծանր ու պատասխանատու բեռը: Այնպես որ, ընտրությունը պետք է կատարել այդ գիտակցությամբ, այլ ոչ թե տուրք տալով ընտրակաշառքի, ճնշումների, ծանոթ-բարեկամի գործոնին:
Մեկ կարեւոր փաստ եւս. այս ընտրությունների անցկացման համար ընտրական օրենսգրքով ներդրվել են մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն ընտրակեղծիքները: Մնում է միայն ճիշտ ընտրություն կատարել՝ վաղը չզղջալու համար: Ձայներ կորելու հավանականությունը շատ քիչ է:
«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել Հրազդանի բնակիչներից այն մասին, որ իրենց մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական շտաբում 10 հազարական դրամ են բաժանում: Իսկ բաժանողներն էլ նույն Սանամյանի նախընտրական շտաբի աշխատողներն են: Այս թեկնածուն, հիշեցնենք, Հայաստանի ամենահայտնի ընտրակեղծարարներից մեկն է, որը երկար տարիներ զբաղեցնելով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը՝ անսահման հարստություն է դիզել եւ բոլոր ընտրություններում իշխող ՀՀԿ օգտին Կոտայքի մարզում ընտրակաշառք բաժանել: Ընտրակաշառքի հերթական ահազանգի մասով «Ժողովուրդ»-ը փորձեց Սանամյանից որոշ ճշգրտումներ անել: Սակայն նա հարցը լսելուն պես կորցրեց ինքնատիրապետումն ու սկսեց ճվճվալ. «Լսի՛, աղջիկ ջա՛ն, դու պատասխան կտաս էդ քո պրովակացիայի համար: Լսի՛, ինչ եմ ասում, ախչի, է՛յ, չփորձես հանկարծ իմ անունը պախարակես»: Ի դեպ, երեկ գումար բաժանելու մասով «Ժողովուրդ»-ը ահազանգեր ստացավ նաեւ մի քանի այլ մարզերից: Երեկվանից խանութներում եւ սուպերմարկետներում ամենաշատ վճարվող դրամը 10-20 հազար դրամանոցներն են եղել:
Ռեյտինգային այս ընտրակարգը լուրջ անհանգստություն է առաջացրել ՀՀԿ ներսում. ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները այս օրերին մրցակից-կուսակիցներից պաշտպանվելու մեթոդներ են փնտրում: Բանն այն է, որ ՀՀԿ վստահված անձինք հիմնականում նշանակված են մի թեկնածուի կողմից, իսկ մրցակիցները ո՛չ հանձնաժողովում վստահելի մարդ ունեն, ո՛չ էլ՝ վստահված ունենալու իրավունք: Եվ հնարավոր է՝ ՀՀԿ ռեյտինգային մի թեկնածուի ձայնը պարզապես վերցնեն, դնեն մյուսի ձայների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իշխանության թեկնածուները դիմում են ընդդիմադիր կուսակցություններին՝ խնդրելով ուշադիր լինել իրենց ձայներին: Այսպիսով՝ հանրապետականներն ընկել են իրենց իսկ հյուսած ծուղակը. ընտրական օրենսգիրքը հեղինակել են հենց ՀՀԿ ներկայացուցիչները՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, իսկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին այդ նախագծին՝ անտեսելով ընդդիմության ահազանգերը, որը նաեւ իրենց շահերից էր բխում:
ԱՄՆ պետդեպարտամենտը մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում անդրադարձել է նաեւ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իրադարձություններին: Այս առումով ԱՄՆ պետդեպը հատուկ ուշադրություն է դարձրել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը: Միաժամանակ պետդեպն անդրադարձել է քաղաքական իրավունքների պաշտպանությանը: «Պաշտոնյաները, օգտագործելով կառավարական ռեսուրսները, պահպանեցին իշխող ՀՀԿ-ի քաղաքական դոմինանտությունը՝ երկրում էլիտայի կողմից տնտեսական եւ քաղաքական ուժի չարաշահմամբ հարստացնելով աջակից անձանց, կոռումպացնելով օրինապահ մարմիններին. դատական իշխանության` սահմանափակելով դատական անկախությունը»,- ասված է այնտեղ: Անդրադարձ կա նաեւ լրագրողների նկատմամբ բռնություններին, եւ նշված է, որ դրանց հեղինակները դեռեւս չեն պատժվել «Շարունակում են չլուծված խնդիրներ մնալ ոչ ադեկվատ օրինապահ մարմինների կողմից իրականացվող բռնությունները եւ անօրինական հետապնդումները, քաղաքական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից լրագրողներին թիրախավորելը»:
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է
Մինչ Հայաստանում քաղաքական ուժերը պատրաստվում են հնարավորինս արդյունավետ օգտագործել իրենց քարոզչական արշավի վերջին օրը, աշխարհում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ, որոնք գալիս են ապացուցելու Ու. Չերչիլի երիցս ճշմարտացիությունը՝ ժողովրդավարության հետ կապված հայտնի գնահատականի շուրջ:
Ռուսաստանում, օրինակ, վերջին հակակոռուպցիոն ցույցերը ճնշելուց հետո երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարում է «գունավոր հեղափոխությունների» կործանարար բնույթի մասին՝ ըստ էության վերստին Արեւմուտքին մեղադրելով Ռուսաստանում մայդանային գործընթաց սկսելու փորձի մեջ: Այս երկրում վաղուց արդեն ընդվզման որեւէ դրսեւորում անմիջապես կապվում է մայդանի հետ՝ այդտեղից բխող բոլոր ռեպրեսիվ հետեւանքներով: /Ի դեպ, Մոսկվան անգամ երեւանում էր մայդանային տրամադրություններ տեսնում 2015թ. «Էլեկտրիկ Երեւանի» օրերին/:
Սակայն եթե Ռուսաստանի դեպքում ժողովրդավարական արժեհամակարգի արմատավորման որեւէ դրսեւորման աշխարհը վաղուց արդեն չի սպասում, իսկ հակառակին ուղղված Կրեմլի գործողությունները որեւէ մեկի համար զարմանալի չեն, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում նախագահ Թրամփի վարչակազմը շարունակում է զարմանքի նորանոր առիթներ տալ: Այսպես՝ սեփական փեսային Սպիտակ տանը «յողուտ պաշտոն» տալուց հետո Թրամփը ձեռնամուխ եղավ նաեւ դստերը՝ Իվանկա Թրամփին նախագահական նստավայրում սոլիդ դերակատարում ապահովելուն: Նախօրեին Թրամփը սիրասուն դստերը նշանակեց ԱՄՆ նախագահի հատուկ խորհրդական: Սեփական հայրիկին խորհուրդներ տալու համար Իվանկան, իհարկե, աշխատավարձ չի պահանջում, բայց դա, բնականաբար, հարցի սիմվոլիկ կողմն է:
Եվ մինչ աշխարհում ավանդաբար ժողովրդավարության ջահակիրը համարվող Միացյալ Նահանգներում, փաստորեն, Սպիտակ տունը հետզհետե վերածվում է ընտանեկան կենտրոնի, հարեւան Ադրբեջանում ընդդիմությունը պատրաստվում է ընդվզել Ադրբեջանը ընտանեկան փակ բաժնետիրական ընկերության վերածած Ալիեւների կլանի դեմ: Այստեղ ապրիլի 9-ին սպասվում են հանրահավաքներ՝ «Ոչ ընտանեկան իշխանությանն ու ընտանեկան թալանին» կարգախոսի ներքո:
Ահա այսպիսի պարադոքսալ զարգացումներ են ընթանում, որոնք վերստին գալիս են ցույց տալու, որ աշխարհի որեւէ երկիր ինքը պետք է ընտրի ի՛ր շահերից բխող կառավարման համակարգ: Չկա կատարյալ բանաձեւ, որը ներմուծելով ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից՝ կարող ենք երաշխավորված համարել, որ այն նույնքան հաջողված է լինելու այլ պետությունում: Հետեւաբար մեզ մնում է միայն առաջնորդվելով մեր երկրի առանձնահատուկ շահերով, մեր՝ աշխարհից տարբեր դարդ ու ցավով ու դրանց լուծման իրատեսական առաջարկներով՝ գնալ ընտրության: