ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԶԱՎԵՇՏԱԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԱԳՐՈՒՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ հօգուտ ՀՀԿ-ի ցուցակագրումներ կատարած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները մեծ աղմուկ բարձրացրին եւ եւս մեկ անգամ փաստեցին, որ իշխող կուսակցությունը նախընտրական շրջանում գործի է դնում իր վարչական լծակները: Սակայն, ինչպես եւ սպասելի էր, ՀՀԿ-ն այդ առնչությամբ հադես եկավ հայտարարությամբ եւ առանց որեւէ քննադատական խոսքի փորձեց կոծկել տեղի ունեցածը: «Ժողովուրդ» օրաթերթը հանրապետական նախարարներից հետաքրքրվեց, թե ինչպես են իրենք վերաբերվում այդ տնօրենների ցուցակագրումներին, եւ արդյոք իրենք եւս նման ցուցակագրումներ չեն կատարել:

Իգնատի Առաքելյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար
-Պարո՛ն Առաքելյան, որպես Հանրապետական կուսակցության անդամ, Դուք եւս չե՞ք դատապարտում ՀՀԿ-ի համար ցուցակագրումներ կատարած տնօրենների արարքը:
-… (լռում է):
-Գուցե արձագանքե՞ք, ինչպե՞ս կմեկնաբանեք նրանց արարքը:
-… (ժպտում է):
-Փաստորեն ժպիտով: Իսկ Դուք նման հրահանգ ստացե՞լ եք:
-Ո՛չ:

Վահան Մարտիրոսյան, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
-Պարո՛ն Մարտիրոսյան, Դուք էլ եք ՀՀԿ-ի անդամ, թեպետ որպես կուսակցական ակտիվություն չեք դրսեւորում, այնուամենայնիվ, որպես կուսակցական եւ որպես քաղաքացի ինչպե՞ս եք վերաբերվում այդ տնօրենների արարքին:
-Որպես կուսակցական խնդրում եմ՝ դիմեք կուսակցություն, թող կուսակցությունը պատասխանի, եթե ինձ եք ուղղում…
-Այո՛, բնականաբար հարցը հենց Ձեզ է ուղղված…
-Ոչինչ, թող իրենք պատասխանեն:
-Ինչպե՞ս, Ձեր փոխարեն պատասխանի կուսակցությո՞ւնը, նրա՞նք Ձեր տեսակետն արտահայտեն:
-Այո՛, ինչ է եղել, թող իրենք պատասխանեն:
-Կուսակցությունը հայտնել է իր դիրքորոշումը եւ փոխանակ թեկուզ ձեւական քննադատի տնօրենների այդ արարքը, փորձում է արդարացնել: Ձեր կուսակցությունը խրախուսո՞ւմ է ցուցակագրման նման գործեալաոճը:
-Չեմ կարծում: Կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է եւ իր դիրքորոշման համար եթե հարց ունեք, դիմեք կուսակցությանը:
-Իսկ Ձեզ հրահանգե՞լ են ցուցակներ ներկայացնել:
-Ի՞նչ ցուցակներ:
-ՀՀԿ-ին ընտրողների ցուցակներ:
-Ո՛չ:

Սուրեն Կարայան, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար
-Պարո՛ն Կարայան, 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տնօրենների կողմից կատարված ցուցակագրումները:
-Տեղյակ չեմ, թե ինչի մասին եք խոսում:
-Տեղյա՞կ չեք: Այդ տնօրենների մասնակցությամբ ձայնագրությունները մեծ աղմուկ բարձրացրին, Ձեր կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, լրատվամիջոցները բառացիորեն հեղեղված են այդ մասին նյութերով, եւ հիմա Դուք ասում եք, թե տեղյակ չե՞ք: Դուք մամուլ չեք կարդո՞ւմ:
-… (լռում է):
-Այդ դեպքերից հետո Ձեր կուսակցության պատգամավորության թեկնածուներից եղան մարդիկ, ովքեր խոստովանեցին, որ իրենց տվել են ցուցակներ: Ձեզ, որպես գերատեսչության ղեկավարի, հրահանգե՞լ են ցուցակագրումներ կատարել, թեկուզ աշխատանքից հետո:
-Ո՛չ:
-Իսկ Դուք ինքնակամ հրահանգե՞լ եք Ձեր ենթականներին, որ ընտրեն Հանրապետական կուսակցությանը:
-Ո՛չ, ո՛չ:

Վարդան Արամյան, ՀՀ ֆինանսների նախարար
-Պարո՛ն Արամյան, կարծում եմ՝ Դուք ծանոթ եք տնօրենների մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրություններին, որոնցում տասնյակ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար ցուցակագրումներ են կատարել: Իսկ Դուք ցուցակներ ներկայացրե՞լ եք ՀՀԿ-ին:
-Ո՛չ:
-Պարո՛ն Արամյան, Դուք, համեմատած Ձեր մյուս գործընկերների, վաղուց է, ինչ ՀՀԿ-ի անդամ եք: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ինքներդ հրահանգե՞լ եք, որ Ձեր ենթակաները ընտրեն ՀՀԿ-ին:
-Ո՛չ, բացարձակապես, ուղղակի մենք ասում ենք, որ դուք ընտրեք ձեր խղճի թելադրանքով եւ ձեր գիտակցությամբ:
-Լավ, տեղի ունեցածին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ես ամբողջությամբ այդ միջադեպի մանրամասներին չեմ տիրապետում, հետեւաբար որպես ֆինանսների նախարար չեմ կարող մեկնաբանել, դա իմ մանդատի ներքո չէ: Իսկ որպես քաղաքացի ասում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է անի այն, ինչ որ օրենքով իրեն թույլատրված է:

 

 

 
«ԷՆ «ՆԱՆՄԱՆՆ» Է, ՉԷ՞»

Երեկ տեղի ունեցավ կառավարության հերթական ու «վերջին» նիստը: Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարություն է ձեւավորվելու, եւ դեռ հայտնի չէ, թե իրականում ում օրերն են հաշված գործադիրում: Ինչեւէ, նկատենք, որ այս նիստը նախորդներից տարբերվեց ոչ ճշգրտությամբ. շեղվեց իր մեկնարկային ժամից գրեթե 15 րոպե եւ տեւեց սովորականից ավելի երկար, օրակարգում ընդգրկված էր 51 հարց, որից 27-ը ոչ զեկուցվողներն էին:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը, առանց նիստի ուշ սկսվելու պատճառաբանությանն անդրադառնալու, սկսեց մի շարք հանձնարարականներ տալ, որոնք, ի տարբերություն նախորդ նիստերի, այս անգամ քիչ էին: Անդրադարձ եղավ միջպետական եւ հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհներին, հանձնարարվեց ուսումնասիրել այդ ճանապարհների փաստացի վիճակը եւ ներկայացնել առաջարկություն դրանց վերաբերյալ: Վարչապետը, ով ակտիվորեն զբաղվում է նաեւ ՀՀԿ-ի քարոզչությամբ, կառավարության նիստերը եւս հաճախ օգտագործում է «նուրբ եւ զգուշավոր» քարոզչություն իրականացնելու համար: Մասնավորապես երեկ անդրադառնալով միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների եւ դրանց հարակից տարածքների կանոնակարգմանը՝ Կարապետյանը նշեց, որ մարզային այցելությունների ընթացքում արձանագրվել է միջպետական, հանրապետական նշանակության եւ միջհամայնքային ճանապարհների զգալի մասի ոչ բարվոք վիճակ։ Տարակուսելի է՝ արդյո՞ք քարոզարշավից առաջ վարչապետը երբեք ՀՀ մարզեր չէր այցելել եւ չէր նկատել ճանապարհների վիճակը, որոնցից շատերը կարծես արկակոծված լինեն, թե՞ հիմա այդ խնդրին անդրադառնալը ձեռնտու է:
Արդեն երրորդ անգամ կառավարությունը որոշում կայացրեց ոմն Արման Կատվալյանին պատկանող «Նանման» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրել: Երբ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց հարցը, վարչապետ Կարապետյանը, ի պատասխան, արձագանքեց. «Էն «Նանմանն» է, չէ՞: Ջինսերի արտադրություն…»: Առանց երկար-բարակ քննարկելու «էդ «Նանման»-ին» կրկին արտոնություններ տրվեցին:
Մինչ նիստերի դահլիճում ընթանում էին կառավարության հույժ կարեւոր քննարկումները, շենքի դիմաց քաղաքացիները կրկին բողոքի ակցիաներ էին անցկացնում: Նկատենք, որ գրեթե ամեն նիստի ժամանակ նոր բողոքավորներ են հայտնվում եւ բարձրաձայնում իրենց ոտնահարված իրավունքների մասին, բայց նրանց լսողներ չկան ու չկան:
Բավականին ագրեսիվ էին տրամադրված նաեւ կառավարության շենքը հսկող ավտոմատավորները, որոնք խոչընդոտում էին լրագրողիս աշխատանքին: Երբ ներքեւում սպասում էինք նախարարներին՝ հարցեր ուղղելու համար, ներսում «անվտանգությունը» հսկողները մոտեցան եւ բավականին անբարեկիրթ ձեւով դուրս հրավիրեցին շենքից, այն պատճառաբանությամբ, որ ներքեւ էր իջնում վարչապետ Կարեն Կարապետյանը: Հաշվի չառան անգամ այն հանգամանքը, որ կառավարության նիստերը լուսաբանելու համար հատուկ հավատարմագրված ենք: Դիտարկմանը, թե գուցե ցանկանում ենք հարց ուղղել վարչապետին, արձագանքեցին, որ նրան տեսնելիս չենք կարող հարցեր ուղղել, ավելին՝ շեշտեցին, որ հարց տալու համար պետք է ցուցակագրվենք: Ըստ երեւույթին, կառավարության անվտանգությունն ապահովողները ՀՀԿ-ի «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսի անվտանգություն բաղադրիչը այլ կերպ են ընկալել: Լավ կլիներ, որ ՀՀԿ-ի քարոզչությունն իրականացնող վարչապետը, ով անընդմեջ խոսում է փոփոխությունների մասին, այդ փոփոխությունները սկսեր սեփական աշխատակիցներին կարգի հրավիրելուց:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԻ ՆՄԱՆԱԿԸ
Երեկ ՀՀ կառավարության մուտքի մոտ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց. «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը իր օգնականի հետ ավտոմեքենայից իջավ եւ մոտեցավ կառավարության շենքի մոտ: Տոնոյանին տեսնելուն պես բողոքող քաղաքացիներից մեկը շտապեց նրա հետեւից՝ բարձրաձայն կանչելով. «Պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Սարգսյան»: Ի պատասխան՝ Տոնոյանը շրջվեց եւ քաղաքացուն ժպտալով՝ ասաց. «Ես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չեմ, այլ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը»: Իրոք, երկու նախարարներն արտաքնապես նման են միմյանց, եւ լավ չճանաչողը կարող է շփոթել:

 

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆ
Երեկ Կոմկուսի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ ԱԺ-ում հայտնվելու դեպքում Հայաստան կբերեն 16-17 մլրդ դոլարի ներդրումներ: Կոմկուսի ղեկավար Տաճատ Սարգսյանի խոսքով՝ աշխարհում կան հզոր միջազգային կոմունիստական շարժումներ, որոնց հետ հարաբերվելով՝ եզրակացրել են՝ ֆինանսական հեղափոխություն կկատարվի, եւ 16-17 մլրդ դոլարի գումար կներմուծվի Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը Սարգսյանից փորձեց պարզել, իսկ եթե չանցնե՞ն, այդ դեպքում կրկին կբերե՞ն այդ ներդրումները, թե՞ կսառեցնեն գործընթացը. «Մենք ժողովրդի ճակատագիրը չենք կապում անցնել-չանցնելու հետ, եթե նույնիսկ չանցնենք ԱԺ, չնայած դա մեր դատողության մեջ չի տեղավորվում, մենք այն կարծիքին ենք, որ ժողովուրդն իր ձայնը կտա կոմունիստական կուսակցությանը, չանցնելու դեպքում մեր քաղաքականությունը նույնն է, որովհետեւ դա կապված է ժողովրդի սոցիալական խնդիրների լուծման հետ»,- ասաց Սարգսյանը, սակայն դժվարացավ պատասխանել, թե որքան ժամանակ կպահանջվի նրանցից այդ ներդրումները բերելու համար: Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ խոստացել է մեծամասնություն կազմելու դեպքում 15 մլրդ դոլարի ներդրում բերել Հայաստան:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ
Իշխող ՀՀԿ-ն հերթական սկանդալի մեջ է հայտնվել. ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Տավուշի մարզի Պառավաքար գյուղում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ խոստացել է բնակիչներից մեկին վիրահատության համար գումար փոխանցել: Մինչդեռ, ինչպես հայտնի է, ԸՕ 19-րդ հոդվածն արգելում է քարոզչության ժամանակ ընտրողներին անհատույց գումար տալը: Այս մասին տեսանյութի հրապարակումից հետո ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ իրենք խախտման մասին իրազեկել են ՀՀԿ լիազոր ներկայացուցչին եւ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Մելիքյանին` պահանջելով դադարեցնել խախտումը եւ ձեռնպահ մնալ հետագայում օրենքի նման խախտումներ թույլ տալուց: «Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ երեկ զրուցեց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանի հետ, որը փորձեց արդարացնել ՀՀԿ-ի արարքը. «Ուղղակի քաղաքացին իրեն մոտեցել է, թղթերը ցույց է տվել, ինքն էլ ասել է՝ մենք պետպատվերով կօգնենք, վիրահատություն կանենք»,-ասաց նա:




Լրահոս