ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքի վերաբերյալ աշխարհում վիճակի մասին հերթական տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաեւ Հայաստանին եւ մասնավորապես անդրադարձ 2016 թվականի «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավմանը:

Չլուծված խնդիրներ
Ըստ զեկույցի՝ հուլիսի 17-ին, Երեւանում, «Սասնա ծռեր» անունը կրող զինված խմբավորումը հարձակվեց եւ գրավեց ՊՊԾ ոստիկանական գունդը՝ պատանդ վերցնելով մի խումբ ոստիկանների: ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած երկու շաբաթների ընթացքում «Սասնա ծռեր»-ը, ոստիկանների եւ բժիշկների պատանդ պահելով, պահանջում էին քաղաքական փոփոխություններ իրականացնել երկրում: Պատահարի ժամանակ խմբի անդամները ենթադրաբար սպանեցին ոստիկանական երեք ծառայակցի: Այդ ընթացքում Երեւանում եւ երկրի այլ վայրերում, ի աջակցություն «Սասնա ծռեր»-ին, բազմաթիվ բողոքի ակցիաներ եւ ցույցեր իրականացվեցին: Օրինապահ մարմիններն այդ ընթացքում անօրիանական ձերբակալություններ իրականացրին եւ անհավասար ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների, ինչպես նաեւ կոպիտ վարքագիծ լրագրողների նկատմամբ: Տեղի ունեցան մարդու իրավունքների այլ կոպիտ ոտնահարումներ: Տարվա ընթացքում, մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված ամենացայտուն խնդիրները օրինապահ մարմինների անպատիժ մնալն էր:
Պաշտոնյաները, օգտագործելով կառավարական ռեսուրսները, պահպանեցին իշխող ՀՀԿ-ի քաղաքական դոմինանտությունը՝ երկրում էլիտայի կողմից տնտեսական եւ քաղաքական ուժի չարաշահմամբ հարստացնելով աջակից անձանց` կոռումպացնելով օրինապահ մարմիններին, դատական իշխանության` սահմանափակելով դատական անկախությունը: Շարունակում են չլուծված խնդիրներ մնալ ոչ ադեկվատ օրինապահ մարմինների կողմից իրականացվող բռնությունները եւ անօրինական հետապնդումները, քաղաքական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից լրագրողներին թիրախավորելը:
Ի դեպ, նշենք՝ հուլիսյան դեպքերի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնությունների մասով հարուցված քրեական գործով նախաքննությունը դեռեւս ՀՔԾ-ում շարունակվում է, եւ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Մարտի 1-ի 10 զոհերը
Անդրադարձ կա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին: ԱՄՆ պետդեպարտամենտն իր տարեկան զեկույցում նշում է, որ իշխանությունները 2008թ-ին հետընտրական շրջանում առաջացած ընդհարումների արդյունքում մահացած 10 անձանց համար ոչ մեկին պատասխանատվության չենթարկեցին:
Քառօրյա պատերազմն ու առեղծվածային մահերը
ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում անդրադարձ կա նաեւ քառօրյա պատերազմին. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը մնաց ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկման առարկան Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ:
Ապրիլի 1-5-ը Հայաստանը ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում բռնությունների աճ գրանցեց, հուժկու բախումները հանգեցրին մեծամասշտաբ զոհերի: Բռնությունների պոռթկման ընթացքում երկու կողմերն էլ դիմեցին վայրագությունների, երկու կողմերն էլ բողոք ներկայացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով միմյանց այդ ընթացքում վայրագությունները հրահրելու համար»: Նկատենք, որ զեկույցում, բացի պատերազմական իրավիճակում մահվան դեպքերից, անդրադարձ կա նաեւ զինվորների առեղծվածային մահվան դեպքերին, ասել է, թե ոչ հակառակորդի կրակոցի արդյունքում մահացածներին. «Ոչ ռազմական իրադրությունում ռազմական ուժերում գրանցված զոհերը մնում են խնդիր: Ապրիլի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն արձանագրեց Հովհաննես Պետրոսյանի մահը, ում մարմինը գտել էին բեռնատար մեքենայի բեռնախցիկում՝ գլխի հատվածում հրազենային երկու վնասվածքով: Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Սակայն մահացած զինվորի հարազատները իրենց տված հարցազրույցներում հայտնել էին, որ չեն հավատում, որ իրենց երեխան կարող էր ինքնասպան լինել` նշելով, որ իրենց որդին լարված հարաբերությունների մեջ է եղել սպայի հետ»:

ԱՐԵՎԻԿ ԱԶՐՈՅԱՆ

 

 

 
13 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Արցախի Քաշաթաղի շրջանի Նորաշեն գյուղից Հայաստան տեղափոխված Վիրաբ Շաբոյանն իր բազմանդամ ընտանիքի հետ երեկ կառավարության շենքի առջեւ էր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վիրաբ Շաբոյանը տեղեկացրեց, որ ունի 13 երեխա, 14-րդ երեխան էլ կծնվի առաջիկայում:

Արցախում 114 հազար դրամ նպաստ ստացող ընտանիքը պնդում է, որ այնտեղ այդքան գումարով չեն կարողացել գոյատեւել. «Ինչպես կարող ենք ապրել այդքան գումարով, երբ Արցախում մեկ պարկ ալյուրն արժի 14 հազար դրամ»: Նա պատմեց նաեւ, որ Արցախի կառավարությունից «նեղացած է», քանի որ իր ընտանիքին անգամ մեկ մահճակալ չեն հատկացրել: Ավելին՝ Նորաշեն գյուղում իր երեխաները անցած տարի սեպտեմբերին չեն հաճախել դպրոց՝ հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ չունենալու պատճառով: Հարեւանների հատկացրած հագուստով եւ կոշիկով միայն նոյեմբերին են հաճախել դպրոց:
Այժմ Շաբոյանի ընտանիքը ապրում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում. «Մի քանի մարդիկ գումար հավաքեցին եւ մեկ սենյականոց բնակարանի վարձը տվեցին: Բայց մեկ ամիս հետո չգիտեմ՝ ինչ եմ անելու»,- մտահոգված նշեց բազմազավակ հայրը: Նա Հայաստանի կառավարությունից պահանջում է իրեն օգնել աշխատանք գտնելու հարցում, որպեսզի կարողանա կերակրել իր 13 երեխաներին: Ի դեպ, նշենք, որ երեկ քաղաքացուն մոտեցավ նաեւ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Սակայն բազմանդամ ընտանիքի բողոքը լսելու եւ նրանց ուղղություն ցույց տալու փոխարեն Ղազարյանը սկսեց նախատել, թե ինչու են թողել իրենց գյուղն ու եկել Հայաստան:
Ի պատասխան ՀՀ կառավարության դիմաց Շաբոյանների ընտանիքի բողոքին՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմից տեղեկացրին, որ Շաբոյանների ընտանիքը, որպես բազմազավակ ընտանիք, մշտապես գտնվել է շրջանի ղեկավարության ուշադրության կենտրոնում եւ ստացել է բազմակողմանի աջակցություններ: Ոչ միայն սոցիալական աջակցություններ են եղել, այլեւ աջակցություններ՝ սեփական տնտեսությունը ստեղծելու համար:
Նախ՝ Շաբոյանների ընտանիքը օգտվել է վերաբնակչին հասանելիք բոլոր արտոնություններից՝ ներառյալ անասնավարկի գումարից՝ 120 հազար դրամ: Նրանց 2 անգամ խոշոր եղջերավոր անասուն է հատկացվել «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամից: Եվս 4 խոշոր եղջերավոր անասուն տրամադրվել է Լիբանանում գործող «Արցախֆոնտ» բարեգործական կազմակերպության կողմից: Տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից տրվել է կենցաղային տեխնիկա՝ սառնարան, համակարգիչ եւ այլն: Մշտապես ցուցաբերվել է օգնություն սնունդով, հագուստով: Նաեւ՝ ընտանիքին «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից եւ շրջվարչակազմի ղեկավարի ֆոնդից հատկացվել է գումար եւ վառելանյութ:
«Սակայն Վ. Շաբոյանն ամեն ինչ անմիջապես վաճառում է, գնում հերթական ավտոմեքենան, անխնա շահագործում եւ շպրտում: Ներկայումս Վ. Շաբոյանի բակում կայանված է 5 ավտոմեքենա՝ քանդված վիճակում: Վ. Շաբոյանը քանդել եւ վաճառել է նաեւ 2010 թվականին, որպես բազմազավակ ընտանիքի, կառուցված բնակարանի պարիսպի դուռը, ցանցերը եւ խողովակները: Վերջինիս ընտանիքը Նորաշենիկ գյուղում ունի սեփականության իրավունքով տնօրինվող 2 բնակարան: Շաբոյանը սեփական երեխաներին դարձրել է զենք եւ փորձում է մշտապես գումարներ վաստակել առանց աշխատելու: Սա Վ. Շաբոյանի հերթական փորձն է»,- նշված է Քաշաթաղի շրջանի վարչակազմի պարզաբանման մեջ: Բացի այս՝ պարզաբանման մեջ նշված է նաեւ, որ 2016 թվականի սեպտեմբերից Շաբոյանը ձեւակերպվել է որպես վարորդ՝ սեփական երեխաներին դպրոց տանելու համար (տունը դպրոցից հեռու է մոտ 1 կմ), որի համար ստացել է համապատասխան քանակի վառելիք եւ աշխատավարձ՝ 69 հազար 630 դրամ: Կինը՝ Աննա Ասլանյանը, 2012 թվականից աշխատում է Արտաշավիի միջնակարգ դպրոցում բակի հավաքարար: Ամսական աշխատավարձի չափը` 69 հազար 630 դրամ է: Շաբոյանների ընտանիքը ստանում է նաեւ ամսական 114 հազար դրամ նպաստ եւ 20 հազար դրամ ավանդի տոկոս:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՈՒ ՏԵՂԱԿԱԼԻՆ ՀՍԿՈՒՄ ԵՆ
Արզական համայնքի ղեկավարի եւ նրա տեղակալի` պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված գործով վճիռը հրապարակվեց: 2016 թվականին Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսեսյանին եւ նրա տեղակալ Պարույր Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ 304 հոդվածի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Պարզվել էր, որ համայնքի ղեկավարն ու իր տեղակալը 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետեւանքով գյուղացիներին պատճառված վնասը ուռճացրել էին եւ ներկայացրել համապատասխան մարմիններին: Այս արարքի համար Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսեսյանը եւ նրա տեղակալ Պարույր Խաչատրյանը ազատազրկման դատապարտվեցին 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրանց նկատմամբ սահմանված պատիժը չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ համայնքի ղեկավարի եւ նրա տեղակալի վարքագծի վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության վրա:
 

 

 

ԳԱՂՏՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ
2016 թվականի մայիսի 31-ին իրավապահների ուշադրության կենտրոնում էին հայտնվել ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը:
Գեներալ-մայոր Չիլինգարյանը եւ գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում էին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: ՀՀ քննչական կոմիտեն դեռեւս այն ժամանակ հայտնել էր, որ տվյալներ կան, որ մատակարարված ապրանքի որակը չի համապատասխանել տեխնիկական պահանջներին, կամ գինը ինքնարժեքից բարձր է եղել: Նշանակվել էր դատաապրանքագիտական փորձաքննություն, որպեսզի հասկանալի լիներ, թե ինչ չարաշահումներ էին թույլ տվել ՊՆ պաշտոնյաներրը;
Իսկ ահա Մհեր Պապյանը կասկածվում էր ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերոնշյալ պաշտոնյաներից գնդապետ Արմեն Մարգարյանի մասով գործը օրերս ուղարկվել է դատարան: Ուշագրավ է, սակայն, որ դատական տեղեկատվական համակարգը ՊՆ գնդապետի մասով գործը գաղտնի է պահում, եւ հայտնի չէ, թե, ի վերջո, նա ինչ արարք էր կատարել, որի համար ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ձերբակալվեց:




Լրահոս