ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ԿՀԱՍՆԻ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մարզերում արդեն սկսել է ազոտական պարարտանյութերի բաշխումը: ՀՀ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքերով, սակայն, պարարտանյութ հատկացվել է գյուղացիների մի մասին միայն: Մինչդեռ գյուղատնտեսական տարին արդեն սկսել է: ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, անդրադառնալով այս հարցին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պարարտանյութ բաշխվում է այն գյուղացիներին, որոնք դրա դիմաց կանխիկ վճարում են: Ի դեպ, այս ընթացքում ՀՀ մարզերին բաշխվել է մոտ 3300 տոննա ազոտական պարարտանյութ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացավ, որ երկու մատակարարն էլ արդեն ազոտական պարարտանյութ ներկրել են այն քանակով, որքանի համար կա վճարումը: «Բաշխումը հասցեական է, որակը վերահսկվում է, պարկերի քանակը նույնպես: Մարզերից ստացված հասցեականություն կա, բայց պարարտանյութը բաշխվում է այն ժամանակ, երբ վճարումը կատարվում է: Այսինքն՝ ռիսկ չկա, որ գումարը չվերադարձվի: Մենք հավանաբար հաջորդ տարվանից կանցնենք պարարտանյութը չսուբսիդավորելուն եւ շուկան ընդհանրապես կազատականացվի: Գուցե այս դեպքում ավելի լավ արդյունքներ կարձանագրենք»,- ներկայացրեց գյուղնախարարը: Ի դեպ, նկատենք, որ նախորդ տարիներին գյուղացիներին ազոտական պարարտանյութը բաշխվել է, սակայն նրանք դրա համար նախատեսված գումարը ամիսներ անց են վճարել: Դեպքեր են գրանցվել, որ գյուղացիները պարտքեր են կուտակել եւ չեն վերադարձրել ստացած պարարտանյութի դիմաց գումարը: Հիմա, կարծես թե, գյուղատնտեսության նախարարությունը գործելաոճը փոխել է. այժմ ԳՆ-ն գյուղացուն սուբսիդավորման շրջանակներում պարարտանյութ բաշխում է միայն կանխիկ վճարելու դեպքում:
Ի. Առաքելյանը հայտնեց նաեւ, որ այժմ պարարտանյութ է ներմուծվել Վրաստանից: Նկատենք, որ ներքին շուկայում իրանական եւ վրացական պարարտանյութերը տարբեր գներ ունեն: Այսինքն՝ վրացական պարարտանյութն ավելի մատչելի է, քան իրանականը: Հարցին՝ ինչու իրանական պարարտանյութ չի ներկրվել ՀՀ, գյուղնախարարը պատասխանեց, որ Իրանում այժմ տոներ են, ինչի պատճառով գործարանները չեն աշխատում: «Երբ սկսեն գործարանները աշխատել, մենք կունենանք նաեւ իրանական արտադրության պարարտանյութը: Բայց երկուսն էլ նույն գինն ունեն՝ 7000 դրամ, որից, ի դեպ, 1000 դրամը սուբսիդավորում է պետությունը»,- հավելեց Ի. Առաքելյանը: Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում մարզերին բաշխվել է մոտ 3300 տոննա պարարտանյութ. «Բայց եթե մենք գումար, ցուցակ չստանանք, ապա մենք չենք կարող շարունակել դրա բաշխումը: Ամեն բան կախված է համայնքներից: Իրենք պետք է վճարեն, ցուցակ ներկայացնեն: Պարարտանյութը կա»:
«Ժողովուրդ»-ը գյուղնախարար Իգնատի Առաքելյանին փոխանցեց նաեւ գյուղացիների մտահոգությունները՝ կապված գյուղմթերքի իրացման հետ: Բազմաթիվ դեպքերում գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ: Հայաստանի գլխավոր գյուղատնտեսը հայտարարեց, որ այդ խնդրի լուծումը կա, սակայն միջոցները՝ ոչ: «Քանի որ մտածում էինք վերամշակողների համար ներդնել էժան վարկային ռեսուրս, որով էլ նրանք գյուղացիական տնտեսություններին կվճարեին մթերման դիմաց, ուղղակի այս պահին մենք գումարի սղություն ունենք: Բոլոր դեպքերում ծրագիրը ներկայացված է, պետք է կարողանանք այդ մթերման ժամանակաշրջանում թեթեւացնել գյուղացիների բեռը: Փակված չէ թեման: Դա է ուղղությունը. մթերողների համար ստեղծել էժան ֆինանսական ռեսուրս: Տեսնենք՝ կարողանո՞ւմ ենք ֆինանսական այդ միջոցները հայթայթել, թե՞ ոչ»,- անկեղծացավ գյուղնախարարը:
Ի դեպ, ՀՀ կառավարության երեկվա նիստում հաստատվեց գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակում գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մինչեւ14 տոկոս վարկերը կսուբսիդավորվեն 6 տոկոսային կետով: Նշենք, որ ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածում տրամադրվել է մոտ 99 մլրդ դրամի 119 հազար միավոր վարկ: «Հաջորդ տարվանից ծրագրում հնարավոր է փոփոխություններ տեղի ունենան. այն վարկերը, որոնք սուբսիդավորված գնալու են գյուղացիական տնտեսություն, պետք է ներակայացնեն ծրագիր, թե ինչի համար է այդ վարկը տրվում, որից հետո հիմնադրամը հաստատելու է դա, ապա քաղաքացին իրավունք է ունենալու բանկ դիմելու: Քանի որ այսօր կան դեպքեր, երբ գյուղացիները ստանում են վարկեր ու ոչ նպատակային են ծախսում: Ըստ այդմ, պետության փողերը գնում են ոչ նպատակային»,- նկատեց Իգնատի Առաքելյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Տավուշի մարզի բնակիչների մի մասը հույս ունի, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունները, թեկնածուները, որպես ընտրակաշառք, գումարներ կբաժանեն ընտրողներին: Սահմանամերձ, հեռավոր մարզում բնակվող, սոցիալական դժվարին վիճակում գտնվող մարդիկ մտածում են, որ ընտրակաշառքի գումարները ժողովրդից թալանված փողեր են, որ «շնից մազ պոկելը» օգուտ է: Մինչ բնակիչները «մազ պոկելու» սպասելիքների մեջ են, նոր թանկացումները նրանցից լրացուցիչ գումարներ են կորզում՝ էլ ավելի վատացնելով նրանց սոցիալիական դրությունը: Վերջերս թանկացավ հայկական արտադրության ծխախոտը, տարբեր անվանումներով յուրաքանչյուր տուփ սիգարետի գինը բարձրացավ 5-20 դրամով: Տավուշի մարզկենտրոն Իջեւանի բնակիչները բողոքում են, որ 2 օր առաջ թանկացել է քաղաքում վաճառվող բենզինը: Եթե նախկինում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր 360 դրամով, այժմ այն իրացվում է 390 դրամով: 30 դրամով թանկացել է նաեւ «Պրեմիում» տեսակի բենզինը: Եթե նախկինում այդ տեսակի բենզինի մեկ լիտրի գինը Իջեւանի բենզալցակայաններում 380 դրամ էր, հիմա 410 դրամ է: Նոյեմբերյան քաղաքի մթերային խանութում մեկ կիլոգրամ շաքարավազի գինը 450 դրամ է: Վաճառողն ասաց, որ շաքարավազը դեռեւս 2016թ. դեկտեմբերին է թանկացել: Իսկ Իջեւանի սուպերմարկետում շաքարավազի գինը այժմ 405 դրամ է: Իջեւանի բնակիչները հայտնեցին, որ 2016թ. ամռանը մարզկենտրոնի խանութներում շաքարավազի գինը 330, աշնանը 350-360 դրամ էր: Նոյեմբերյանի մթերային խանութների վաճառողների խոսքով՝ թանկացումը կատարվում է պարբերաբար, փոքր չափով: Ամեն անգամ խանութներում սննդամթերք հանձնելիս ապրանքների առաքիչները հայտնում են նոր գներ, որոնք նախկինից 5-10 դրամով թանկ են լինում: Այդպես է արվում, որպեսզի կտրուկ թանկացում չլինի, եւ գնորդները մեծ դժգոհություն չհայտնեն: Արդյունքում՝ գների աստիճանական բարձրացումը հաճախ աննկատ է մնում սպառողների մեծ մասի ուշադրությունից:

 

 

ՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ԿՄՆԱՆ
Համապետական յուրաքանչյուր ընտրություններից հետո տարբեր շինությունների պատերին երկար ժամանակ մնում են արեւից եւ տեղումներից խունացած, մաշված պաստառներ, բաներներ: Տավուշի մարզի թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանին հարցրինք, թե ապրիլի 2-ից հետո ո՞վ եւ ե՞րբ է հանելու դրանք: Նա ասաց, որ նախընտրական պաստառներն ու բաներները խելամիտ ժամկետում պետք է հանեն իրենք՝ փակցնողները: Եթե նրանք չհանեն, այդ գործը պետք է անեն այն համայնքապետարանները, որոնց տարածքում փակցված են այդ քարոզչական նյութերը: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի վարչական տարածքում, Դեբեդի ափին հառնող ծառերի վրա, Բաղանիս-Ջուջեւան ավտոճանապարհի եզրի պատին ԱԺ պատգամավորության թեկնածուների նկարներ են փակցված: Դժվար է հավատալ, որ ապրիլի 2-ից հետո թեկնածուները կամ համայնքապետարանները պատերից այդ նկարները քերել-մաքրելու են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս