Լուսանկարն արվել է Գյումրիում
Գյումրիում ամբողջովին փլուզվել է Խանջյան փողոցի 9-րդ շարքի 24 առանձնատան միջնապատը, իսկ առաստաղի որոշ քարեր, էլեկտրալարերից կախված, մնացել են օդում: Փլուզվածը տան խոհանոցն ու սանհանգույցը միմյանցից տարանջատող պատն է: Այժմ Ալավերդյանները չեն կարողանում տան այս հատվածը օգտագործել: Փլուզման հետեւանքով վնասվել են գազօջախը եւ բնակարանը գազով սնուցող խողովակը, ինչի պատճառով գազի ներտնային ծառայության գրասենյակը թույլ չի տալիս՝ օգտվեն բնական գազից: Գումարի բացակայության պատճառով ընտանիքը չի կարողանում հեռացնել պատի բեկորները եւ վերանորոգման աշխատանքներ սկսել: Ընտանիքում թեեւ երեք անչափահաս երեխա կա, բայց ընտանեկան նպաստ ծրագրի շահառու չեն, քանի որ նշյալ հասցեում այլ մարդիկ կան հաշվառված:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է իրենից ներկայացնում մանկավարժական մասնակի կենսաթոշակը: Եվ կցանկանայի իմանալ, թե ո՞վ կարող է ստանալ այն:
Գեղեցիկ Վարդանյան (60 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի՝ մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: Մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնագիտական աշխատանքային ստաժին համամասնորեն: Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնագիտական աշխատանքային ստաժին համամասնորեն: Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: Նշենք նաեւ, որ մասնակի կենսաթոշակի հաշվարկման, նշանակման եւ վճարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ծառերի էտի համար ո՞ր ժամակաշրջանն է ավելի նպաստավոր: Ե՞րբ է անհրաժեշտ կատարել պտղատու ծառերի էտը:
Հարություն Մանուկյան (50 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ պտղատու ծառերի էտը պետք է կատարել դրանց հանգստի շրջանում: Էտի կատարման ժամկետները կախված են տեղի կլիմայական պայմաններից: Արարատյան հարթավայրում խնձորենին, տանձենին, ծիրանենին, սալորենին եւ բալենին կարելի է էտել փետրվարի երկրորդ կեսին՝ օդի դրական ջերմաստիճանի դեպքում, իսկ դեղձենին խորհուրդ է տրվում էտել մարտի սկզբին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Էտը, ըստ կատարման ժամկետի, լինում է ձմեռային եւ ամառային: Ձմեռային էտը կատարում են այն շրջաններում, որտեղ խիստ ցրտեր չեն լինում, կամ էտը կատարում են ուժեղ ցրտերից հետո: Ամառային էտի նպատակն է կարճացնել եւ նոսրացնել կանաչ շիվերը եւ հոռաշիվերը: Ի դեպ, առանձին ծառատեսակներ պահանջում են յուրահատուկ էտ եւ ձեւավորում: Հիշեցնենք, որ դեղձենին պտղաբերման է անցնում 4-5 տարում եւ երկարակյաց չէ: