Չորս նախարարի պորտֆել վերանայելու կարիք կա. Գագիկ Մակարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մայիսի սկզբին հայտնի կլինի ՀՀ կառավարության նոր կազմը: Այս օրերին բոլորին հետաքրքրում է, թե որ նախարարներն են լինելու կառավարության նոր կազմում, որոնք՝ ոչ: ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ 4 նախարարի պորտֆել վերանայելու կարիք կա:

-Պարո՛ն Մակարյան, խորհրդարանական ընտրությունները Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կարող են թողնել:

-Կարծում եմ, որ դրական ազդեցություն կունենան: Իսկ միջազգային դոնորների տեսանկյունից ընտրությունները այս անգամ ավելի հաջող են անցել: Արդյունքում ունենք ե՛ւ իշխող կուսակցություն, ե՛ւ ընդդիմադիր բլոկ: Դա կարեւոր է, որովհետեւ Եվրամիությունը մեզ հետ շատ է աշխատում եւ որպես դոնոր երկրների միավորում տալիս է գումարային բավականին օգնություն: Հետեւաբար խորհրդարանական ընտրությունները այդ առումով չեն ընդհատի, այլ կշարունակեն օգնությունները եւ ռեֆորմներին տրվող աջակցությունները, այդ թվում նաեւ համագործակցության տարբեր ծրագրեր, գրանտներ կլինեն, թեեւ պետական վարկի ձեւով: Բացի այդ, ներդրումները, որոնք որ պետք է մուտք գործեին մեր հանրապետություն, դրանց մեծ մասը պայմանավորված էր հենց վարչապետի անձով: Եթե Կարեն Կարապետյանը իր աշխատանքային ոճը պահպանի, ապա նրանք, ովքեր մտադրություն ունեին գալ այստեղ՝ ներդրում անելու, իրենց կյարծիքը չեն փոխի: Վարչապետը կմնա, իր թիմի մի մասը՝ նույնպես, բայց նոր մարդիկ կլինեն:

-Հաջորդ ամսվա սկզբին արդեն պարզ կլինի կառավարության նոր կազմը: Արդյո՞ք այս փոփոխությունները չեն խաթարի մեր պետական համակարգի աշխատանքը: Չէ՞ որ նոր մարդիկ կգան, նոր թիմ, կլինեն պաշտոնակություններ, նշանակումներ…

-Նրանք եղած խնդիրներին արդեն սովորած պետք է գան: Հարկավոր է ճիշտ որոնել, որպեսզի ճիշտ թեկնածուներ գտնել, որովհետեւ կան մարդիկ, ովքեր փորձ ունեն տարբեր ոլորտներում աշխատելու: Ես կարծում եմ, որ նոր նախարարների մեջ եւս կա անհրաժեշտություն՝ փոփոխություններ կատարելու: Ես կարծում եմ, որ 4 նախարարի պորտֆել վերանայելու կարիք կա:

-Կնշե՞ք, թե կոնկրետ որ նախարարարներին նկատի ունեք…

-Դեռ ոչ: Դրանք առանցքային նախարարություններն են: Ընդհանրապես պետք է ընդունել, որ ոչ մի նախարարություն ավելորդ չէ, եթե նա իր տեղում ճիշտ է աշխատում: Բայց խնդիրը միայն դա չէ: Նախարար փոխելը փոքրագույն երեւույթն է, շատ ավելի կարեւոր է փոխել միջին օղակները կամ դրանք ուժեղացնել՝ վարչության, բաժնի պետերին: Օրինակ՝ պետական համակարգում կան երիտասարդներ, որոնք թեեւ լեզուներ գիտեն, բայց կյանքի փորձ, գիտելիքներ, տնտեսական ոլորտի գործունեության փորձ չունեն: Կան նաեւ վարչության պետեր, որոնք հնացել են իրենց գործելակերպով: Նրանք այնքան զբաղված են, որ չեն հասցնում ինքնակրթմամբ զբաղվել, այդ մասնագետները ծերանում են ոչ թե տարիքային, այլեւ գիտելիքի առումով: Հետեւաբար, ստացվում է այնպես, որ իրենք չեն կարողանում իրենց ֆունկցիոնալ դերակատարությունը ապահովել:

-Պարո՛ն Մակարյան, հետընտրական շրջանում արդեն արձանագրվել են մի քանի ապրանքատեսակների թանկացումներ… Որոշ մասնագետներ պնդում են, որ դրանք արձանագրվել են, քանի որ նախընտրական շրջանում ֆինանսական ռեսուրսներ են ծախսվել, ինչն էլ հետ վերադարձնելու խնդիր են լուծում դրանք ներմուծող օլիգարխները: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:

-Բնականաբար: Ես չեմ ժխտում: Բայց ես կարող եմ ասել որ այդպես կարող է տեղի ունենալ, քանի որ որոշ մարդիկ նախընտրական շրջանում կաշվից դուրս եկան, միլիոնների հասնող դոլարներ անմիաստ ծախսեցին, երբ կարող էին բարեգործական նպատակներով կամ բիզնեսի վրա ծախսել: Ու քանի դեռ հանրապետությունը ուշքի չի եկել, դեռ գլուխները խառն է, ցուցակներ են ամփոփում եւ այլն, այդ մարդիկ փորձում են այս արանքում որքան հնարավոր է՝ ծախսած գումարները հետ բերել: Երեք մոդել կա. կա՛մ իրենք իրենց արտադրանքը թանկացնում են, կա՛մ պետք է ստվերային շրջանառությունը ավելացնեն գումարները հետ բերելու նպատակով:

Իսկ որոշ մարմիններ դրա առաջ աչքները փակում են, թույլ են տանլիս դա նրանց անել, որովհետեւ թույլ են տվել ընտրություններում ծախսել, եւ հիմա պետք է ասեն՝ հետ բեր էդ փողը: Կամ էլ՝ դա ծախսվել է իրենց գրպաններից, ու չի վերադարձվի:

Բայց եթե կառավարությունը շարունակելու է իր սկզբունքները պահել՝ կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարել, իսկ տեսչական մարմինները թույլ չտան, որ տնտեսվարող սուբյեկտները գնան ստվերի, ապա կստացվի, որ իրենք իրենց գրպանի փողը ծախսեցին ընտրությունների համար, իրենց շահույթի հաշվին ու չեն վերադարձնի: Ու դա իրենց համար կլինի որոշ չափով խրատ, որպեսզի հետագայում իրենք իմանան՝ արդյոք կարիք կա այդքան ծախսել դրա վրա:

-Միեւնույն է՝ թանկացումների արդյունքում կրկին տուժելու է ժողովուրդը…

-Ինչ վերաբերվում է ժողովրդին, ապա կարող եմ ասել հետեւյալը՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Նույն ժողովուրդը վերցրեց փողերը, դրա դիմաց տվեց ձայներ, կարեւոր չէ, թե ում է քվեարկել, բայց նա ուշ թե շուտ դա կորցնելու է: Այսինքն՝ իրեն թվաց, թե շահել է, բայց իրականում մեկ ամիս անց նա կտեսնի, որ թանկացումների պատճառով 10 հազար դրամից ավել փող է ծախսել:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս