ՖՈՏՈ. Վանաձոր քաղաքի այգիներն ու պուրակները գտնվում են անմխիթար վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր քաղաքի այգիներն ու պուրակները գտնվում են, մեղմ ասած, անմխիթար
վիճակում: Յուրաքանչյուր տարի հանգստյան սեզոնին Վանաձոր այցելող հյուրերը փաստի առաջ են կանգնում. չկան ժամանցի վայրեր, չկան բարեկարգ այգիներ ու պուրակներ: Քաղաքի միակ պուրակը, որտեղ քիչ թե շատ կարելի է հանգստանալ, Երկաթուղայինների անվան զբոսայգին է, որտեղ որոշ չափով պահպանվում է ոչ միայն մաքրությունը, այլեւ լուսավորությունը: Քաղաքի մնացած այգիներում լուսավորության ու մաքրության խնդիրը շատ սուր է: Նշենք, որ այգիները Վանաձորի քաղաքապետարանը վարձակալության է տվել մի քանի կազմակերպությունների, որոնք, սակայն, բացառապես զբաղված են շահույթ ստանալով` իսպառ անտեսելով քաղաքացիների համար հաճելի եւ բարեկարգ միջավայր ապահովելու իրենց պարտավորությունը:

Վանաձորցի Կարինե Պետրոսյանի խոսքով՝ ինքն ամեն անգամ փաստի առաջ է կանգնում, երբ ցանկանում է իր երկու երեխաներին զբոսանքի տանել. «Ամեն տարի նույն վիճակն ա, մենակ կայարանի սադն ա քիչ թե շատ նորմալ, էդ էլ մի մասը մենակ, մյուս այգիները առհասարակ աղբանոց են դարձել, որտեղ հատկապես մութ ժամերին մտնելն անթույլատրելի է»,-ասում է նա ու հավելում, որ նույն այդ Երկաթուղայինների անվան զբոսայգու կարուսելներն էլ մաշված ու վտանգավոր են օգտագործման համար.«Ժամկետանց, ջարդած կառուսելների վրա են երեխեքը խաղում, ո՛չ ասֆալտ կա, ո՛չ նորմալ լուսավորություն, ո՛չ էլ…ու սա մեր քաղաքի երեխեքի ամենալավ հանգստի վայրն է»:

Քիմիագործների այգին եւս գտնվում է քարուքանդ վիճակում, ժամանակին կառուցված կարուսելներից այսօր միայն մետաղե աղբ է մնացել: Նույն պատկերն է նաեւ Սայաթ-Նովայի անվան զբոսայգում, որը նախորդ տարի հետ է վերցվել վարձակալից ու անցել քաղաքապետարանի պահպանությանը: Նշենք, որ Քիմիագործների այգու մի հատվածում նախատեսվում է կառուցել «Թումո» կենտրոն:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի ժխտում՝ քաղաքի այգիներում եւ պուրակներում անելիքներ շատ կան: Ասլանյանի խոսքով՝ պետք է սկսել վարձակալների հետ կնքված պայմանագրերը վերանայելուց եւ նրանց հստակ պարտավորեցնելուց, թե ով երբ ու ինչ պետք է անի իր վարձակալած տարածքում, որպեսզի ոչ միայն շահույթ ստանա, այլ նաեւ բնակչության ժամանացն ապահովվի. «Սոցներդրումների հիմնադրամի հետ համատեղ ծրագիր կիրականացնենք՝ Սայաթ-Նովայի անվան զբոսայգին բարեկարգելու համար, բանակցություններն ընթացքի մեջ են: Նաեւ իմ կողմից բանակցություններ են տարվում մի քանի այլ պուրակներ եւս բարեկարգելու, ինչպես նաեւ նորերը ստեղծելու ուղղությամբ: Այօր տարածքներ կան` հասարակական նշանակության, որոնք տրամադրվել են այս կամ այն մարդուն՝ առանց հստակ զարգացման ծրագիր ունենալու»,- արդարացավ քաղաքապետը:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս