Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակներում կայացած «Սանդերլենդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո «Թվիթեր»-ում հետաքրքիր երկխոսություն է ծավալվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիի միջև:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ» խաղից հետո, որում իր թիմի կազմում երկրորդ գոլը հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը: Թինա Կանդելակին Թվիթերի իր միկրոբլոգում, տեղադրելով Մխիթարյանի հեղինակած գոլի տեսագրությունը, հայերեն կատարել է հետևյալ գրառումը. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես, բալա»: Հենրիխ Մխիթարյանը Կանդելակիի գրառումն անպատասխան չի թողել. «Շնորհակալ եմ աջակցության համար, սիրելի Թինա Կանդելակի»,- գրել է Մխիթարյանը: Թինա Կանդելակին իր հերթին արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի գրառմանը. «Իմ մայրը ձեզ սիրում է, այնպես որ Թբիլիսիի բոլոր հայերը ձեզ հետ են»: «Շատ շնորհակալ եմ ձեր մայրիկին և Վրաստանում իմ բոլոր երկրպագուներին»,- արձագանքել է Մխիթարյանը:
«Մանչեսթեր Յունայթեդը»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ ուժերը չափել է «Սանդերլենդ»-ի հետ: Երկրորդ խաղակեսի մեկնարկին Հենրիխ Մխիթարյանը անհատական որակների շնորհիվ գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը` կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է 3:0 հաշվով: Գոլերով աչքի են ընկել նաև «Կարմիր սատանաներ»ի հարձակվողներ Զլատան Իբրահիմովիչը և Մարկուս Ռեշֆորդը: