Չնայած խորհրդարանական ընտրություններին ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը չէր մասնակցում, սակայն դա չէր խանգարում Հովսեփյաններին ունենալ իրենց թեկնածուները:
Դեռևս ընտրություններից առաջ բազմիցս գրվեց այն մասին, որ Աղվան Հովսեփյանը թիվ 2 (Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններ) և թիվ 7 ընտրատարածքում (Արագածոտնի մարզ) ունի իր թեկնածուները, որոնց համար ցանկանում էր տեղ ապահովել խորհրդարանում: Սակայն այս անգամ դա նրան անել չհաջողվեց. Հովսեփյանի երկու հովանավորյալներն էլ ձախողվեցին: Խոսքը թիվ երկու ընտրատարածքում առաջադրված Տավրոս Գևորգյանի և թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Ռոլանդ Հայրապետյանի մասին է:
Այժմ խոսենք թվային տվյալներով. թիվ երկու ընտրատարածքում Տավրոս Գևորգյանի ցուցանիշն իր կուսակից-մրցակիցների շրջանում միայն չորրորդն է. նա այս ընտրատարածքում ստացել է 8337 ձայն այն դեպքում, երբ օրինակ Արման Սահակյանը ստացել էր 18,695 ձայն, Արտակ Սարգսյանը՝ 11.996 ձայն, Արթուր Գևորգյանն էլ՝ 10.150 ձայն:
Աղվան Հովսեփյանի մյուս թեկնածուն` Ռոլանդ Հայրապետյանը, գրեթե կրկնակի թվով քիչ ձայներ է հավաքել իր գլխավոր մրցակցից: Թիվ 7 ընտրատարածքում նա ստացել է 7346 ձայն, իսկ Նաիրի Սահակյանը՝ 14.166 ձայն:
Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ կա′մ Աղվան Հովսեփյանի քաղաքական ազդեցությունը մարում է, կա′մ էլ այս անգամ նա վրիպել է՝ ոչ ճիշտ թեկնածուներ ընտրելով ու սխալ քաղաքականություն վարելով: