ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, եվ ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները:

Այս անգամ ԱԺ ընտրություններն առանձնացան իրենց բնույթով. եթե նախկինում ընտրությունները կեղծելիս կիրառվում էին ամենատարբեր մեթոդները, ապա այս անգամ էական դեր խաղացին ընտրակաշառքն ու ադմինիստրատիվ ռեսուրսը: Իշխանությունները նախապես որոշել էին ընտրակաշառքի առավելագույն չափը` յուրաքանչյուր քվեի դիմաց 10 հազար դրամ, եւ գումար բաժանել ցանկացող ուժերին հրահանգված էր` այն չգերազանցել: Գումարները բաժանել էին ընտրությունների նախորդ օրը, կամ այդ օրը՝ առավոտյան, եւ հրահանգված էր` մինչեւ կեսօր ներկայանալ ընտրատեղամաս: Ու ապրիլի 2-ը Հայաստանի ողջ տարածքով մեկ շատ շատերի համար դարձել էր 10 հազարական դրամ աշխատելու օր: Իսկ որպեսզի բաժանված գումարը ծառայեր իր նպատակին, ընտակաշառք ստացած անձանց նկատմամբ տոտալ վերահսկողություն էր սահմանվել. յուրաքանչյուր տեղամասի պատասխանատուն ամենայն մանրամասնությամբ հոգում էր, որպեսզի իր ընտրողները գան տեղամաս ու քվեարկեն, իսկ «կասկածելիներն» ու «անվստահելիները» ցույց տային թերթիկները: Գրեթե բոլոր տեղամասերում շատ էին կուտակումները, համատարած էին բաց քվեարկության դեպքերը: Անգամ ընտրությունների ընթացքը տեսանկարահանելը չխանգարեց իշխանություններին` նման բացահայտ ապօրինությունների դիմելու: Արդյունքում ստացվեց այնպես, որ իշխող ՀՀԿ-ն կայուն մեծամասնություն կազմեց` ստանալով ԱԺ 105 մանդատներից 55-ը:
Նշենք, որ սա միանգամայն բավարար է ՀՀԿ-ին իշխանություն ստանձնելու եւ միայնակ կառավարություն կազմելու համար: Հակառակ դեպքում ԸՕ 97 հոդվածի համաձայն՝ ՀՀԿ-ն ստիպված էր լինելու առավելագույնը երկու կուսակցության հետ կոալիցիա կազմել: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն, չնայած կայուն մեծամասնություն ունենալու հանգամանքին, շարունակելու է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Սա Հանրապետականին հնարավորություն է տալիս ձեւավորել կառավարություն: …Ապագա հինգ տարիների կառավարությունը ձեւավորելու է քաղաքական մեծամասնություն հանդիսացող Հանրապետականը… Ես հակված եմ կարծելու, որ այդ գործընթացին կներառվեն նաեւ Դաշնակցության մեր գործընկերները: Քանի որ նրանք հաղթահարել են հինգտոկոսանոց շեմը, նրանք կունենան խմբակցություն պառլամենտում, իսկ մենք նշել ենք, որ մեր համագործակցությունը ռազմավարական ու երկարաժամկետ է՝ հիմնված ծրագրերի վրա: Մենք կայուն եւ կանխատեսելի քաղաքական ուժ ենք, եւ չեմ կարծում, որ մեր երկու ուժերի համագործակցությանը որեւէ բան սպառնում է»: Ինչ վերաբերում է խորհրդարանական մյուս երկու ուժերին` «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքներին, ապա նրանք լինելու են ընդդիմություն. ի սկզբանե մերժել են ՀՀԿ-ի հետ համագործակցության ցանկացած տարբերակ:
Նկատենք, որ խորհրդարանական այս ընտրություններն առանձնացան նաեւ մասնակցության բարձր ցուցանիշով: Ըստ ԿԸՀ-ի` ընտրություններին մասնակցել էր քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 60 տոկոսը` 1 մլն 577 հազար 323 հոգի: Այս փաստը լուրջ տարակուսանք է հարուցել. 2012թ. ԱԺ ընտրություններում քվեարկել էր 1 մլն 573 հազար 53 հոգի, 2013թ. նախագահական ընտրություններում` 1 մլն 521 հազար 489 հոգի: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ վերջին տարիներին Հայաստանից շարունակվել է արտագաղթը (տարեկան հեռացել է մոտ 40 հազար մարդ), ապա ընտրողների մասնակցության նման ցուցանիշը տարակուսանք է հարուցում:
Նկատենք, որ ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսների օգտագործման եւ, ընդհանրապես, այս ընտրություններում տեղ գտած խախտումներին լայնորեն արձագանքել են միջազգային դիտորդները: Թեեւ նրանք երեկվա ասուլիսների ժամանակ խոսել են ընտրություններում դրական առաջընթացի մասին, բայց եւ շեշտել են ընտրակաշառքի եւ դրա ազդեցության մասին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներից Ինգնասիո Սանչես Ամորը հատուկ շեշտել է ընտրակաշառքի, ճնշումների մասին: «Հավաստիությանն արժանի տեղեկատվություն է ստացվել, որ բաժանվել է ընտրակաշառք, ճնշումներ են իրականացվել քաղծառայողների, ինչպես նաեւ դպրոցներում աշխատողների վրա: Շատ կուսակցությունների օգտին չքվեարկելու ահաբեկումներ են եղել»,- ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդը: Իսկ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին էլ հայտարարել է. «Ընտրություններում կային ե՛ւ դրական, ե՛ւ բացասական տարրեր: Առկա էր քվեարկության գաղտնիության եւ ընտրակաշառքի խնդիրը: Մենք տեսնում ենք, որ այս ընտրությունները բարելավվել են քվեարկության գաղտնիության առումով: Քվեներ անելու խնդիրն, իհարկե, շատ բարձր տեղ է զբաղեցնում մեր օրակարգում»:
Մեկ ուշագրավ փաստ եւս. նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ այս անգամ ձայների հետաքրքիր պատկեր է ստացվել. ՀՀԿ-ն եթե 2012թ. ԱԺ ընտրություններում ստացել էր 664 հազար ձայն, ապա այս անգամ նրանց ստացած քվեներն էականորեն ավելացել էին` 771 հազար: ԲՀԿ-ի, որ նույնն է` «Ծառուկյան» դաշինքի քվեներն այս անգամ նվազել էին` 454 հազարից դառնալով 428 հազար: Ավելացել էին նաեւ ՀՅԴ քվեները` 86 հազարից դառնալով 103 հազար: Այսինքն` որքան մեր կյանքի որակը վատանում է, այնքան իշխող ուժերի ձայները տարօրինակ կերպով ավելանում են:
Հ. Գ. Խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերը երեկ, ըստ էության, ընդունել են արձանագրված արդյունքները: Ինչ վերաբերում է ընտրությունների բողոքարկմանը, ապա մյուս ուժերը այս հարցով դեռեւս վերջնական որոշման չեն հանգել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՔՑԵ՞Լ Է
Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իր կողմից առաջադրված թեկնածուների դիտորդների, վստահված անձանց խոստացած գումարները դեռ չի տվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին խմբագրություն զանգահարած այն քաղաքացիները, որոնք մարզերի տարբեր ընտրատեղամասերում հանդես են եկել որպես ՀՎԿ վստահված անձ կամ դիտորդ: Ավելին՝ նրանից շատերը փորձել են կապ հաստատել գումար խոստացողների հետ, սակայն նրանց հեռախոսահամարները խորհրդարանական ընտրությունների հաջորդ ողջ օրվա ընթացքում անջատված են եղել: Տեղեկանալու համար, թե ինչու են կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները «քցել» քաղաքացիներին, «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանի հետ: Սակայն վերջինս անմիջապես հայտարարեց, թե նման բան չկա:

 

 

ՌԻՏԱՅԻ ԽԱԹԵՐ
ՀՀԿ ցուցակով պատգամավորական մանդատ ստացողների թվում կլինի նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, որն իշխող կուսակցության համամասնական ցուցակի 24-րդ հորիզոնականում էր: Նկատենք, որ Ջ. Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ընկերուհին է եւ ՀՀԿ ընտրացուցակի անցողիկ տեղում հայտնվել ու հիմա էլ պատգամավորական մանդատ է ստանում հենց առաջին տիկնոջ շնորհիվ: Անհայտ է մնալու սոցապ փոխնախարարի անունը:

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՎԵԼԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ու իր տիկնոջ՝ Նատալիա Նալբանդյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել են: Այսպես՝ ԱԳ նախարարի դրամական միջոցները, ըստ իր պաշտոնական հայտարարագրի, կազմել են 12 մլն 140 հազար դրամ, մինչդեռ 2015 թվականին այն կազմել է 9 մլն 620 հազար եւ 66 հազար 800 եվրո, որը 2015 թվականին կազմել է 63 հազար 300 եվրո: Նախարարը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 873 հազար դրամ: Իսկ նրա տիկինը՝ Նատալիա Նալբանդյանը, եկամուտ չի հայտարարագրել, բայց ունի ընդամենը 22 հազար 100 եվրո:

 

 

250 ՀԱԶԱՐԻ ՏՈՒԳԱՆՔ
ՀՀ ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի պետ Պերճ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռ է կայացվել: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Պերճ Խաչատրյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օգնել էր Այգեշատ գյուղի բնակիչ, զորակոչային տարիքի զինապարտ Յուրի Դավթյանին լքել երկիրը` նպաստելով, որ նա խուսափի պարտադիր ժամկետային զինծառայությունից: Պերճ Խաչատրյանը հայտնվել էր ամբաստանյալի աթոռին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մարտի 23-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը հրապարակել է այս գործով վճիռը, ըստ որի՝ Խաչատրյանը դատապարտվել է տուգանքի` 250 հազար դրամի չափով:

 

 
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ՞
«Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա: Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որեւէ ազդեցիկ քաղաքական ուժ, որը դուրս մնացած լիներ ընտրապայքարից: Դա եւս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է ճիշտ ճանապարհով»,- երեկ տարածած հայտարարությունում ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով. «Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է»:

 

 

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր եւ իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն: Այս ընտրություններով Հայաստանը եւս մեկ մեծ հետքայլ արձանագրեց», -ասված է ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ ՕՐՕ դաշինքի հայտարարությունում: Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում են, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում հասարակության իրական տրամադրությունները. «Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած եւ տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը: Կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձեւավորված ո՛չ լեգիտիմ իշխանություն, է՛լ ավելի խորացավ քաղաքական մենաշնորհը, ավելի են սրվելու երկրում առկա խնդիրները, ավելի է խորանալու անհուսությունն ու անարդարության զգացումը, ավելի է մեծանալու արտագաղթը եւ լրջորեն վտանգվելու է մեր երկրի անվտանգությունը»:

 

 

ԱՆԵԼՈՒ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ
«Այսօր մենք ստացել ենք մեր 400 հազարից ավելի հայրենակիցների վստահության քվեն ու աջակցությունը: Հավատացեք, որ մենք շատ բարձր ենք գնահատում ստացած յուրաքանչյուր ձայն, որը մեզ պարտավորեցնում է մեր լիազորությունների չափով անել հնարավոր ամեն բան՝ մեր երկիրն առաջ տանելու եւ զարգացնելու համար: Մենք քաջ գիտակցում ենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերների լրջությունը եւ մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք հնարավոր ամեն բան՝ դրանք լուծելու համար»,- ասված է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գ. Ծառուկյանի տարածած հետընտրական հայտարարությունում:

 

 

ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑԸ
«Մոսկվան մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտիվ մասնակիցը»»,- այս մասին գրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսալեզու «Նովոյե վրեմյա» հայաստանյան թերթում հրապարակած հոդվածում, որը նվիրված է ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Լավրովը նշել է, որ հակամարտող կողմերի հետ համաձայնեցված է հարցերի գերակշիռ մասը՝ բացառությամբ մի քանի լուրջ կետերի: Միաժամանակ նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքից եւ փոխզիջումների գնալու նրանց պատրաստակամությունից:




Լրահոս