Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տների առքուվաճառքի գործարքները նվազել են: Ըստ մասնագետների՝ դա պայմանավորված է հանրապետությունում առկա տնտեսական իրավիճակով:
Բացի այս՝ անշարժ գույքի շուկայի մասնագետները համոզված են, որ բազմաթիվ նորաստեղծ ընտանիքներ ցանկանում են հիպոթեքային վարկերով բնակարան ձեռք բերել, սակայն բանկերի կողմից առաջարկված բարձր տոկոսադրույքների պատճառով չեն կարողանում: Իսկ կանխիկ տարբերակով գործարք անող հաճախորդները շատ քիչ են:
Այնուամենայնիվ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա փետրվարին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 12247 գործարք, որոնցից ամենաշատը գրանցվել է մայրաքաղաք Երեւանում՝ 39.7 տոկոս: Իսկ ահա 10.4 տոկոսը՝ Կոտայքի, 7.9 տոկոսը՝ Գեղարքունիքի, 7.1 տոկոսը՝ Արմավիրի մարզերում: «Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից տեղեկացավ նաեւ, որ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից վաճառքը կազմել է 25.8 տոկոս, այլ պետական գրանցումները՝ 29 տոկոս:
Պաշտոնապես այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում բնակարանների վաճառքը 3.4 տոկոսով նվազել է: Իսկ ահա բնակարանների, տների գրավադրումը այս տարվա փետրվարին կազմել է 13.1 տոկոս՝ ավելանալով 1.9 տոկոսով: Այսինքն՝ անցած տարվա փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից գրավադրումը կազմել է 11.2 տոկոս: Հետաքրքիր է նաեւ, որ բնակարանների, տների վարձակալությունը նույնպես նվազել է: Այսպես, եթե այս տարվա փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից վարձակալությունը կազմել է 4.4 տոկոս, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 5.2 տոկոս:
Այն կարծիքը, թե տների, բնակարանների գների բարձրացում չի նկատվում, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում: Որքան էլ անշարժ գույքի շուկայի մասնագետները պնդեն, թե անցած տարվա համեմատությամբ հանրապետությունում տների գները չեն բարձրացել, սակայն իրականում այս շուկայում նույնպես գնաճ կա: Թեկուզ չնչին, բայց այն առկա է: Ի դեպ, այս օրերին մասնավորապես բարձրացել են վարձակալությամբ տրվող տների գները: Դա պայմանավորված է Նովրուզի տոների կապակցությամբ Իրանից մեծ թվով զբոսաշրջիկների ներհոսքով Հայաստան, որտեղ նրանք իրենց մի քանի օրվա հանգիստը անցկացնելու համար վարձակալում են բնակարաններ:
Նկատենք, որ մայրաքաղաք Երեւանի վարչական շրջաններում բնակարանների 1քմ-ի շուկայական գները բարձրացել են: Սակայն դրանց գները բարձրացել են այս տարվա հունվարին, իսկ փետրվարին չնչին նվազել են: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի գինը այս տարվա հունվարին կազմել է 281 հազար դրամ, իսկ փետրվարին այն նվազել է եւ դարձել 280 հազար 500 դրամ: Դավթաշենում նույն ժամանակահատվածում բնակարանների 1 քմ-ի գինը նվազել է 300 դրամով՝ 277 հազար 300-ից դառնալով 277 հազար դրամ: Նոր Նորքում, Շենգավիթում, Էրեբունիում նույնպես բնակարանների գների էժանացում է արձանագրել ԱՎԾ-ն՝ 200 դրամի չափով: Իսկ ահա Կենտրոն, Արաբկիր, Ավան, Մալաթիա-Սեբաստիա եւ Նուբարաշեն վարչական շրջաններում բնակարանների 1 քմ-ի գների մակարդակը պահպանվել է: Բայց չնայած դրան՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված վարչական շրջանների բնակարանների գները բարձրացել են:
Բնակարանների, տների գների մասով նույն պատկերն է արձանագրվել նաեւ ՀՀ մարզերում: Այսինքն՝ այս տարվա հունվարին դրանց գները, անցած տարվա փետրվարի համեմատ, բարձրացել են, իսկ այս տարվա փետրվարին էժանացել են: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում անցած տարվա փետրվարին բնակելի տան 1 քմ-ի շուկայական արժեքը կազմել է 136 հազար 200 դրամ, այս տարվա հունվարին՝ 136 հազար 250 դրամ, փետրվարին՝ 136 հազար 150 դրամ: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակելի տան 1 քմ-ի շուկայական արժեքը այս տարվա փետրվարին կազմել է 100 հազար 100 դրամ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 153 հազար 150 դրամ:
Իսկ ընդհանուր առմամբ անշարժ գույքի շուկայի ամենամեծ խնդիրը գնորդների բացակայությունն է, հատկապես՝ մարզերում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՓՈՂԸ ՉԵՆ ՏՎԵԼ
Նոյեմբերյանի ջուրօգտագործողների ընկերության աշխատողները ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Մարտի 18-ին՝ Նոյեմբերյանում Կարեն Կարապետյանի նախընտրական հանդիպման ժամանակ, Նոյեմբերյանի ՋՕԸ-ի ջուր բաշխող Սաշիկ Զալինյանը հայտնեց, որ ինքը 7 տարի աշխատում է այդ հիմնարկությունում, որտեղ նախորդ տարիներից աշխատավարձի մեծ պարտքեր կան: Վարչապետն ասաց. «Ջուր օգտագործողների ընկերությունը մի շատ հետաքրքիր բիզնես է, որտեղ լիքը հանելուկներ կան»: Նրա խոսքերով՝ ՋՕԸ-ները մի քանի տարի առաջ ջրամատակարարումը կատարել են որոշակի հողատարածքների հաշվով, ամեն տարի ջրամատակարարումը ավելացել է, սակայն ոռոգվող հողատարածքների չափը տարիների ընթացքում նվազել է: Կ. Կարապետյանն ընդգծեց, որ ինքը այդ հարցում ջուր բաշխողին չի մեղադրում: Ըստ վարչապետի՝ այդ ոլորտում բարեփոխում է արվում. հանրապետության 37 ՋՕԸ-ը միավորվելով՝ դառնում են 15, գույքագրում է արվելու, ճշտվելու են ոռոգվող հողատարածքների չափերը: Կարապետյանի գնահատմամբ՝ ՋՕԸ-ի աշխատողները աշխատավարձ չեն ստանում իրենց գործընկերների վատ աշխատանքի պատճառով, մատակարարված ջրի դիմաց գումարներ մուտք չեն գործել հիմնարկ, որպեսզի աշխատողներն աշխատավարձ ստանան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մատակարարված ոռոգման ջրի դիմաց Նոյեմբերյանի ՋՕԸ-ին մեծ պարտք ունեցողների մեջ կան Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտոնատար անձինք: Նրանք Դեբեդի հովտում այգիներ ունեն, որոնք ոռոգել են մատակարարված ջրով, սակայն ոռոգման ջրի գումարները չեն մուծել:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԶՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ
Սանկտ Պետերբուրգի մետրոյում հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տեղի ունեցածի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Այս մասին հայտնել է քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը: Պայթյունի հետեւանքով առնվազն 20 մարդ մահացել է: Մոտ 50 մարդ վիրավորվել է: Վիրավորների թվում կան երեխաներ: Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկա պահին ուսումնասիրվում է կատարվածի մի քանի վարկած, այդ թվում՝ ահաբեկչություն:
Հատկանշական է, որ պայթյունը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը գտնվում էր Սանկտ Պետերբուրգում:
Հայաստանի ԱԳ նախարարությունը ճշտում է Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետեւանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների եւ ազգությամբ հայերի առկայությունը:
«Կան տուժածներ եւ զոհեր: Բացի այդ, փրկարարներն ու հրշեջ ծառայության աշխատակիցները կանչվել են «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարան: Գնացքների երթեւեկությունը դադարեցվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:
ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔ ՉԵՆ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ
2016 թվականի սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածը: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի բնակիչները Վանաձոր հասնելու համար ստիպված են երկար, վտանգավոր ճանապարհ անցնել, Վանաձոր մեկնել Օձունով, Ստեփանավանով:
Նախկինում, երբ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհը երթեւեկի համար բաց էր, Նոյեմբերյան-Վանաձոր ավտոբուսի տոմսի գինը 900 դրամ էր, իսկ միկրոավտոբուսինը՝ 1000: Այդ ճանապարհի համեմատ Նոյեմբերյան-Ալավերդի-Օձուն-Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը մոտ 30 կմ ավելի երկար է: Այդ պատճառով նշված երթուղու ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեվարձն ավելի թանկ է՝ 1200 դրամ: Օձունի կտրուկ, բարձրադիր ոլորանները խիստ վտանգավոր են երթեւեկի համար, հատկապես ձմռան ամիսներին: Այդ ոլորաններից գլորվելու դեպքում տրանսպորտային միջոցների վարորդները եւ ուղեւորները փրկվելու քիչ հնարավորություններ ունեն: Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհի հիմնանորոգումը կատարվելու է հատված առ հատված, այն կշարունակվի մինչեւ 2020 թվականը: Այս պայմաններում արդյունավետ կլիներ Այրում-Վանաձոր էլեկտրագնացքի գործարկումը:
Հայաստանի երկաթուղային դարպաս հանդիսացող Այրում կայարանը ներկայումս թերբեռնված է աշխատում, այն գործում է իր հնարավորությունների 15 տոկոսով: Էլեկտրագնացքի գործարկումը թույլ կտար Նոյեմբերյանի, Ալավերդու տարածաշրջանների ուղեւորներին ավելի անվտանգ, էժան եւ արագ տեղափոխել Հայաստանի 3-րդ քաղաք եւ հակառակ ուղղությամբ: էլեկտրագնացքի ուղերթների օրերի, ժամերի մասին բնակչության պատշաճ իրազեկման դեպքում այն բավարար չափով ուղեւորներ կունենա եւ կաշխատի շահույթով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Ապրիլի 4-6-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-7-ն աստճանաբար կբարձրանա 5-6, արեւելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով: Երեւանում ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: